Միամիտ չեմ. Ու՞մ է տեսնում ՍԱՊԾ պետը վարչապետի պաշտոնում. Հ. Սահակյանի կյանքը մեկ օրում


Միամիտ չեմ. Ու՞մ է տեսնում ՍԱՊԾ պետը վարչապետի պաշտոնում. Հ. Սահակյանի կյանքը մեկ օրում
Հունվար 30 07:25 2018

Օրենսդիր գործունեությունից՝ գործադիր դաշտ: Ի՞նչ է փոխվել Հովհաննես Սահակյանի կյանքում նոր աշխատանքի անցնելուց հետո: Հովհանես Սահակյանը Armday.am-ի՝ Կյանքը մեկ օրում նախագծի շրջանակներում խոսել է կատարած աշխատանքների, պատասխանել հայաստանյան ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցերի: Նախագծի շրջանակներում Սահակյանի հետ զրուցել ենք նաեւ անձնական որոշ հարցերի վերաբերյալ:

-Պարոն Սահակյան տեւական ժամանակ է նշանակվել եք Սոցիալական ապահովության պետական ծառայության պետ: Ի՞նչ եք հասցրել անել այս ընթացքում, եւ ինչ խնդիրներ եք տեսնում առաջիկայի համար:


Նախ նշեմ, որ երբ դրսից ես նայում Ծառայությանը՝ հասարակության մեջ ընդունված է ասել «կենսաթոշակային հիմնադրամին», չի երեւում այն ծանրությունը, խնդիրներն ու բեռը, որ դրված է մեր ուսերին: Մեր կառույցը ամբողջ պետական բյուջեր 1/3 մասի տնօրինողն է և ես որոշակի թվեր ասեմ, որպեսզի հասկանալի լինի, թե մենք ինչպիսի ծավալուն աշխատանքի հետ գործ ունենք:
Մեր կառույցը բաղկացած է կենտրոնական ապարատից և 51 տարածքային բաժիններից, որոնք տեղակայված են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ 41 ՏԲ մարզերում է, 10 ՏԲ Երեւան քաղաքում:

2017 թվականի հունվարից - դեկտեմբեր ամիսների ընկած ժամանակահատվածում Ծառայությունում դիմումների թիվը եղել է 282 հազար, որոնցից 170 հազար վարչական ակտ են կայացրել մեր տարածքային ստորաբաժանումների աշխատակիցները, այսինքն մենք եթե նույնիսկ դիմումների թվով հաշվենք թե տարեկան 282 հազար մարդ մտել տարածքային կառույցներ եւ դուրս են եկել, ապա ակնհայտ է թե ինչ ծավալով աշխատանք ենք կատարում: Բացի այդ Ծառայությունը կարգավորում է կենսաթոշակների, նպաստների վճարումն եւ իրականացնում մի շարք այլ գործառույթներ:

-Խոսենք նաեւ առկա խնդիրների մասին:

Մենք ունենք գերակա խնդիրներ և ունենք բարեփոխման խնդիր, որը վերաբերում է թե՛ մեր աշխատակիցներին, թե՛ ներկայիս աշխատելաոճին, թե մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը:
Նշանակման առաջին իսկ օրից հանդիպել եմ մեր բոլոր աշխատակիցների հետ, շրջել եմ 51 տարածքային բաժիններով, ներկայացրել եմ մեր սկզբունքներն ու մոտեցումները, հորդորել եմ բոլորին, որպեսզի լինեն առավել սիրալիր և սրտացավ մեր շահառուների, մեր տատիկ- պապիկների հետ:
Աշխատակիցներին ներկայացրել եմ, որ կարող են լինել օբյետկտիվ և սուբյեկտիվ դժգոհություններ մեր տատիկ-պապիկների կողմից, եւ մենք պետք է համբերատար լսենք եւ պատասխանենք նրանց բոլոր հարցրերին եւ տանք որաշակի լուծումներ:

 

-Պարոն Սահակյան ոլորտը զերծ չէ նաեւ կոռուպցիոն ռիսկերից: Մենք բազմաթիվ նմանատիպ դեպքերի ենք ականատես եղել: Անգամ ձերբակալություն տեղի ունեցավ: Հնարավոր եղել է այդ ամենը մինիմալի հասցնել:
Մենք այս 4-5 ամիսների ընթացքում փորձեցինք վերլուծել, հասկանալ խնդիրներն ու տալ որոշակի գնահատականներ:
Բազմակողմանի քննարկումների ընթացքում փորձել ենք ի մի բերել խնդիրներն ու տեսանելի գծել դրանք, որպեսզի կարողանանք հետագա աշխատանքները կազմակերպենք անթերի՝ նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերը և բարձրացնելով մատուցվող ծառայությունների որակը: Առաջիկայում Ծառայության կողմից գործարկվելու է երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի, խնամքի նպաստի և թաղման նպաստի առցանց եղանակով ծառայությունների մատուցումը, որն իականացվելու է ՔԿԱԳ մարմիններից ստացվող համապատասխան տեղեկատվության հիման վրա՝ ներդրված տեղեկատվական համակարգերի միջոցով: Այդ նույն համակարգը գործում է նաև առաջին եւ երկրորդ երեխաների միանվագ նպաստի դիմումն առցանց տարբերակով լրացնելու դեպքում: 

Բավականին լուրջ խնդիր ունենք իրազեկման մեջ, որորովհետեւ մեր քաղաքացիները շատ ժամանակ չգիտեն իրենց իրավունքները և պարտականությունները, և այդ չիմացությունը բերում է որոշակի խնդիրների: Ուժային ամբողջ կառույցները կենսաթոշակի վճարումները իրականացվելու է մեր ծառայության կողմից: Այն կբերի համակարգի ամբողջացման, եւ առկա ռիսկերը կնվազեն: Համակարգը բավականին մեծ է եւ անդհատ բարելավելու խնդիրը կա:

-Դուք նաեւ քաղաքական թիմի անդամ եք, երկրում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ: ՀՀԿ-ի նախագահի թեկնածուն հայտնի է՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն է: Ընտրությունն արդյո՞ք ճիշտ է կատարված, եւ ինչու՞ ՀՀԿ-ն նախագահի թեկնածու ընտրելու համար հասավ Լոնդոն:

Ես այդ մոտեցումը չեմ կիսում, ինչու հասավ մինչեւ Լոնդոն, կամ հասավ մինչեւ Մոսկվա:


-Մոսկվա ասելով Կարեն Կարապետյանին նկատի ունե՞ք:

Ուղղակի օրինակ բերեցի: Գնահատում եմ Ձեր հումորը: Ասեմ հետեւյալը, նոր սահմանադրությամբ, երկիրը անցում է կատարում խորհրդարանական կառավարման ձեւի, երկրի նախագահի պաշտոնն ավելի ներկայացուցչական բնույթ է կրում և ես նաեւ հակված եմ մեկ այլ տեսանկյունից նայել, որ ամեն դեպքում այն լիազորությունները, որ ունի այսօրվա նախագահը չի ունենալու հաջորդը: Նախագահը ներկայացնելու է երկիրը, պետության շահերը, ով և պետք է լինի թրծված, որոշակի չափանիշներին համապատասխանող, որովհետեւ մենք ինչքան էլ խորհրդարանական կառավարման ձեւի անցնենք, սակայն, մենք չպետք է մոռանանք, որ մենք պատերազմող երկիր ենք:
Ինչու՞ հասանք Լոնդոն, այդ հարցին մեր կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը կարծես թե սպառիչ պատասխան է տվել լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Կարծում եմ ընտրությունը ճիշտ է կատարված և ԱԺ-ում ընտրությունից հետո մենք կունենանք Արմեն Սարգսյան նախագահ, ով կներկայացնի մեր երկիրը:

-Ապագա վարչապետի մասով եւս խոսակցություններ կան, քննարկումներ: Սերժ Սարգսյան, Կարեն Կարապետյան, ինտրինգը այս երկու անձանց շրջանում է: Դուք ինքներդ ավելի շատ ում ե՞ք հակված տեսնել վարչապետի պաշտոնում:

Հետեւելով վերջին շրջանում մամուլում տարբեր ձեւակերպումներին, եւ լրագրողների տարբեր հարցադրումներին, ովքեր անըդհատ փորձում են մեր քաղաքական թիմի անդամներին եւ հրապարակային խոսք ասողներին բերել այնպիսի դաշտ, որպեսզի նրանք ասեն անուն, կամ ասեն թե ում են պաշտպանում:
Որպես պարտաճանաչ կուսակցական մենք իհարկե չենք կարող որեւէ անուն տալ, որովհետեւ դեռեւս ԳՄ-ում չի՛ քննարկվել, քաղաքական խորհուրդը չի՛ քննարկել եւ որոշում չի կայացվել:
Ինձ համար մեր երկրի հաջորդ վարչապետը նա է, ով դե ֆակտո եւ դե յուրե ներկայացնելու է մի ամբողջ երկիրը,ով կրելու ամբողջ ծանրությունն ու պատասխանատվությունը՝ իր ձեռքը վերցնելով երկրի ղեկավարման կուրսը և ապահովել մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը:
Բազմիցս իմ տված հարցազրույցներում նշել եմ, որ վարչապետը նա է լինելու, ով կարող կլինի՝ ինչպես հիմա ենք տեսնում նստել բանակցային սեղանի շուրջ գերտերությունների ղեկավարների հետ և պաշտպանել իր երկրի շահերը:

- Ինչպիսին է Սահակյան քաղաքական գործիչը, տանը, աշխատավայրում ու ընկերական միջավայրում:

Եթե փորձեմ զուգահեռներ անցկացնել խորհրդարանի աշխատանքների եւ Ծառայության աշխատանքների միջև կարելի է ասել որ դրանք 180 աստիճանով փոխվում են, քանի որ խորհրդարանում դու բոլորովին այլ չափանիշներ ունես, իսկ գործադիրը թելադրում է այլ խաղի կանոններ, դու պետք է հստակ որոշումներ կայացնես՝ քննարկելով ծառացած խնդիրներն ու դրանց տալով համապատասխան լուծումներ, ինչպես նաև կյանքի կոչել առաջացած գաղափարներն առողջ քննարկումների և թիմակիցներիդ միջոցով: Կարելի է ասել, որ Ծառայության պետի աշխատանքը բավականին ծանր է, եւ ավելի հագեցած: Այստեղ երբեմն քո ներքինի հետ պայքարելով այնպիսի որոշումներ պետք է կայացնես, որը կարող է ցավոտ լինել ոմանց համար, բայց դա չես անում քո շահերի համար, այլ անում ես երկրի, պետության և այն կառույցի, որը ղեկավարում ես:

Տանը... ունեմ երկու զավակ՝ դուստր եւ որդի: Շատ դեպքերում երեխաներիս հետ ես ավելի մեղմ եմ վարվում քան թե կինս (Ժպտում է):
Տանը ցանկացած ոք, ինչպես նաև ես փոխվում է 180 աստիճանով: Աշխատանքային ծանր ու լարված օրվանից հետո տանն ավելի հանգիստ եմ լինում, լիցքաթափված, սակայն խիստ պահանջկոտ ու հետեւողական զավակներիս կրթության հարցում:
Հանգստյան օրերին ինձ հաճախ կարելի է տեսնել քաղաքի տարբեր վայրերում երեխաներիս հետ զբոսնելիս:

-Պարոն Սահակյան ծնունդով լոռեցի եք, Ձեզ միամիտ մարդ համարում ե՞ք:
Ես կարող եմ պարզ, շիտակ լինել, բայց միամիտ չէ: Միամիտ հիմնականում փորձում են լոռեցիներին վերագրել (Հովհաննես Սահակյանը Սպիտակ քաղաքից է):

Իմ ընկերների և իմ շրջապատի հետ ես միշտ շատ պարզ ու անկեղծ եմ և դուք էլ , որպես լրագրող կարող եք դա փաստել՝ երբ, որ եղել է լրագրողների կողմից տրված այնպիսի հարց, որին չեմ ցանկացել պատասխանել, ասել եմ կամ չեմ պատասխանում, կամ հետո կանդրադառնանք, հետեւաբար պարզությունը միամտության հետ երբեմն խառնելը ճիշտ չէ:


Մտքերը շարունակելով…

Իմ կյանքը…

Իմ կյանքը բազմագույն է, խայտաբղետ է, եւ հետաքրքիր:

Մի օր ես…

Մի օր ես տեսնելու եմ այն, ինչի մասին երազել եմ եւ միշտ մտածել եմ, որ կտեսնեմ:
Կյանքը մեկ օրում…

Հասցնել ամեն ինչ:

Տարիների ընթացքում..

Թրծվում ես, այն միամիտ ասաց հարցադրումը էլի ավելի պարզ աչքերով ես նայում, երբ ավելի բարդ է թվում ամեն ինչ:

Իմ օրերի մեջ…
Յուրաքանչյուր օրերի մեջ կա հսկայական տարբերություն:

 

Փայլակ Ֆահրադյան

Տաթեւ Այվազյան

Armday.am



loading...