Նաիրա Հովսեփյանը, ով մեկ այլ դատավորի լիազորությունների դադարեցմանը կողմ է քվեարկել դատական ակտն ուշ տրամադրելու համար, երկու տարուց ավելի է դատական ակտը չի հրապարակում. Լուսինե Սահակյան


Նաիրա Հովսեփյանը, ով մեկ այլ դատավորի լիազորությունների դադարեցմանը կողմ է քվեարկել դատական ակտն ուշ տրամադրելու համար, երկու տարուց ավելի է դատական ակտը չի հրապարակում. Լուսինե Սահակյան
Դեկտեմբեր 27 22:37 2022

Փաստաբան Լուսինե Սահակյանը գրառում է արել, դատավոր, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Նաիրա Հովսեփյանի վարույթում գտնվող գործին։

 

 

Փաստաբանը գրել է. «Ասում են` ֆեյսբուքյան գրառումները կարգապահական վարույթ հարուցելու առիթ են հանդիսանում։ Եթե կարևոր չէ, թե գրառումն ով է կատարել և որ դատավորի վերաբերյալ, ապա ՀՀ արդարադատության նախարարության ուշադրությանն եմ ներկայացնում հաղորդում առ այն, որ դատավոր Նաիրա Հովսեփյանը բազմաթիվ գործերով ուշացնում է դատական ակտերի հրապարակումը, որով խախտում է կողմերի իրավունքները։ Մինչ իրական դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցմանը Նաիրա Հովսեփյանի կողմ քվեարկելը, մենք նշված խախտումը փորձում էինք մեկնաբանել դատարանների ծանրաբեռնվածությամբ և չէինք բարձրաձայնում։ Բայց, պարզվում է, դա լրջագույն խախտում է և նման խախտում թույլ տված դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն։ Համենայնդեպս, այդպես է կարծում նմանատիպ բազմաթիվ խախտումներ թույլ տված դատավորը։ Եվ ուրեմն, ներկայացնում եմ դրանցից ընդամենը երկուսը։

 

Այսպես, ԵԴ/16183/02/20 քաղաքացիական գործով ըստ հայցի Արթուր Վանեցյանն ընդդեմ Սկիզբ Մեդիա Կենտրոն ՍՊԸ-ի (1in.am) դատական ակտի հրապարակման օր է նշանակվել 18.02.2022 թվականը։ Մինչ օրս դատական ակտը չի տրամադրվել։

 

 2. ԵԿԴ/1912/02/16 քաղաքացիական գործով ըստ իմ հայցի ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի դատական ակտի հրապարակման օր է սահմանվել 24.09.2020 թվականը։ Երկու տարի երեք ամիս անց մինչ օրս դատական ակտը ոչ միայն չի տրամադրվել, այլ նաև չի հրապարակվել»։

 

Նշենք, որ երեկ Բարձրագույն դատական խորհուրդը, որի կազմում է Նաիրա Հովսեփյանը, դադարեցրեց դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունները հիմք ընդունելով փաստաբան Գայանե Պապոյանի այն գրառումը (որն, ըստ փաստաբանի` հրապարակվել է կայքերից մեկում, ինչն էլ ԲԴԽ֊ի համար վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել), որտեղ հայտնում է, որ դատավոր Փիլոսյանը 2 տարի է չի տրամադրում դատական ակտը, իսկ այդ ընթացքում պատասխանողը հասցրել է սնանկ ճանաչվել։

 

Փաստաբան Պապոյանը նաև հայտնել է, որ Փիլոսյանի նկատմամբ կարգապահական տույժի ընտրված տեսակը համարափ չէ դատավորի կողմից թույլ տրված խախտման բնույթին։

 

Նշենք, որ ԲԴԽ անդամ դատավոր Նաիրա Հովսեփյանը, ով, ըստ Լուսինե Սահակյանի, դատական ակտ չի հրապարակել 2տարուց ավելի է, մոտ մեկ տարի է չի տրամադրուն ակտը, սակայն նույն դատավորը նմանատիպ խախտման համար կողմ է քվեարկել, որ դադարեն Աննա Փիլոսյանի լիազորությունները։