Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը և յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան


Առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը և յուրովի մեկնաբանություն կատարում. Շահան Գանտահարյան
Հունիս 24 22:35 2019

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վաշինգտոնյան վերջին հանդիպումից հետո ասել էր, որ «համանախագահներն առաջարկել են դուրս բերել զորքերը և խաղաղապահներ տեղակայել, սակայն այդ ուղղությամբ հարկավոր է աշխատել»:

«Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով հայտարարությունը՝ Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն ասաց. «Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը եւ զերծմնալու որեւե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից և շփման գծի ու միջազգային սահմանին տարվող ինժիներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է, որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։

Երկրորդ, առաջին անգամը չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը և յուրովի մեկնաբանություն կատարում։

Մամեդյարովը, իբրև թե բացելով փակագծերը, ուզում է տպավորություն թողել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել, և միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։

Ադրբեջանի արտգործնախարարը առավել ևս ծխածակույթ է ստեղծում, երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին՝ դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով. նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։



loading...