Սա հերթական ստորությունն է. Աշոտյանը` Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին (տեսանյութ)


Սա հերթական ստորությունն է. Աշոտյանը` Հունգարիայի հետ հարաբերությունները վերականգնելու մասին (տեսանյութ)
Դեկտեմբեր 2 11:01 2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:
 
«Կարճ, բայց կարեւոր։ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը անարգանք է Գուրգեն Մարգարյանի հիշատակի նկատմամբ եւ մարդասպան Սաֆարովի «ներում»։
 
.Քիչ առաջ տեղեկություններ տարածվեցին առ այն, որ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի և Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հանդիպումը և ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները:
 
ՀԻՇԵՑՈՒՄ
.Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին 2012-ին, երբ Սերժ Սարգսյանը հրավիրեց ԱԽ նիստ, որի ընթացքում քննարկվեց այն աղաղակող փաստը, որ Հունգարիայի կառավարությունը՝ Վիկտոր Օրբանի ղեկավարությամբ, Ադրբեջանին է արտահանձնել հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովին:
.Դա ազգային թասիբի հարց էր:
 
.Սաֆարովը կացնահարել էր Գուրգեն Մարգարյանին Եվրոպայի սրտում՝ Բուդապեշտում, գիշերը, ադրբեջանցուն բնորոշ վայրագությամբ, որից հետո դատապարտվել էր հունգարական դատարանի կողմից և պատիժը պետք է կրեր Հունգարիայում:
.Ադրբեջանի նախագահ Ալիևը երկար ժամանակ փորձում էր հետ ստանալ իր մարդասպանին:
 
.Հունգարիայի կառավարությունը Հայաստանի իշխանություններին երաշխավորում էր, որ այդպիսի գործարքի չի գնալու, մինչդեռ Ադրբեջանը հունգարական պարտատոմսեր գնեց և տեղի ունեցավ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու գործընթացը:
 
.Բաքվում մարդասպան կոչելու փոխարեն Սաֆարովին ամնեստիայի ենթարկեցին, դարձրին ազգային հերոս, կուռք, պարծանք:
 
.Այսօր արդեն, Արարատ Միրզոյանը պայմանավորվել է վերականգնել հարաբերությունները:
 
.Ի՞նչ է փոխվել Հունգարիայում, գուցե կառավարությու՞ն, գուցե նոր վարչապե՞տ կամ գուցե Օրբանը զղջացել է, ներողություն է խնդրել, իր ԱԳ նախարարները հանրային խոսքում ցավակցել են:
 
.Ո՛չ, ոչ մի նման բան:
 
.Իսկ Հայաստանում փոխվել է իշխանությունը, հայրենասեր, պետականամետ իշխանությանը փոխարինել են դավաճան սրիկաները:
 
.Այս իշխանության համար «մի արյուն այս կողմ, մի արյուն այն կողմ», ոչ մի տարբերություն:
 
.Շատ դաժան է ասել, բայց այս իշխանությունը փաստացի ներում է ոչ միայն Օրբանին, այլ՝ Սաֆարովին:
 
.2012-ից հետո Հունգարիայի հետ աշխատանքային հարաբերությունները, իհարկե, կարգավորվել են այս կամ այն կերպ, քանի որ Հունգարիան ԵՄ անդամ էր և բազմաթիվ համաձայնագրերի վավերացում «ստոպ» չտալու համար կարիք կար Հունգարիայի համաձայնությունը (օրինակ ՝ ՍԵՊԱ-ի ժամանակ):
 
.Մի քանի տարի առաջ երբ Արարատ Միրզոյանը դեռ ԱԺ նախագահ էր, ԱԺ գնացի՝ հանդիպման, որից հետո սկսվեց լրագրողների հարցուփորձը, թե ինչու:
 
.Հարցերից մեկը կապված էր հենց Հունգարիայի հետ.
«Ֆիդես»-ը ԵԺԿ անդամ էր, ինչպես մենք ՝ հանրապետականներս և այդ քաղաքական ընտանիքի շրջանակներում ունեի աշխատանքային հարաբերություններ հունգար գործընկերների հետ՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ, և խնդրել էի իրենց արագացնել Հայաստան-ԵՄ համաձայնագրի վավերացումը հունգարական պառլամենտում:
 
.Քանի որ չունեինք դեսպան, չկար դեսպանություն, այդ հարցի շուրջ աշխատանքային բեռն ինձ վրա էի վերցրել:
 
.Հանդիպման գնացել էի փոխանցելու Արարատ Միրզոյանին հունգարական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի՝ ինձ ուղղված անձնական նամակը, որում նա գրել էր՝ ի կատարում իր խոստման, հունգարական խորհրդարանում քննարկվել և վավերացվել է ՍԵՊԱ-ն:
 
.Քանի դեռ Հունգարիայում Սաֆարովին արտահանձնելու «արյան մեղքը» կրող կառավարություն է, որ այդպես էլ Սաֆարովի արտահանձնման համար ներողություն չէր խնդրել, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ուրացման հերթական արարն է այս իշխանության կողմից:
 
.Այս իշխանությունը թքած ունի մեր արժանապատվության վրա:
 
.Սա սրիկայություն է, դավաճանություն է, սա անարգանք է մեր նկատմամբ, Գուրգենի շիրիմի նկատմամբ»: