Վարդան Ղուկասյանը՝ Հարությունյանի հետ հանդիպման, հորեղբոր որդուն չաջակցելու մասին


Վարդան Ղուկասյանը՝ Հարությունյանի հետ հանդիպման, հորեղբոր որդուն չաջակցելու մասին
Հոկտեմբեր 19 14:37 2021

Գյումրիում հոկտեմբերի 17-ին անցկացված ՏՒՄ ընտրությունների արդյուքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտվեց։ Առաջատարը «Բալասանյան» դաշինքն է։ Ինչպես հայտնի է ՔՊ-ն քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր Շիրակի գործող մարզպետ Հովհաննես Հարությունյանի թեկնածությունը։ Այն, որ վերջինս Գյումրիում հեղինակություն չուներ, և բացի այդ ՔՊ-ի ներսում կային տարաձայնություններ Irakanun.am-ն ավելի վաղ էր գրել։ Մենք նաև տեղեկացրել էինք, որ իշխանությունը Գյումրիում հարցումներ էր իրականացրել և արդյունքները գոհացնող չեն եղել։ Հովհաննես Հարությունյանը ևս չնայած այն պնդումներին, որ գուշակ չէ, կանխազգացել էր իր պարտությունը։ Այս ամենով էր պայմանավորված այն հանգամանքը, որ վերջինս մեր ունեցած հավաստի տեղեկություններով դիմել էր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աջակցությանը։

Ավելին Irakanum.am-ի՝ Գյումրիի աղբյուրների փոխանցմամբ Հովհաննես Հարությունյան- Վարդան Ղուկասյան հանդիպում կայացել է նաև ընտրությունների օրը։ Սրա մասին ավելի ուշ տեղեկացել են նաև որոշ ՔՊ-ականներ։ Սրանով էր պայմանավորված ընտրությունների գիշերը ՔՊ-ական Համլետ Մոսինյանի գրառումը, որով նա պահանջում էր Հարությունյանի հրաժարականը։

 
 

«Ես՝ Համլետ Ռուբենի Մոսինյանս, որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ավագագույն անդամներից մեկը, ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՔՊԿ անդամ Հովհաննես Հարությունյանի ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ:

Պահանջի հիմնավորումները կներկայացնեմ ՔՊԿ Գյումրու տարածքային կազմակերպության խորհրդի նիստում:

Առաջարկում եմ շատ շտապ հրավիրել խորհրդի նիստ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Մոսինյանը։

Առայժմ ՔՊ-ականները որեւէ կերպ չեն մեկնաբանում ոչ միայն իրենց կուսակցի գրառումը, այլև՝ ընտրությունների արդյունքները։ ՔՊ-ական նախկին պատգամավոր, ԱԻ փոխնախարար Կարեն Սարուխանյանը, ով նաև Գյումրու ՔՊ տարածքային կառույցի ղեկավարն է գրառում էր արել, շնորհակալություն հայտնելով ՔՊ-ին ձայն տված քաղաքացիներին և տեղեկացրել, թե ամենայն հավանականությամբ ՔՊ-ն Գյումրու ավագանիում կունենա 11 մանդատ։

Ինքը՝ Հովհաննես Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում իր պարտությունը։ Նա հեռախոսազանգերի չի պատասխանում։ Irakanum.am-ը տեղեկացավ, որ Հարությունյանը դեռ արձակուրդում է, ընտրություններից հետո մարզպետարան ևս չի գնացել, հետեւաբար նրանից ճշտել, իր և Ղուկասյանի հանդիպման մասին մեզ չհաջողվեց։ Փոխարենը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մեզ հետ զրույցում հերքեց տեղեկություններն, ասելով, որ որեւէ մեկի հետ հանդիպում չի ունեցել,  ընտրություններին էլ առաջադրված տասը ուժերից որեւէ մեկին չի աջակցել։

«Չէ, մենք ընդհանրապես չենք հանդիպել»,- ասաց Ղուկասյանը, հերքելով նաև ընտրությունների օրը հանդիպման մասին լուրերը։ Ղուկասյանը ասաց նաև, որ ոչ մեկին չի աջակցել։ Դիտարկմանը, թե ձեր հորեղբոր որդին ևս առաջադրել էր իր թեկնածությունը, Ղուկասյանն արձագանքեց․ «Դե հիմա դա, ինչ պետք է, որ դու այդ հարցն ինձ տաս։ Ես ասում եմ չեմ մասնակցել, չեմ  տեսել ոչ մեկին, չեմ քննարկել, չեմ դրել, չեմ վերցրել»։ Ղուկասյանն ասաց նաև, որ անգամ ընտրություններին չի մասնակցել։

Գուցե հենց սրանով էր պայմանավորված, որ ընտրողների նման խայտառակ ցածր ցուցանիշ արձանագրվեց։ Ի վերջո Վարդան Ղուկասյանի ձայնը կարող էր «վճռորոշ» լինել։

Հավելենք, որ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին՝ Արտյոմ Ղուկասյանն է, ով գլխավորում էր ՀՀԿ-ի ցուցակը։ Հանրապետականը ՏԻՄ ընտրություններում հաղթահարել է անցողիկ շեմը և ներկայացված կլինի Գյումրու ավագանիում։