Արեցին ամեն ինչ, որ Բանակի տոնը «‎ջրեն», չեզոքացնեն․ Արմինե Ադիբեկյանը՝ հունվարի 28-ը չտոնելու մասին


Արեցին ամեն ինչ, որ Բանակի տոնը «‎ջրեն», չեզոքացնեն․ Արմինե Ադիբեկյանը՝ հունվարի 28-ը չտոնելու մասին
Հունվար 28 12:05 2022

Ադրբեջանն ուժեղ չէր, պարզապես կարևոր դաշնակից ձեռք բերեց Հայաստանում, որը դավաճանեց երկիրն ու 30 տարի առաջ ունեցած հաղթանակը տվեց թշնամուն։ Այս մասին այսօր MediaHub-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ խոսելով Բանակի օրվա խորհուրդի և կրած պարտության հետևանքների մասին։ 

 

«Ոչ մի վայրկյան չկասկածեք, որ այսօրվա իշխանությունները 2018 թվականից հետևողականորեն քանդում էին մեր պետականության հիմքերը, բանակը, դիվանագիտական հարաբերությունները։ Նրանք Ադրբեջանի և Թուրքիայի կոլաբորացիոնիստներն են»,- ասաց Ադիբեկյանը։ 

 

Փորձագետի խոսքով՝ հանրությունը պետք է հետևողական, համառ լինի եղածը պահպանելու, չզիջելու, կորցրածը հետ բերելու համար։ 

 

«Նաև աճել, զարգանալ, բազմանալ է պետք, որովհետև այսօր 2,5 միլիոնանոց ժողովրդի շահերը ոչ ոք չի պաշտպանում և հետաքրքիր էլ չէ‎։ Պետք է հասկանալ, որ մենք ոչնչացման շեմին ենք և սա պետք է կանխել, ի տարբերություն այս ապիկար ոհմակի, որ բացի դատարկ խոստումներից, սեփական գրպանը լցնելուց, պետականությունը ոչնչացնելուց, ուրիշ նպատակ չունեն»‎։ 

 

Հունվարի 28-ն անշուք անցկացնելը Ադիբեկյանը շատ լավ է հասկանում։ Նրա մեկնաբանմամբ՝ այն իշխանությունը որ ոչինչ չի արել բանակի կազմավորման համար, հենց այսպես էլ պետք է անտարբեր լիներ այն նշելուն, զոհերի հիշատակը հարգելուն, իշխանության ներկայացուցիչները և Նիկոլ Փաշինյանը բավարարվում են միայն իրենց էջերում գրառում կատարելով։  

 

«‎Այլ բան սպասել պետք չէր, ո՞նց ուժեղ ցույց տան իրենց, եթե այդպես չէ, Փաշինյանն անգամ իր տանն ուժեղ չէ։ Այս կարևոր օրով պատճառ բռնեց, թե կորոնավիրուսով է վարակվել ու ամբողջ պետական ապարատը տներում է փակել։ Արեցին ամեն ինչ, որ այս օրը «‎ջրեն», չեզոքացնեն, բայց այնքան հիմար են, այնքան անհեռատես են, որ հաջորդ տարիներին արդեն ժողովուրդն է ստիպելու, որ օրվա խորհուրդը պահեն։ Հունվարի 28-ը ոչ մի տեղ չի կորի, չեն կարող անսպառ այս օրը հիվանդանալ, բացակայել։ Նրանք երբեք երես չեն ունենալու բաժակ բարձրացնել և ինչ-որ պաթոսային կենացներ ասել բանակի մասին»,- նկատեց փորձագետը։ Ադիբեկյանը շեշտեց, որ հիմա իշխանության գլխին այն մարդիկ են, որ ոտնատակ են առել Հայոց պետականությունը, բանակը, արժանապատվությունը:

 

Լիանա Թորոսյան



loading...