Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ ովքեր էին ներկա փակ հանդիպմանը


Ռոբերտ Քոչարյանը պայքարի մեջ է․ ովքեր էին ներկա փակ հանդիպմանը
Սեպտեմբեր 19 17:52 2022

«Մոսկվա» կինոթատրոնի դիմաց օրվա երկրորդ կեսից դեռ սպասում էին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հիմնականում թիմակիցներն էին շուտ եկել։ Քոչարյանի՝ կինոթատրոնի կարմիր դահլիճում քաղաքացիներին հանդիպելու մասին հայտարարվել էր հանգստյան օրերին, բայց շեշտվել էր հանդիպումը փակ է լինելու ԶԼՄ-ները ներս մտնել չեն կարողանա, անգամ առանց տեսախցիկների։ Ինքը Քոչարյանը հանդիպմանը եկավ կինոթատրոնի հետնամուտքով։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը պարզաբանեց, հանդիպումը փակ ձևաչափով անցկացնելու առաջարկը եղել է Քոչարյանինն ու նրա հետ հանդիպելու ցանկություն հայտնող քաղաքացիները։ Պարզվում է երկու կողմն էլ տեսախցիկներից կաշկանդվում են, հատկապես օպերատորների ներկայությունից։

Ու մինչ հանդիպումը ընթանում էր Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը որոշ լուսանկարներ հրապարակեց, ցույց տալով, որ այն ընթանում է լեփ- լեցուն դահլիճում։ Ընթացքում քաղաքացիներն էին ելումուտ անում, ոմանք չսպասեցին ավարտին հեռացան, պատճառաբանելով զբաղված են։ Մինչ ավարտը Մոսկվա կինոթատրոնը լքեց նաև Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Լրագրողների հարցերին պատասխանել չցանկացավ, շտապում էր։ Մյուսներն էլ չնայած խոսեցին, բայց հնչեցրած հարցերի ու Քոչարյանի տված պատասխաններին չանդարադարձան, հղում անելով փակ ձևաչափին։

Որոշ մանրամասներ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, նշեց երկրում ստեղծված իրավիճակը մտահոգում է Ռոբերտ Քոչարյանին, այս հանդիպմամբ ցույց տվեց, որ հանրային կյանքում ակտիվ դերակատարություն ունի։

Մոտ երեք ժամ տևեց փակ հանդիպումը։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կինոթատրոնի շենքը լքեց այնպես, ինչպես մուտք էր գործել։ Իսկ թե ինչու էր հետնամուտքը ընտրել նա, փորձեցինք ճշտել վերջինիս գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանից։ Պատասխան չտվեց, ասելով հարցազրույց չի տալիս։ Փոխարենը տեղեկացանք առաջիկայում Ռոբերտ Քոչարյանն է հրավիրելու մամուլի ասուլիս, տեղի ու ժամի մասին կհայտնեն լրացուցիչ։