Չինարի 800-ամյա Խորանաշատում 5 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ է մատուցվել


Չինարի 800-ամյա Խորանաշատում 5 տարվա ընդմիջումից հետո կրկին պատարագ է մատուցվել
Մայիս 29 12:11 2022

Սուրբ պատարագ Խորանաշատում. 800-ամյա պատմություն։

Շուրջ հինգ տարի առաջ էր, որ Խորանաշատում առաջին անգամ՝ հարյուրամյակների ընդհատումից հետո, եպիսկոպոսական Սուրբ պատարագ է մատուցվել։ Այս մասին տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ–ն։

 

Մայիսի 28-ին այն հնչել է կրկին. առիթը Խորանաշատ վանական համալիրի հիմնադրման 800-ամյակն է: Խորանաշատում՝ ադրբեջանական դիրքերից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը Սուրբ պատարագ է մատուցել։

Արարողությանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնատար այլ անձինք և բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից և մարզերից:

Պատարագին հաջորդել է Անդաստանի արարողությունը՝ աշխարհի չորս կողմերի օրհնության կարգը: Այն Չինարիի համայնքապետարանի հարակից տարածքում կատարվել է Սուրբ խաչով և «Խորանաշատի Ավետարան»-ով։

Ի դեպ, «Խորանաշատի Ավետարան»-ը (1224 թ.) Չինարի էր բերվել Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանից՝ հատուկ այս արարողակարգն իրականացնելու համար:

Արարողությունն ամփոփվել է հոգևոր երաժշտությամբ․ երեկոյան Չինարի գյուղի Մշակույթի տանը ներկաներն ունկնդրել են Երևանի պետական կամերային երգչախմբի հոգեթով կատարումները: