Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում


Կանադան Հարավային Կովկասում իր առաջին դեսպանատունը բացում է Հայաստանում
Հունիս 29 20:22 2022

Հայ-կանադական միջպետական հարաբերությունների զարգացմանը էապես նպաստելը մշտապես եղել է Հայ դատի Կանադայի հանձնախմբի քաղաքական առաջնահերթություններից մեկը։ Այս համատեքստում Հայ դատի հանձնախմբի կողմից մշտապես կարևորվել է Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատան հիմնումը՝ որպես միջպետական հարաբերությունների նոր որակի ցուցիչ և հեռանկարային համագործակցության երաշխիք։ Այս ուղղությամբ Հայ դատի Կանադայի հանձնախումբն անցնող տարիների ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հսկայական աշխատանք է կատարել՝ շարունակապես ընդգծելով, որ Կանադան Մեծ յոթնյակի միակ պետությունն է, որ դիվանագիտական ներկայացուցչություն չունի Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական խորհուրդը։

 

Հատկանշական է, որ կանադական կառավարության այս որոշմանը ամիսներ առաջ նախորդել էր Եվրոպական Միությունում Կանադայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ստեֆան Դիոնի` հատուկ առաքելությամբ այցը Հայաստան։ Հայ դատի Կանադայի հանձնախումբը՝ Կանադայում, իսկ ՀՅԴ Բյուրոյի և Հայ դատի Կենտրոնական խորհրդի ղեկավարները՝ Հայաստանում, դեսպան Դիոնի հետ հանդիպումների ժամանակ անգամ ևս կարևորել էին Կանադայի դիվանագիտական ներկայացուցչության հաստատումը Հայաստանում։

 

ՀՅԴ Հայ դատի համաշխարհային ցանցը, անկախ ՀՀ ներքաղաքական իրավիճակից և ՀՀ գործող իշխանությունների ամոթալի ու պարտվողական կեցվածքից, շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական շահերի սպասարկման աշխատանքները՝ այն համոզմամբ, որ իշխանություններն անցողիկ են, իսկ պետական շահը՝ մնայուն։ Ստեղծված ծանր իրավիճակում, երբ թշնամական պետությունները փորձում են  Հայաստանի Հանրապետությանը պարտադրել միջազգային մեկուսացում և նորանոր զիջումներ, մեր պետությունն առավել քան երբևէ, կարիք ունի միջազգային հարաբերությունների որակական ընդլայնման, ինչի ուղղությամբ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը, իր կարողականությունների շրջանակում աշխատում է։