Լևոն Յոլյանը վստահեցրեց՝ ինքն ու իր ընտանիքը բիզնեսներ չունեն


Լևոն Յոլյանը վստահեցրեց՝ ինքն ու իր ընտանիքը բիզնեսներ չունեն
Հունիս 24 18:30 2019

Խորհրդարանում Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը խորհրդարանում եզրափակիչ ելույթ ունեցավ՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արման Բաբաջանյանի ելույթին։ Հիշեցնենք՝ վերջինս, դիմելով Յոլյանին, ասաց․ «Ձեզ կոչ եմ անում ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել»։ Իր խոսում Լևոն Յոլյանը, անդրադառնալով Արման Բաբաջանյանի ելույթին, ասաց․ «Ելույթը պարունակում էր խեղաթյուրված փաստեր, որոնց միջոցով փորձ կատարեց ստվեր նետել Հաշվեքննիչ պալատի և իմ համբավի վրա: Թե պատճառը ո՞րն է, ո՞ւմ պատվերով՝ այս պահին դժվար է ասել»։ Լևոն Յոլյանն ասաց՝ Արման Բաբաջանյանի ելույթը պարունակում էր ստեր և զրպարտության տարրեր։ Յոլյանը պնդեց՝ ինքը և իր հետ փոխկապակցված անձինք բիզնեսով չեն զբաղվում, ինչպես Բաբաջանյանն էր հայտարարել։ «Այն երկու կազմակերպությունները, որոնց մի մասը պատկանում էին ինձ եւ ընտանիքիս, չդիմացան մրցակցային պայմաններին, եւ 4-5 տարի է՝ չեն գործում», - ասաց Յոլյանը։ Հիշեցնենք՝ Արման Բաբաջանյանը իր ելույթում նշել էր՝ Յոլյանի կնոջ անունով գրանցված ընկերությունը տարիներ առաջ Գեղարքունիքում պատրաստվում էր ոսկու արդյունահանում սկսել: Յոլյանը նշեց՝ իրականում իր բարեկամն այդ ոլորտի հետ կապված՝ ընդամենն ունեցել է ուսումնասիրություն կատարելու իրավունք։ «Իրավունքը ունեցվածք չէ, այլ պարտավորություն՝ ներդրում անելու եւ ընդերքի վիճակն ուսումնասիրելու, այն պետությանը ներկայացնելու: Դրական արդյունքի դեպքում միայն հնարավոր է շահագործման իրավունք ստանալ, եւ այլ կազմակերպություններ եւս կարող են ստանալ: Ես եւ մտերիմներս շահագործման իրավունք չենք ունեցել»: