Նուբարաշենցիների 75%-ը չի ճանաչում թաղապետին. ինչով է աչքի ընկել Անդրանիկ Գասպարյանը


Նուբարաշենցիների 75%-ը չի ճանաչում թաղապետին. ինչով է աչքի ընկել Անդրանիկ Գասպարյանը
Դեկտեմբեր 27 21:34 2022

ՔՊ-ական պաշտոնյաների շարքում վերջին շրջանում իրենց պասիվությամբ աչքի են ընկնում հատկապես վարչական շրջանի ղեկավարները: Գուցե հանգամանքը, որ վերջիններիս աշխատանքը հանրության և ԶԼՄ-ի ուշադրության կենտրոնում չէ՝ վերջիններիս ստիպում է թուլանալ: Ուղղելով այդ սխալը՝ այսօր կանդրադառնանք Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար Անդրանիկ Գասպարյանի գործունեությանը և այդ գործունեության արդյունքներին:

 

Վերջինիս կենսագրական տվյալներից պարզ է դառնում, որ Գասպարյանը 2010թ. ավարտել է Հայաստանի ագրարային համալսարանի «Փոխադրումների և ճանապարհային երթևեկության կազմակերպում և կառավարում» բաժինը` ստանալով ճարտարագետի որակավորում: 2008-2014թթ. աշխատել է ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերում: 2018թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար: 2020թ. նշանակվել է Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար:

 

Ինչպես հասկանում ենք, շատ ու շատ ՔՊ-ական պաշտոնյաների նման՝ Գասպարյանի քաղաքական կարիերան նույնպես սկիզբ է առել անմիջապես հեղափոխությունից հետո: Զարմանալին այն է, որ պետական կառավարման ոլորտում ընդհանրապես որևէ աշխատանքային փորձ չունեցող անձը միանգամից նշանակվել է վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար՝ լինելով ճարտարագետ: Այնուհետև արձանագրել է կարիերային աճ՝ ընդհուպ մինչև համայնքի ղեկավարի պաշտոն:

 

Երբ դիտարկում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջը, ապա պարզ է դառնում, որ առանձնակի բուռն աշխատանքով վարչական շրջանի ղեկավարությունը աչքի չի ընկնում։ Այս տարվա նոյեմբեր ամսվա նորությունները ընդհանրապես նախընտրական շրջանի խոստումներ են հիշեցնում՝ կկառուցվի սքեյթ-պարկ, կբարեկարգվեն շենքերի հարակից տարածքները: Իսկ թե երբ՝ այդ մասին պատկան պաշտոնյաները համեստորեն լրում են:

 

 

Ուշագրավ է, որ Նուբարաշենի բնակիչների մեծ մասը անգամ չեն էլ ճանաչում իրենց թաղապետին: Վերջերս անցկացված հարցումների արդյունքում՝ ճանաչում եք արդյոք ձեր վարչական շրջանի ղեկավարին հարցին՝ հարցվածների 25.0%-ը այո էր պատասխանել, ոչ՝ 75.0%-ը: 

 

Պետք է նաև նշել, որ վարչական շրջանի ղեկավար աշխատելը Գասպարյանի վրա, ինչպես ասում են, չի եկել: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարգրել էր 7,500,000.00 դրամ, 5,200.00 դոլար,12,000.00 եվրո և  150,000.00 ռուբլի կանխիկ: 2021-ի միակ ձեռքբերումը թաղապետի համար գնված Լեքսուս մակնիշի ավտոմեքենան էր, իսկ ահա կանխիկից մնացել է միայն 5,000,000.00 ՀՀ դրամը: