«Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»․ «Փաստ»


«Արժե ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնել ձմեռային արձակուրդները»․ «Փաստ»
Հունվար 27 09:18 2022

«Փաստ» օրաթերթը գրում է

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ պարբերաբար անդրադառնալու ենք հաճախակիացող այն խոսակցություններին, թե սուր շնչառական վարակների ակտիվացման հետ կապված՝ գուցե նպատակահարմար է ուսումնական հաստատություններում ընդհանրապես արձակուրդների «տեղաշարժ» կատարել, մասնավորաբար՝ դասապրոցեսը կազմակերպել հունիսին և ամառային արձակուրդը դարձնել երկու ամիս, փոխարենը մեկ ամիս հանգստանալու հնարավորություն տալ հունվարին:

Թեմայի հետ կապված՝ նախորդ անգամ «Փաստը» ներկայացրել էր առողջապահական համակարգի մասնագետի տեսակետը, որը համաձայն չէր նման առաջարկին՝ նշելով, որ վերին շնչառական ուղիների վիրուսային հիվանդությունները հակված են շատանալու աշնանը և գարնանը, ուստի ուսումնական գործընթացը հունվարից հունիս տեղափոխելով՝ ոչինչ չի փոխվելու: Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանին խնդրեցինք կարծիք հայտնել այս հարցի առնչությամբ` կրթական տեսանկյունից: «Խորհրդային ժամանակներից սկսած՝ ամռանը ուսհաստատություններում երեք ամիս արձակուրդ ունեինք:

Մինչդեռ, օրինակ, եվրոպական բուհերում, ուսհաստատություններում արձակուրդը տևում է 1,5 կամ 2 ամիս: Միևնույն ժամանակ, արձակուրդները հավասարաչափ բաշխվում են ուստարվա վրա: Արժե, որ մենք ևս գնանք նման փոփոխությունների, այսինքն` ամառային արձակուրդների կրճատման հաշվին մի քիչ երկարեցնենք ձմեռային արձակուրդներն ուսհաստատություններում:

Նման փոփոխությանը դրական եմ վերաբերվում: Տեսեք` ամռանը երեք ամիս, ըստ էության, որևէ բան չենք անում, բայց մեր աշակերտներն ու ուսանողները շատ ինտենսիվ աշխատում են մյուս ամիսներին: Այնպես որ, կողմնակից կլինեի, եթե ամառային արձակուրդների կրճատման հաշվին երկարեցվեին մյուս արձակուրդները և բաշխումը մոտավորապես հավասար կլիներ տարվա ընթացքում, ինչը հիմքեր կստեղծեր կրթության արդյունավետության բարձրացման համար»,-«Փաստի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



loading...