Տաթեւ համայնքում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկը. մանդատների բաշխում կլինի հոկտեմբերի 24–ին


Տաթեւ համայնքում ավարտվեց ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկը. մանդատների բաշխում կլինի հոկտեմբերի 24–ին
Հոկտեմբեր 20 15:40 2021

Սյունիքի մարզի Տաթեւ խոշորացված համայնքում հոկտեմբերի 17-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ձայների վերահաշվարկը քիչ առաջ ավարտվեց։ Ընտրություններին մասնակցած երեք ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն այսօրվա վերահաշվարկի արդյունքով՝ ավելացել է 1–ով (անվավեր քվեաթերթիկի հաշվին), «Շանթ դաշինք»-ին եւ «Ապրելու երկիր»-ին տրված ձայների քանակը պակասել է մեկական ձայներով։ Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 20–ին, լրագրողների հետ զրույցում ասաց թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սլավիկ Դադաշյանը։

Նշենք՝ նախօրեին, Շինուհայրի  34/19 տեղամասի ձայների վերահաշվարկի արդյունքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայների քանակն ավելացել էր 9-ով, «Շանթ Դաշինք»-ինը՝ 4-ով, «Ապրելու երկիր»-ինը՝ 1-ով:

ԿԸՀ–ն ՏԻՄ ընտրությունների արդյունքներն ամփոփելու է քվեարկությունից 7 օր հետո՝ հոկտեմբերի 24–ին։ 

«Վերջնական արձանագրություններով, կուսակցություններին տրված ձայների  հաշվարկով, մենք կկատարենք մանդատների բաշխում։ Այսօր վաղ է մանդատների բաշխման վերաբերյալ խոսել»,– ասաց Սլավիկ Դադաշյանը։

Հիշեցնենք՝ Տաթեւ խոշորացված համայնքում վերահաշվարկ պետք է տեղի ունենար 7 ընտրատեղամասում, որից մեկը տեղի էր ունեցել երեկ, 6–ն՝ այսօր։

Ըստ ԿԸՀ կայքում նախքան վերահաշվարկը տեղադրված արձանագրության՝ ընտրություններին մասնակցել է 2615 մարդ, անվավեր է ճանաչվել 49 քվեաթերթիկ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել էր 1280 ձայն, «Շանթ դաշինք»-ը՝ 949, «Ապրելու երկիր»-ը՝ 337: