«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». Շանթ Նավոյանը զոհվեց հրադադարի օրը


«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». Շանթ Նավոյանը զոհվեց հրադադարի օրը
Հոկտեմբեր 21 00:50 2021

«Սաղավարտը մարմնիս մաս էր դարձել, որից երազում էինք ազատվել ու որով մեզ ապահով էինք զգում: Ամեն անգամ թաքստոց նետվելիս աղոթում էի ողջ դուրս գալու համար: Քնելիս աղոթում, որ իմ ուղղությամբ եկող արկերը շեղվեն ճանապարհից»…

Սա պատերազմի ժամանակ, հրադադարի հաջորդ իսկ օրը զոհված Շանթ Նավոյանի գրառումներից մեկն է՝ արված փոքրիկ նոթատետրում: Նոթատետրը ծնողներին հասավ 20-ամյա տղայի մահից հետո միայն…

Հետո սկսեցին հավաքել Շանթի մտքերը թղթերին և սոցցանցերի էջերին հանձնված: Հետո պիտի պարզեին, որ Շանթը գրում է աննկարագրելի գեղեցիկ, մտածում խորիմաստ, արժևորում կյանքը, հայրենիքը, ընկերներին,  ծնողներին, հարազատներին:

 
 

«Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում». այսպես կոչեցին Շանթ Նավոյանի գիրքը, որում տեղ գտան նրա մտքերը և իհարկե գրառումները, որոնք արել է նա պատերազմի օրերին:

«Գրառումները, որոնք արել է պատերազմի օրերին, այնքան գեղեցիկ էին, կարծես վստահ է եղել, որ կարդալու ենք»,-  նշված է գրքում:

 

Video Player
 

 

Իրողությունը, սակայն, ծանր էր Շանթի հարազատների համար. իմանալ, որ տղաները եղել են սոված, անքուն, հոգնած ու ցավի մեջ: Շանթը նաև վիրավորվել է պատերազմի երրորդ օրը, որի մասին, սակայն, ծնողները տեղյակ չեն եղել: Շանթը պատերազմի օրերին  բոլորովին այլ բան էր պատմում ծնողներին, այլ բան գրում իր նոթատետրում

 

Ֆրանսիական համալսարնի ուսանող էր, հասցրեց սովորել ընդամենը մեկ կիսամյակ: Թեև  ընտրեց մարքեթոլոգի մասնագիտությունը, բայց Շանթ Նավոյանը չդադարեց երազել՝ կդառնա կինոռեժիսոր:  Սիրում էր կարդալ, գիրքը միշտ պայուսակում էր:

Բանակ զորակոչվեց 2020-ի հունվարի 8-ին: Նրա վերջին զանգը հոկտեմբերի 9-ին եղավ. Շանթը զոհվեց անօդաչու սարքի հարվածից՝ ինը ընկերների հետ միասին:

Ինչպես հայտնում է ԳԱԼԱ-ն, «Խոսողը չգիտի, իմացողը չի խոսում» գրքի շնորհանդեսն ու հերոսին նվիրված միջոցառում տեղի ունեցավ նաև Գյումրիում:  Գրքի վաճառքի գումարը փոխանցվում է «Շանթ-Դելտա Նավոյան բարեգործական հիմնադրամին», որի հիմնական նպատակն է կրթադաստիարակչական ծրագրերի իրականացումը, սեմինարների, դասախոսությունների կազմակերպումը, արհեստների ուսուցման օժանդակությունը։ Ծրագրերի շահառուներ են հանդիսանում զոհվածների զավակները, քույրերն ու եղբայրները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում հաշմանդամություն ձեռք բերած զինվորները։

Միջոցառմանը ներկա էին Շանթի ծնողները և հարազատները: Ներկաները Շանթի գրքից հատվածներ կարդացին, փորձեցին մեկնաբանել, հասկանալ նրան, այն տղաներին, ովքեր ընկան մարտի դաշտում:

«Փամփուշտները հանեցի գրպանիցս ու տղերքին 1-1 հատով բաժանեցի՝ որպես երաշխիք հայրենի հողում հանգիստ քուն մտնելու համար…». սա Շանթի՝ պատերազմի օրերին արված գրառումներից մեկն է:

 



loading...