Սկանդալային հայտարարություններ և միջադեպեր. ովքեր են «խաղում» ՀՀ միջազգային վարկանիշի հետ


Սկանդալային հայտարարություններ և միջադեպեր. ովքեր են «խաղում» ՀՀ միջազգային վարկանիշի հետ
Դեկտեմբեր 27 21:42 2022

2018 թվականին՝ Թավշյա հեղափոխության օրերին, Նիկոլ Փաշինյանը ամբիոնից վստահեցնում էր հանրությանը, որ իր թիմը անելու է ամեն ինչ, որպեսզի բարձրացնի ՀՀ միջազգային վարկանիշը, որը զգալիորեն տուժել էր ըստ նրա՝ վերջին 30 տարիներին իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում: Բարձրացրեցին արդյո՞ք ՔՊ-ականները ՀՀ միջազգային վարկը, թե եղավ այն, ինչ եղավ՝ դատեք ինքներդ:

 

Հայաստանի հպարտ քաղաքացիների հիշողության մեջ դեռ վառ է, որ նախորդ տարի Աբու Դաբիում ընթացող IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում էր դատարկ տաղավարներով՝ միայն բուկլետ բաժանելով։ Նման «շքեղ» պրեզենտացիայի պատասխանատում Բարձր Տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էր` ի դեմս այն ժամանակվա նախարար Հակոբ Արշակյանի։ Նախարարը հայկական տաղավարի աչք ծակող դատարկությունը բացատրեց լոգիստիկ խնդիրներով. հաշվարկներն այնպես էին արել, որ ցուցահանդեսի բացմանը տեսականին տեղում լիներ, սակայն, արի ու տես, պարզվեց` անգամ հաշվարկ անելը նախարարի համար չափից դուրս բարդ առաջադրանք էր։

 

 

Այս դեպքից հետո ամիսներ անց էկոնոմիկայի նախարար նշանակված Վահան Քերոբյանը սրտնեղել էր, որ Հակոբ Արշակյանին չի հաջողվել ավելին քամել վերը նշված ցուցահանդեսից և մեր տնտեսությունը առանձնապես ոչինչ չի շահել։ Քերոբյանին այս տարի շանս ընձեռվեց ուղղել Արշակյանի շահերը` Դուբայ 2020 էքսպոյում ՀՀ պատվիրակության ղեկավարը հենց էկոնոմիկայի նախարարն էր։ Հաշվի առնելով Վահան Քերոբյանի կատակասիրությունը` կարելի է հասկանալ, թե ինչու են այս տարի հայկական ազգային արժեքները ներկայացնող ստենդում տեղ գտել «американские горки»-ն։ Ըստ ՔՊ-ական պաշտոնյայի` մենք ազգովի պետք է հպարտանանք հենց դրանով։ 

 

Մամուլը գրել էր, որ ապրիլի 25-ին ՀՀ ԱԺ իշխանական խմբակցության մի խումբ պատգամավորներ գործուղվել են Ժնև, սակայն ժամանակին տեղ չեն հասել: Աղբյուրները պատմում են, որ ՔՊ խմբակցության մի քանի անդամներ Վիեննայի օդանավակայանում սրճարան են նստել, գինովցել են ու մոռացել, որ պետք է Ժնև մեկնեն: Նրանք երկար դեգերումներից հետո մի կերպ կարողացել են Ժնև մեկնող հաջորդ օդանավին հասնել և ուշացած միացել են պատվիրակությանը: Պատգամավորների անունները նույնպես շրջանառվում էին՝ Արփի Դավոյան, Վահագն Հովակիմյան, Վահագն Ալեքսանյան, Արթուր Հովհաննիսյան: Վերջիններս կամ հրաժարվել են պատասխանել՝ համապատասխանում է այդ լուրը իրականությանը, թե ոչ, կամ ասել են, որ անլուրջ հարցերի չեն պատասխանում: Թե որքանով է սա հերքում՝ դատեք ինքներդ:

 

 

Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պատմության իմացությունը քիչ էր մնում միջազգային սկանդալի հանգեցներ, քանի որ վերջինս ոչ ավել ոչ պակաս ճապոնացիներին անվանել էր չինացիների և կորեացիների սինթեզ:

 

ՔՊ-ական պատգմավոր Վիգեն Խաչատրյանը օրեր առաջ ԱԺ ամբիոնից համոզմունք հայտնեց, որ Լաչինի միջանցքի փակումը պատասխան է Հայաստանի այն դիրքորոշմանը, որ իբրև թե Արցախի հարցում կիսում են Ռուսաստանի տեսակետը:

 

 

Ընդամենը շաբաթներ առաջ էլ հերթական սկանդալը գրանցվեց Նենսի Փելոսիի այցի ընթացքում: ԱԺ աշխատակազմի ղեկավարը, ով պետք է ներքևում պատշաճ կերպով կազմակերպեր ասուլիսը և դրա ընթացքը, Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի կողքն էր բազմել, ընդ որում այնքան էր ջանում հայտնվել առաջին պլանում, որ ստվերել էր անգամ ԱՄՆ դեսպան Թրեյսին:

 

 

Սակայն, միջազգային գործընկերների և այդ մասնավորապես դաշնակիցների հետ թարսվելու առաջամարտիկը շարունակում է մնալ վարչապետ Փաշինյանը: Օրեր առաջ նա կառավարության նիստում մեղադրել էր ռուս խաղաղապահներին, թե պատերազմից հետո նրանց ներկայությամբ ու թողտվությամբ են տեղի ունեցել Արցախում մի շարք միջադեպեր, Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի գրավումը, հայ զինծառայողների գերեվարումը, հրադադարի խախտումները։ Նշենք, որ ռուսական կողմի արձագանքը չուշացավ: Մոսկվայից հայտնեցին, Մոսկվան դեռ չի տեսել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանրամասները հստակեցնելուն առնչվող Հայաստանի վարչապետի առաջարկները: Մինչ այդ էլ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը հանդես էր եկել հակառուսական սլիվներով` ռուսական կողմին մեղադրելով խաղաղության պայմանագրի և այսպես կոչված` Զանգեզուրի միջանցքի գլխավոր շահառու լինելու մեջ: