Իրավիճակը սրվում է


Իրավիճակը սրվում է
Հունվար 12 00:32 2023

Լրանում է մեկ ամիսը, ինչը Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արգելափակված է։

 

 

Որ ճանապարհի փակումն ամենևին էլ բնապահպանական չէր, վկայում է նաև այն, որ ճանապարհը չբացվեց անգամ այն բանից հետո, երբ Արցախի կառավարությունը, չնայած դրա կարևոր սոցիալական ու տնտեսական նշանակությանը, պատրաստակամություն հայտնեց դադարեցնել Կաշենի հանքի շահագործումը և միջազգային մոնիտորինգի խումբ ընդունել՝ էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար։

 

«Արցախի Հանրապետության կառավարությունը մեկ անգամ ևս վերահաստատում է, որ Արցախում հանքարդյունաբերությունն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներով, որին համապատասխանեցված են նաև ոլորտի օրենսդրությամբ սահմանված կարգավորումները: Սակայն հաշվի առնելով հարևան երկրի «էկոակտիվիստների» ստեղծած անառողջ միջավայրն ու միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերը, որոշում է կայացվել դիմել միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար:

 

 

Կառավարությունը, ընկերության ղեկավարության հետ նաև պատրաստակամություն է հայտնում ժամանակավորապես դադարեցնել հանքավայրի շահագործումը»,- այս հայտարարությունն Արցախի կառավարությունն արել է անցած տարվա դեկտեմբերի 29-ին։

 

 

 

Դրանից հետո շուրջ 2 շաբաթ է անցել, բայց էկոլոգիական պահանջներով Լաչինի միջանցքում հայտնված ադրբեջանցի, այսպես կոչված՝ էկոակտիվիստները շարունակում են փակ պահել Արցախը Հայաստանին կապող ճանապարհը։ Մինչև հիմա միջազգային կառույցների ու տարբեր երկրների կողմից հնչեցվող հայտարարություններն ու կոչերը որևէ արդյունք չեն տալիս, իսկ դրանց կոնկրետ գործողություններ այդպես էլ չեն հետևում։ Արդյունքում՝ Արցախի 120 հազար բնակչությունը շուրջ 1 ամիս կտրված է արտաքին աշխարհից։

 

Դատարկ են խանութներն ու սպառողական ապրանքների շուկաները։ Մարդիկ զրկված են իրենց կարիքները հոգալու տարրական հնարավորություններից։ Սպառվել կամ սպառվելուն մոտ են առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ։

 

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ Արցախի կառավարությունը որոշեց բնակչության առաջնային կարիքների ապահովման համար պետական պահուստային պաշարներից իրականացնել որոշ ապրանքատեսակների մատակարարումներ։ Բայց հասկանալի է, որ պահուստային ֆոնդի հնարավորություններն էլ անսահման չեն և շուտով կարող են սպառվել, եթե համալրում չլինի։

 

Վիճակն Արցախում օրեցօր սրվում է, իսկ ճանապարհը բացվելու հեռանկարները չեն երևում։

 

Միջազգային հանրությունը 120 հազար մարդու ապրելու իրավունքը ստորադասում է իր կամ ուրիշների շահերին։ Հակված չէ պատասխանատվության ենթարկել ու պատժամիջոցներ կիրառել այս անմարդկային քայլի հեղինակներին՝ ի դեմս Ադրբեջանի իշխանությունների։

 

Միջազգային հանրության ու բնապահպանական կազմակերպությունների կողմից անարձագանք մնաց նաև Արցախի կառավարության հայտարարությունը, որով վերջինս պատրաստակամություն էր հայտնել ժամանակավորապես դադարեցնել Կաշենի հանքի շահագործումն ու ընդունել միջազգային մոնիտորինգային խմբին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Եվ սա՝ այն պարագայում, երբ Ադրբեջանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանն ու ճանապարհի փակումը հիմնավորել էկոլոգիական «մտահոգություններով»։

 

Միջազգային փորձաքննությունը կտար բոլոր հարցերի պատասխանը, եթե, իհարկե, այս ամենը կապված լիներ բուն էկոլոգիական խնդիրների հետ։

 

Բայց, ինչպես տեսնում ենք՝ այդ առաջարկը մնաց օդում կախված։ Չարձագանքեցին ոչ միայն ադրբեջանցի «էկոլոգները», այլև միջազգային հանրությունը։

 

Սա մեկ անգամ ևս վկայեց, որ նպատակները բոլորովին էլ բնապահպանական չեն։ Դա ընդամենը պատրվակ էր այլ խնդիրներ լուծելու համար։

 

Միջազգային հանրության արձագանքներն այս ամենին ընդամենն ամորֆ հայտարարություններ են, որոնք բոլորովին համահունչ չեն այն իրավիճակին, որը ստեղծվել է Արցախում։

 

Հայաստանի իշխանությունների քայլերը ևս շատ չեն տարբերվում միջազգային կառույցների գործողություններից։

 

Հայտարարություններն ու կոչերը, որոնք երբեմն-երբեմն արվում են Արցախի շրջափակման վերաբերյալ, ընդամենը հայտարարություններ ու կոչեր են՝ առանց որևէ արդյունքի։

 

Ակնհայտ է, որ միայն հայտարարություններով ու կոչերով, նաև պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելով՝ ճանապարհը չի բացվելու։ Գործուն ու համակարգված քայլեր են անհրաժեշտ, որոնք տեսանելի չեն։

 

Մինչ Հայաստանի կառավարությունը բավարարվում է կոչ-հայտարարություններով, որոնք այդպես էլ ոչինչ չեն տալիս, Արցախի իշխանությունները կոնկրետ առաջարկներ են անում՝ հումանիտար խնդիրները լուծելու համար։ Այդ առաջարկներից մեկն էլ Արցախի հետ օդային միջանցքի բացումն է։

 

«Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջին չափերի ինքնաթիռներ: Ուղղակի սա ավելի շատ քաղաքական հարց է: Ճնշումը միջազգային կազմակերպություններից, Եվրոպայի երկրներից և ԱՄՆ-ից շատ կարևոր կլինի:

 

Այս իրավիճակում միակ լուծումը, որը թույլ կտա ձմռան ամիսներին նորմալ պայմաններում ապրել, դա օդային կամուրջ բացելու հնարավորությունն է»,- ասում է Արցախի պետնախարարը։

 

Արցախի Ազգային ժողովի նախագահն ու պատգամավորներն իրենց հերթին՝ դիմեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու ուղղությամբ։

 

Բայց Արցախի ձայնը կարծես լսող չկա։ Իսկ այդ ընթացքում, չնայած դժվարություններին ու խորացող հումանիտար խնդիրներին, սննդամթերքի, պարենային ու ոչ պարենային բազմաթիվ առաջնային ապրանքների բացակայությանը, արցախցին շարունակում է անտրտունջ տանել իրեն բաժին հասած դժվարությունները՝ հավատալով վաղվա օրվան։