«Թոշակառու նախկին քաղաքապետը՝ ազգային պարկի փոխտնօրեն». Ոսկան Սարգսյան


«Թոշակառու նախկին քաղաքապետը՝ ազգային պարկի փոխտնօրեն». Ոսկան Սարգսյան
Մայիս 14 11:30 2022

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Թոշակառու նախկին քաղաքապետը՝ ազգային պարկի փոխտնօրեն
Օրերս «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի փոխտօրեն է նշանակվել Ժորա Սահաբալյանը, ով 2002-2005 թվականներին պաշտոնավարել է որպես Դիլիջանի քաղաքապետ։ Ժ. Սահաբալյանը ծնվել է 1946 թվականին, նա մասնագիտությամբ բնապահպան չէ, բարձրագույն կրթություն չունի։ 2020թվականին Դիլիջանի ազգային պարկի երկարամյա տնօրեն Սուրիկ Աղաջանյանի կենսաթոշակի անցնելուց հետո ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Ադամ Պողոսյանը, հետո՝ Արա Խլոյանը, արդեն 3 ամիս ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է Արմեն Ղազարյանը։ Վերջինիս հարցրի, թե ինքը բնապահպանական կամ՝ բարձրագույն կրթություն ունի՞։ Ղազարյանն ասաց, որ ինքը կրթությամբ բնապահպան չէ, սակայն երկու բարձրագույն կրթություն ունի: Նրան հարց տվեցի, թե ինչով է պայմանավորված կենսաթոշակառու, բարձրագույն կրթություն չունեցող, 76-ամյա Ժ․ Սահաբալյանին ազգային պարկի փոխտնօրեն նշանակելու անհրաժեշտությունը։ Նա ասաց, որ Ժ․ Սահաբալյանի հետ աշխատանքային պայմանագիր է կնքվել մեկ տարի ժամկետով, Սահաբալյանը նախկինում աշխատել է ազգային պարկի տնօրեն,նաեւ՝ բնապահպանության Տավուշի մարզային բաժնի պետ, նրա փորձառությունը անհրաժեշտ է ազգային պարկի անտառների պահպանությունն արդյունավետ իրականացնելու համար, իսկ ազգային պարկի գիտական գծով փոխտնօրենը բնապահապան մասնագետ է։ 94 հիմնական, 15 սեզոնային (6 ամիս ժամկետով)աշխատակից ունեցող «Դիլիջան ազգային պարկում» քիչ չեն ոչ մասնագետ, ոչ հիմնավոր կրթությամբ պաշտոնյաները,ինչո՞վ է դա պայմանավորված։ Արմեն Ղազարյանը ի պատասխան հարցրեց, թե ո՞ր պաշտոնյաներին նկատի ունեմ։ Ասացի, որ ազգային պարկում ոչ բնապահպանական կրթությամբ , ոչ հիմնավոր կրթությամբ աշխատում են գնումներ մասնագետ, բաժնի վարիչ և այլ աշխատակիցներ։ Ա․ Ղազարյանն ասաց, որ ինքը նախատեսում է ազգային պարկի աշխատակիցների թրեյինգների, որակավորման բարձրացման, նաև՝ աշխատակազմի զտման միջոցով բարձրացնել ազգային պարկի աշխատողների գործունեության արդյունավետությունը։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վկայությամբ՝ ազգային պարկում անտառապահներ կան, ովքեր նույնիսկ տառաճանաչ չեն։ Ա․ Ղազարյանն ասաց, որ «Դիլիջան ազգային պարկի» «Հաղարծին» տեղամասում անտառի պահպանության հետ կապված խնդիրներ կան, որոնք կապված են Հաղարծին գյուղում բնակչության ագրեսիվ վարք ունեցող խմբի հետ։ Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնկաատարը հայտնեց, որ իրենց նպատակը ոչ միայն անտառի պահպանություն է , այլև ազգային պարկի բուսական և կենդանական միջավայրի զարգացումը»։

 
Աղբյուրը` Ոսկան Սարգսյան