Մեր մեծ պապիկի երազանքն արդեն կատարված է. «Ոսկենի» գինիների ստեղծման յուրահատուկ պատմությունը (լուսանկարներ)


Մեր մեծ պապիկի երազանքն արդեն կատարված է. «Ոսկենի» գինիների ստեղծման յուրահատուկ պատմությունը (լուսանկարներ)
Դեկտեմբեր 26 23:37 2016

«Made in Armenia» նախագծի հյուրն է «Ոսկենի» գինեգործական ընկերության մարքետինգի և PR-ի պատասխանատու Ալինա Մկրտչյանը:



-Ինչպե՞ս է ստեղծվել «Ոսկենի» -ն, ի՞նչ նախապատմություն ունի ընկերության անվան ընտրությունը:

-Մեր գինին շատ հետաքրքիր պատմություն ունի` գինու շշի վրա իմ մեծ պապիկի՝ Սմբատ Մաթևոսյանի լուսանկարն է , ով մոտ 20 տարի ապրել է Բոստոնում, երազել է Հայաստանում ունենալ խաղողի այգիներ, զարգացնել հայկական գինեգործությունը ու հայտնի դարձնել հայկական գինին աշխարհով մեկ։ 20 տարի Բոստոնում ապրելուց հետո՝ 1925 թ.-ին վերադարձել է Հայաստան՝ Արմավիրի շրջանում հիմնել է խաղողի այգիները , բայց ցավոք սրտի չի հասցրել գինի պատրաստել: 1936թ. նրան աքսորել են և ամեն ինչ ձեռքից վերցրել: Իմ ընտանիքը Մոսկվայից է, ես Մոսկվայում եմ մեծացել: 2008 թ. հետաքրքրվեցինք և իմացանք , որ այգիներ ունենք: Երբ մեծ պապիկիս աքսորել են, պապս փոքր է եղել ու մանրամասն չի հիշում ինչպես է ամեն ինչ եղել, բայց մենք փաստաթղթերն ուսումնասիրեցինք ու հասկացանք, որ այգիներ ունենք այստեղ:


Ծնողներս հետաքրքրվեցին, բոլոր թղթերը գտանք և հետ գնեցինք մեր այգիները: 2008 թ. մինչև 2014 թ. մենք վերականգնում էինք այգիների ծառերը, քանի որ այդքան տարի դրանք մնացել էին առանց խնամքի: 2014 թ. պատրաստեցինք առաջին գինին, որի անունը Ոսկենի է: Մեր գինիները պատրաստված են հիմնկանում հին հայկական խաղողի տեսակներից: Իմ մեծ պապիկը հիմնականում այգիներում տնկել է հին հայկական խաղողի տեսակներ՝ Արենի և Ոսկեհատ: Արենին կարմիր խաղող է, Ոսկեհատը՝ սպիտակ: Ոսկենի անունն առաջացել է Արենի և Ոսկեհատ անունների միախառնումից:


Այս ամենը մենք անում ենք ի հիշատակ մեր պապիկի և ուզում ենք նրա երազանքն իրականություն դարձնել՝ Ոսկենին աշխարհում հայտնի դարձնելով: Մեր սպիտակ գինին պատրաստվում է երկու խաղողի տեսակներից՝ Ոսկեհատ և Գառան Դմակ, իսկ կարմիր գինին՝ Արենի և Խնդողնի տեսակներից: Մեր ողջ աշխատասիրությունը ներդրված է այս գինու մեջ, մեր երեխայի նման աճեցնում ու մեծացնում ենք այն: Փորձում ենք այնպես անել, որ ով խմի մեր գինին, վայելի կյանքը մեզ հետ: Մեր ընկերությունը ընտանեկան է, տնօրենի պաշտոնը զբաղեցնում է մայրս,ընկերությունում աշխատում են նաև հայրս ու եղբայրս:


-Որ՞ն է «Ոսկենի» գինիների հիմնական առանձնահատկությունը:

Մեր առանձնահատկությունը նախ մեր գինու ստեղծման պատմության մեջ է: Կարևոր է նաև այն, որ գինին ստանալու համար օգտագործում ենք հին հայկական տեսակի խաղողները:


-Մինչև ո՞ւր են հասնում Ձեր նպատակները, ո՞րը կարող է լինել դրանց գագաթնակետը:

-Կհամարեմ, որ հասել ենք մեր նպատակի գագաթնակետին այն ժամանակ, երբ մեր գինին կտարածվի ամբողջ աշխարհում, հայտնի կդառնա որպես հայկական, և զբոսաշրջիկները Հայաստան կայցելեն ոչ միան եկեղեցիներ այցելելու համար, այլ նաև գինի խմելու:


-Քանի երկիր է արտահանվում Ձեր արտադրանքը:

Ոսկենին արտահանվում է այժմ միայն երեք երկրներ՝ Հոլանդիա , Ռուսաստան և Շվեցարիա: Եկող տարի նախատեսում ենք ավելացնել այդ երկրների թիվը ևս հինգով: Արտահանումը կկատրավի նաև դեպի Կանադա, Շվեդիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Գերմանիա:


-Որքանո՞վ է հայտնի «Ոսկենի»-ն Հայաստանում գինի սիրողների շրջանում:

-Հայաստանում գինի խմելու արվեստը քիչ-քիչ սկսել է զարգանալ: Ինչքան զարգանում է այդ արվեստը, այնքան մեր պահանջարկը մեծանում է: Ոսկենին բավականին հայտնի է արդեն, ունի իր գնահատողները, որոնք առիթներին միայն Ոսկենին են խմում և դա շատ հաճելի է:


-Ինչպե՞ս են ստեղծվում նոր գինիները, ինչ պրոցես է դա իրենից ենթադրում:

-Մեր գինու արտադրման ողջ ընթացքը կատարվում է ձեռքով՝ բերքահավաքից սկսած: Անգամ խաղողի դասակարգումը կատարում ենք ձեռքով: Ամենաորակյալ խաղողն արդեն առանձնացնում ենք և ուղարկում խմորման: Մեր խորհրդատուները Ֆրանիայից են, նրանք լավագույն խորհրդատուների տասնյակի ցանկից են: Հիմա իրենց հետ փորձարկում ենք անում՝ պետք է սպիտակ գինին վեց ամիս պահենք տակառի մեջ: Դա ևս մի տեսակ է, որը կավելանա մեր արտադրության մեջ:


-Որքան է կազմում ընկերությանը պատկանող հողատարածքը:Ինչպես է կատարվքւմ գինիների հնեցումը:

-Հիմա մեր ընկերությունը ունի 22 հա հողատարածք, որտեղ ամբողջությամբ խաղողներ են աճում:


-Ի՞նչ առավելություններ ունի Հայաստանը գինի արտադրող այլ երկրների նկատմամբ:

-Հայաստանի գինու համը տարբերվում է իր խաղողի համով : Ամեն երկիր իր խաղողի տեսակներից է գինի ստանում, այդ իսկ պատճառով գինիների համերը կարող են տարբեր լինել: Հայաստանի Ոսկեհատ խաղողը փորձել են շատ երկրներում աճեցնել, բայց կամ չի աճել, կամ չի ունեցել այն համը, որը հատուկ է միայն Հայաստանին: Ոսկեհատի այգիները շատ դժվար է պահել, անգամ Հայաստանում այն դժվար է աճեցնել:


-Այս տարիների ընթացքում ի՞նչ հաջողություններ է գրանցել «Ոսկենի»-ն հայկական և միջազգային շուկաներում:

-Մեր գինիները շատ պատվոգրեր և հուշամեդալներ են շահել։ Ինչպես Հայաստանի, այնպես էլ Եվրոպայի բոլոր մրցույթներին մենք մասնակցում ենք: 2014 թ-ի. մեր սպիտակ գինին շահել է ոսկե մեդալ , իսկ դա մեզ համար նշան էր, որ մենք պետք է էլ ավելի շատ աշխատենք ու զարգացնենք մեր արտադրանքը: Նշեմ, որ Decanter wine awards-ին մեր 2015թ.-ի գինին գրավել է բրոնզե մեդալ: Այդտեղ անգամ բրոնզե մեդալ ստանալը շատ դժվար է , քանի որ իրենք գնահատում են միայն գինին և իրենց համար նշանակություն չունի, թե դա որ երկրի արտադրանք է, ինչ շշալցում է կատարված և այլն: Մեր հնեցված գինին շուկայում կհայտվի 2017 թ. նոր շշով և արդեն նոր անունով։


-Երբ դեռ նոր էիք վերադարձել Հայաստան և նախատեսում էիք գինու արտադրանք սկսել, ի՞նչ սպասելիքներ ունեիք և որքանո՞վ են դրանք իրականացել:

-Մենք սպասելիք չունեինք, մենք ուզում էինք միայն պապիկի երազանքը կատարել: Սա, ի սկզբանե, բիզնես չենք համարել: Մենք մինչև հիմա ներդրումներ ենք անում և չենք սպասում եկամտի, քանի որ դա անում ենք սիրով և ի հիշատակ պապիկի։ Պապիկի երազանքը կատարված է, քանի որ մարդիկ արդեն վայելում են մեր գինին:

Տաթև Այվազյան
Կարինա Սահակյան
Լուսանկարները՝ Մաքսիմ Սարգսյանի և ընկերության անձնական արխիվից



loading...