Եթե իշխանություններն առաջնորդվեն հանգամանքով, որ Վանո Սիրադեղյանը վախճանվել է դեռևս պետական գործչի իրավունքով, Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Պանթեոնում. Մերուժան Հովհաննիսյան


Եթե իշխանություններն առաջնորդվեն հանգամանքով, որ Վանո Սիրադեղյանը վախճանվել է դեռևս պետական գործչի իրավունքով, Վանո Սիրադեղյանը պետք է հուղարկավորվի Պանթեոնում. Մերուժան Հովհաննիսյան
Հոկտեմբեր 19 10:30 2021

«Եթե նա մերժում էր որևէ բան, մերժում էր հաստատապես, ընդունում էր՝ ուրեմն համոզված էր դրա իսկության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում քաղաքական, պետական գործիչ, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանին այսպես է հիշում նրա մտերիմներից բանաստեղծ Մերուժան Հովհաննիսյանը։

Բանաստեղծը չի ընդունում «հակասական» բառը, որով հաճախ բնորոշում են Վանո Սիրադեղյանին. ըստ նրա՝ մարդն իր էությամբ և քաղաքական գործիչն առավելապես՝ այդպիսին է:

Քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մասին Մերուժան Հովհաննիսյանը նշեց. «Այն ժամանակահատվածում, երբ նա Հայոց Համազգային շարժման մեջ էր, այդ շարժումը կոսմոպոլիտիստական էր. Վանո Սիրադեղյանը, ի  բացառություն բոլոր ՀՀՇ-ականների, մնաց ազգային մտածողությամբ, հայրենասեր, ազնվագույն քաղաքացի և անպայմանորեն պետական գործիչ»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ պետական գործչի հետ իր շփումն ավարտվել է նրա հեռանալուց երեք օր առաջ:

Հիշեցնենք՝ Վանո Սիրադեղյանը  2000 թվականից սկսած հետախուզման մեջ էր և  այդպես էլ հնարավորություն չունեցավ վերադառնալու հայրենիք:

«Նա մտածում էր, որ մի օր կարող է լինի այնպես, որ ինքն արժանանա կենդանի տեսնել իր հայրենիքը. դժբախտաբար, նա աչքերը փակեց՝ առանց իր երազը կատարվելու,- հավելեց Մերուժան Հովհաննիսյանը՝ տեղեկացնելով նաև, որ Վանո Սիրադեղյանը պատգամել է իրեն մահվանից հետո հուղարկավորել հայրենի Կոթի գյուղում,- Կտակն այդպիսին է, բայց կան այլ հանգամանքներ: Կա պետականորեն սահմանված կարգ. եթե այսօրվա իշխանությունները դնեն այն կատեգորիան, որ նա վախճանվել է դեռևս պետական գործչի իրավունքով, նա պետք է հուղարկավորվի Պանթեոնում, եթե համաձայնության գան այն մտքի հետ, որ նրա ընտանիքը պահանջում է թաղել Երևան քաղաքում, հնարավոր չէ առարկել նաև այդ ցանկությունը»:

Նկատենք՝ Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իշխանություններին Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում։

«Հաշվի առնելով Վանո Սիրադեղյանի՝ գրականության և պետական կառավարման բնագավառներում հայ ժողովրդին մատուցած ծանրակշիռ ծառայությունները, կոչ ենք անում Հայաստանի կառավարությանը՝ Վանո Սիրադեղյանին հուղարկավորել Կոմիտասի անվան պանթեոնում»,- նշվում էր հայտարարության մեջ: