Մամեդյարովը մանրամասներ է ներկայացրել ԱԳՆ-ների հանդիպումից


Մամեդյարովը մանրամասներ է ներկայացրել ԱԳՆ-ների հանդիպումից
Հունիս 24 22:11 2019

Վաշինգտոնյան հանդիպման դրական գործոնն այն էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պաշտոնական ձևաչափով կրկին ներկայացրին քննարկման համար փաստաթղթերը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: Այս մասին հաղորդում է 1news.az լրատվական կայքը: 

Նա նշել է, որ հանդիպման ժամանակ բարձրացվել է շփման գծում կայունություն ապահովելու հարցը: «Իմ փաստարկն այն էր, որ լուրջ բանակցություններ են վարվել նաև այն շրջանում, երբ զինված ուժերի շփման գծում հանգիստ չէր»,- ասել է Մամեդյարովը:

Նախարարը նշել է, որ աշխատանք է տարվում համանախագահների՝ մարտի 9-ի հայտարարության հիման վրա, և որ վերջիններս 2-3 ամսից հաջորդ հանդիպման համար ամսաթիվ կառաջարկեն:

«Հայկական կողմն ամեն անգամ բարձրացնում է կարգավիճակի ու անվտանգության հարցը: Կարգավիճակի հարցը հայտնի է, իսկ ինչ վերաբերում է անվտանգությանը, այնտեղ կարող են միջազգային խաղաղապահ ուժեր լինել: Համանախագահները խոստովանում են, որ պետք է աշխատել այն ուղղությամբ»,- եզրափակել է պաշտոնյան: