Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»


Հայաստանի բնակչությունը պակասել է. «Ժողովուրդ»
Օգոստոս 6 09:13 2022

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի բնակչությունը պակասել է: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 961 հազար 900 մարդ, այդ թվում՝ քաղաքայինը՝ 1 մլն 890 հազար 200 մարդ, եւ գյուղականը՝ 1 մլն 71 հազար 700 մարդ: 

Նախորդ տարի ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 600 մարդ, այսինքն՝ բնակչության թվաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 2700-ով: Բնակչության թվաքանակը պակասել է Երեւանում 4000-ով: Եթե նախորդ տարվա հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 96 հազար 100, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 մլն 92 հազար 100 մարդ:

 

Մյուս կողմից՝ նկատենք, որ ՀՀ որոշ մարզերում, հակառակը, բնակչության թվաքանակն ավելացել է՝ տարբեր տեղաշարժերի հաշվին։ Օրինակ՝ Արմավիրի մարզում 2021թ. հուլիսի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմել է 264 հազար 200, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 265 հազար 200 մարդ: Արարատի մարզում եւս բնակչության թվաքանակն ավելացել է՝ 256 հազար 600-ից հասնելով 257 հազար 300-ի: Արագածոտնի մարզում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը 124 հազար 200-ից դարձել է 125 հազար մարդ:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է 700-ով: Մյուս կողմից՝ բնակչության թվաքանակը պակասել է Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի, Շիրակի, Լոռու մարզերում: Միայն սահմանամերձ Սյունիքում մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը պակասել է 600-ով: Տեղեկացնենք, որ Կոտայքի մարզում բնակչության թվաքանակն ավելացել է՝ դառնալով 251 հազար 800:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում



loading...