Փրկված կյանքով կյանք տանք. Արթուրի ու ընկերների պատմությունը


Փրկված կյանքով կյանք տանք. Արթուրի ու ընկերների պատմությունը
Հոկտեմբեր 19 11:44 2021

 

2020 թվականի դեկտեմբերի 20-ին տեղեկացանք, որ ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնված 6 զինվոր փրկվել ու վերադարձել է Հայաստան: Պատերազմի օրերին տղաները հայտնվել էին թշնամու թիկունքում, բայց հրաշքով աննկատ մնացել: Նրանց թվում էր նաեւ Արթուր Հարությունյանը, ով Մեդիամաքսին պատմել է շրջափակման մեջ հայտնվելու ու երկու ամիս այլ աշխարհում ապրելու մասին:

 Դեռ կրակել չսովորած

 

Ծնունդով Մարտակերտից եմ, 2016 թվականից Ստեփանակերտ եմ տեղափոխվել՝ ուսման բերումով, հիմա էլ սովորում եմ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ճարտարագիտություն բաժնում:

Բանակ գնալու առումով ամենաուրախը չէի, բայց եւ հասկանում էի՝ ապրում ենք Հայաստանում, հատկապես ես էլ Արցախից եմ, պիտի գնամ, այլ մտքեր չկային: 

Բանակ զորակոչվեցի 2020 թվականի հուլիսի 6-ին: Համավարակի հետ կապված միջոցառումների բերումով մեկ ու կես ամիս Մարտունիում էինք, հետո գնացինք Մեխակավան (Ջրական): Ծառայությունն ինձ համար սահուն էր ընթանում մինչեւ պատերազմը:

Զենքին լիարժեք տիրապետել չէինք հասցրել սովորել, քանի որ պատերազմը սկսվեց մեր Ջրական տեղափոխվելուց շաբաթներ անց: Իմ անունից կարող եմ ասել, որ ես պատրաստ չէի պատերազմին, սովորելու շատ բան ունեի:

Սեպտեմբերի 27-ի առավոտյան մեր ուսումնական գումարտակն առաջին անգամ բարձրացավ դիրքեր: Անսովոր էր, անսպասելի էինք գնացել, գրեթե ոչինչ չունեինք մեզ հետ, չգիտեինք անգամ, թե որտեղ ենք պատսպարվելու: Մենք սովորում էինք կռվել՝ պատերազմին զուգահեռ: Ունեինք ավագ ծառայակից ընկերներ, որ որոշակիորեն օգնում էին: Սպաների մասին խոսել չեմ ուզում:

 

Արթուր ՀարությունյանըԱրթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Ես ու ընկերս մտածում էինք՝ տեսնես ի՞նչ անուն կստանա այս պատերազմը՝ երկօրյա՞, քառօրյա՞: Երբ հասանք մեկ շաբաթյա անվանմանը, դադարեցինք հաշվել. հասկացանք՝ դեռ երկար ենք հաշվելու:

 

Երբեք չգիտես՝ ինչ կլինի հաջորդիվ

 

Հեռախոսները գրեթե չէինք միացնում, առաջին երեք օրը ընտանիքս ինձնից լուր չուներ: Հետո մի անծանոթ զինվոր, երբ անունս պատահաբար լսեց, ազգանունս ճշտեց ու ասաց՝ ծնողներդ ուզում են կապվել քեզ հետ: Հարմարեցրի, մեկ րոպե կարողացա խոսել, շատ հուզվեցին:

Մինչեւ հոկտեմբերի 6-ը դեռ Ջրականում էինք, հետո ստիպված էինք նահանջել: Մենք տեսնում էինք, թե ինչքան տեխնիկա ու զորք է մոտենում մեզ: Մեր այդտեղ մնալը, որեւէ բան չէր փոխելու՝ բացի զոհերի թիվն ավելացնելուց:

Գնացինք դեպի Հադրութ: Մի քանի օր այնտեղ մնալուց հետո մեզ տարան մի բարձունք, որը պետք է պաշտպանեինք, բայց դա շատ անկազմակերպ էր: Հենց այդ պահին էլ մեզ վրա հարձակվեցին. փամփուշտներն անցնում էին իմ դիմացով ու շատերի միջով: Պիտի նահանջեինք: Այնպես ստացվեց, որ մեր ընդհանուր զորքի մի մասն անցավ առաջ, սակայն այդ ուղղությամբ կրակոցներն ուժգնացան: Մենք չգիտեինք՝ ինչ է կատարվում այնտեղ: Մեզ հետ մի կամավոր կար, համեմատաբար ցածր կոչումով մի հրամանատար, իսկ մնացյալս երեք ամսվա ծառայողներ էինք՝ մոտ 100 զինվոր: Մեզ կապ տվեցին, որ բարձրանալ պետք չէ, իջանք Հադրութ ու այդտեղ էլ ընկանք շրջափակման մեջ:

Մեզնից առաջ ընկած խմբի մեծ մասին հաջողվել էր փրկվել, սակայն արդեն հետագայում իմացանք, որ իրենց մեքենան են պայթեցրել: Երբեք չգիտես, թե հաջորդիվ ինչ է լինելու: Գուցե հենց շրջափակման մեջ ընկնելն էր, որ փրկեց մեր կյանքը:

 

Մահվանը սպասելով

 

Առաջինը սպանեցին հրամանատարին ու կամավորին: Շատերը զոհվեցին, մի մասն էլ փորձում էր փախչել-փրկվել: 30 հոգով պատսպարվեցինք մի փոսում, շատ վիրավորներ կային: Կապ էինք տալիս, ասում՝ շրջափակման մեջ ենք, լսում էինք թուրքերի խոսակցությունները, մտածում՝ ամեն պահի կմտնեն այդ փոսը ... բայց չեկան: Երեք օր այդտեղ էինք, բայց հայկական ուժերը չէին կարողանում մեզ մոտենալ: 

Մի հրամանատար կար, որ ցավոք, հիմա էլ շարունակում է հրամանատար լիներ, ասում էր՝ գալիս ենք, համարյա հասել ենք: Մենք ուզում էինք հավատալ, որ գալիս են, բայց իրականում մի ամբողջ գիշեր պարզապես մեր մահվանն էինք սպասում: Եթե մեզ հետ անկեղծ լինեին, ավելի շուտ կմտածեինք այլ ճանապարհների մասին: 

Ծանր վիրավորների մեծ մասը մահացավ, մնացինք 21 հոգով, որից 4-ը՝ վիրավոր: Հասկանում էինք, որ այլեւս անիմաստ է սպասելը: Վիրավորներին շալակած տանելով, սողալով՝ գիշերը դուրս եկանք այդտեղից ու գնացինք դեպի մի գյուղ: Առավոտյան մի տուն մտանք, որոշ ժամանակ այդտեղ մնացինք, բանկաներով ուտելիքներ կային: Դրան նախորդած երեք օրերին տղաներից մեկի 2-3 պահածոներով էինք բավարարվել 21 հոգով, ջուր էլ առհասարակ չունեինք:

Մինչեւ հոկտեմբերի 16-ը ունեցել ենք կապ: Ես խոսում էի հայրիկիս հետ, նա փորձում էր օգնություն գտնել, բայց չէր ստացվում, որովհետեւ արդեն թշնամու թիկունքում էինք: Շատ ժամանակ անց, երբ քեռուս հետ Արցախում էի, հեռվից ցույց տվեց այդ տունը, որտեղ պատսպարվել էինք մի քանի օր: Ասաց, որ իրենք դիմացի բարձունքին էին, բայց մոտենալ չէինք կարողանում:

 

Վեցի որոշումը

 

Շուտով թշնամին բացահայտեց մեր պատսպարանը: Ջարդեցին դարպասները, բայց այդ պահին հայկական հրետանին հարվածեց: Այդ ամբողջ գիշերն անքուն սպասում էինք, որ ուր որ է կգան: Հաջորդ օրը մի մեքենա մոտեցավ, սպային սպանեցինք, վարորդը փախավ, իսկ մենք թաքնվեցինք անտառում: 

2-3 շաբաթ անտառում էինք: Վիրավորներից մեկն անտառում մահացավ: Գիշերները գնում էինք այդ գյուղից ուտելիք բերելու, իսկ ցերեկներն անշարժ էինք: Սկզբում ծառերի տերեւները օգնում էին թաքնվել, հետո արդեն տերեւաթափ էր: Անշարժ նստում էինք, որովհետեւ երբ իրենց մեքենաներն անցում էին գյուղով, մենք տեսնում էինք իրենց:

 

Արթուր ՀարությունյանըԱրթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Երբեմն խոսում էինք շշուկով, որովհետեւ առանց դրա կգժվեինք: Քննարկում էինք՝ ինչ անել: Տարբեր առաջարկներ կային, բայց ոչ ոք իր որոշումը չէր կարող մյուսին պարտադրել. ամենաուղիղ իմաստով կյանքի ու մահվան հարց էր: Որոշեցինք խմբերի բաժանվել, որ յուրաքանչյուրն անի այն, ինչ ինքն է ճիշտ գտնում: Նոյեմբերի 6-ն էր կարծես, երբ ես ու 5 ընկերներս որոշեցինք գնալ մի տան տանիք՝ մյուսներից նորմալ բաժանվելով: 

Մեր որոշումը նրանով էր պայմանավորված, որ ցրտում էր, ու անտառում մնալ այլեւս չէր լինի, իսկ այլ տեղ գնալը մահացու կարող էր լինել: Այդ տանիքը տեսել էինք գիշերը ուտելիք բերելուց:

 

 

Անկոչ, բայց սպասելի «հյուրերը»

 

Նոթատետր ունեի, որտեղ ամեն օր մի քանի տող էի գրում, ամիսն ու օրն էլ այդպես էի հաշվում: Նոյեմբերի 10-ին կռահեցինք, որ պատերազմն ավարտվել է, որովհետեւ դրա նախորդ օրերին մարտերը շատ ուժեղ էին ընթանում, իսկ այդ օրը իրենք որոշ ժամանակ օդ կրակեցին. երեւի իրենց հաղթանակի տոնն էր:

Պատերազմի ավարտից հետո սկսեցին տներով շրջել: Այդ տուն եւս մտան, բայց տանիք չբարձրացան: Տանիքի մուտքի մոտ տախտակներ էինք դրել, վրան էլ ծանր բաներ: Զենքով խփեցին, չբացվեց, ինչ-որ բաներ խոսեցին, ու հեռացան: Այդ օրը հասկացանք, որ այլեւս տանիքում մնալ չենք կարող: 3 օրվա համար ուտելիք վերցրինք, ու գիշերով շարժվեցին՝ գնալով դեպի այն բարձունքը, որտեղ շրջափակման մեջ էինք ընկել: Ուզում էինք վերեւից նայել ու հասկանալ՝ որտեղ ենք, ուր կարող ենք գնալ:

Չափազանց հյուծված ու սպառված էինք: Քանի որ մինչ այդ էլ օրերով անշարժ պառկած էինք եղել, նախատեսվածից դանդաղ էինք առաջ շարժվում: Ջանում էինք մեր ուժերի առավելագույն չափով:

 

Լիալուսնով ճանապարհը

 

Բարձունքից լույսեր տեսանք, հասկացանք, որ Իրանի լույսերն են: Որոշեցինք այդ կողմ գնալ՝ հուսալով, որ այդ ուղղության հսկողությունն ավելի թույլ կլինի:

 

Գնացինք մի գյուղ, ուտելիքներ վերցրինք, ձեթի վրա բրինձ եփեցինք: Առաջին անգամ այդ ընթացքում ջուր գտանք, մինչ այդ միայն կոմպոտ էինք խմում: Մոտ 8 օրվա պաշար վերցրինք ու ճամփա ընկանք:

Մեր ընկերներից Արմանն էր, որ իր մտքում պատկերացրել էր՝ ուր պետք է գնանք, ինչ ճանապարհ ու ինչ ժամանակահատվածում պետք է հաղթահարենք: Տեղանքում ամենալավն ինքն էր կողմնորոշվում, թեեւ մինչ այդ կարծում էր, որ կողմնորոշումից թույլ է:

Գիշերներն էինք քայլում, բախտավոր էինք, որ լիալուսին էր: Հետո սկսեց ձյուն տեղալ, շուրջբոլորը սպիտակում էր ու դժվարացնում կողմնորոշումը: Արդեն ցրտահարվում էին մեր ոտքերը: Կորցնում էինք ճանապարհը, հետո նորից գտնում:  Այդպես քայլեցինք մոտ 12 օր:

Ճանապարհի ամբողջ ընթացքում փորձում էինք փոքր էլեմենտների միջոցով հին մոդելի հեռախոսներից մեկը լիցքավորել, որ երբ կապ լինի, կարողանանք զանգել: Սկզբում չէր ստացվում, որովհետեւ շատ ցուրտ էր. փորձում էինք մարմնով տաքացնել: Ի վերջո, ինչ-որ ձեւով ստացվեց լիցքավորել, մնում էր կապ գտնել:

 

Կապի վերականգնում

 

Շուտով մի գյուղ հասանք, որտեղ ի ուրախություն մեզ՝ սննդի շատ պաշարներ կային: Հետո Արմանը հանեց հեռախոսը, պարզվեց՝ գյուղում հայկական կապ է բռնում: Կապվեցինք ՀՀ պաշտպանության նախարարության հետ, հետո Արմանն իր եղբորն էլ զանգեց:

Հիշում եմ այդ զանգը: Երբ Արմանը խոսում էր, հինգս կողքից նայում ու լացում էինք, որովհետեւ նա խոսում էր իր եղբոր հետ: Հակառակ կողմում էլ լսում էինք Անդոյի տխուր ձայնը՝ ու՞ր ես: Արմանն ասում էր՝ «ժամանակ չկա» ու տալիս մեզ համար այդ պահին ամենաէական հարցերը: Իրականում Անդոն կարողացավ արագ իրեն հավաքել ու շատ օգնեց:

Տեղանքին լավատեղյակ մի մարդու բացատրեցինք, թե որտեղ ենք, նա միանգամից գլխի ընկավ: Դեկտեմբերի 20-ին եկան մեր հետեւից: Ռուս խաղաղապահներ էին, Կարմիր Խաչի ներկայացուցիչներ, տեղանքին ծանոթ հայ ուղեկցողներ ու թուրք (նկատի ունի ադրբեջանցի` հեղ.) զինվորներ: Վերջիններս սկզբում քիչ էին, բայց երբ տեսան, որ եկել են ոչ թե հայկական դիերի, այլ ողջերի հետեւից՝ միանգամից շատացան: Նողկալի հայացքով նայում էին: Ուզում էին մեզ Բաքու տանել՝ որպես ռազմագերի, սակայն ՌԴ խաղաղապահ զորքերի այդ ժամանակվա հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ դա տեղի չունեցավ:

 

Դեպի տուն

 

Մեզ տանում էին Ստեփանակերտ: Շատ երկար ճանապարհ էր, մեզ անդադար կանգնեցնում էին, գրանցում մեր մասին ամեն մի տվյալ, առգրավվում մեր իրերը: Նոթատետրս էլ վերցրին: Ես դրանում նշումներ էի անում, որ մեզ հետ տեղի ունեցած պատմությունը մարդկանց հասցնելու գոնե փոքր-ինչ հավանականություն լիներ: Բայց հոգ չէ, ավելի լավ է, որ ես վերադարձել ու պատմում եմ:

Մեքենայից ճանապարհը գրեթե չէր երեւում, մի նեղ արանք կար, որտեղից էլ արագ ճանաչեցի Ստեփանակերտի սկզբնամասը: Մեզ տարան Արցախի նախագահի հետ հանդիպման, որտեղ էլ առաջին անգամ տեսա պապայիս:

Պարզվում է, որ մեր կորելու ընթացքում մեր ընտանիքներն իրար գտել ու միասին աշխատում էին: Պապան շատ-շատ է տանջվել, լրիվ մասնակցել է բոլոր գործընթացներին: Մեզ բերելու առաջին օրն էլ լրագրողներին թողնում էին մեզ մոտ բարձրանալ, իսկ ծնողներին՝ ոչ:

 

Արթուր ՀարությունյանըԱրթուր Հարությունյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Հետո մաման եկավ Երեւանից: Առաջին անգամ որ տեսա, այնքան նիհարած էր, կես էր դարձել, մազերն էլ լրիվ սպիտակած: Ինձ որ տեսավ, գույնը մի քիչ տեղն եկավ:

Իրականում մաման էր ուժ ու հույս տալիս պապային, որ ես ողջ եմ ու պետք է շարունակի որոնումները: Բոլորն ասում են, որ ամենաշատը մաման էր հավատում, նույնիսկ մեսինջերով ինձ նամակներ էր գրում, որ հիմա երբեմն կարդում եմ:

Թե´ Արցախում, թե´ Երեւանում շատ ջերմ մթնոլորտ էր, հիվանդանոցներում մեզ ինչպես տանն էինք զգում: Բոլորս մեծ ընտանիք էինք դարձել:

 

Այլ աշխարհում

 

Կարծես այլ աշխարհ էինք ընկել, 21-րդ դարում չէինք: Երբ ընկանք շրջափակման մեջ, սկզբից դա երազ էր թվում, հետո դա դարձավ իրականություն ու վերադարձն էր երազ թվում: Այդ օրերին երազն ու իրականությունը խառնվել էին, ես հաճախ այդ պահին չէի հասկանում՝ երբ էի երազ տեսնում, երբ էի արթուն: Բայց երազներս հիմնականում հուսադրող էին, ընտանիքիս հետ էի ինձ տեսնում:

Անգամ ամենածանր պահերին փորձում էինք մեկս մյուսին ուրախացնել, անընդհատ կատակներ էինք անում, ձգտում լավ մթնոլորտ պահել, զրուցում առօրյա թեմաներից: Եթե դա չլիներ, մենք տուն չէինք հասնի:

Այդ ամբողջ ընթացքում ինձ համար ամենամեծ լույսը ընտանիքիս պատկերացնելն էր: Գլխումս սցենարներ էի պատկերացնում, թե ինչպես երկար դադարից հետո կտեսնեմ ծնողներիս, ինչ կխոսեմ նրանց հետ: Ընկերներիս էի պատկերացնում, ամենասովորական ու հաճախ ձանձրալի թվացող կյանքն այդ ժամանակ երազանք էր:

Մարդն ընդհանրապես ունակ է յուրաքանչյուր իրավիճակում իրեն գտնելու, ադապտացվելու: Նախկինում երբեք չէի պատկերացնի, որ կարող եմ այդքան բանի միջով անցնել ու ողջ մնալ: Բայց մարդն այդպիսին է:

 

Նախկին իրականությունը՝ նորովի

 

Վեցիս ոտքերն էլ ցրտահարվել էին ու մեզ ամպուտացիա էր սպասվում: Ոտքերիս ծածկոց էր փռած, բժիշկները հերթով գալիս բացում էին, ապշահար նայում, էլի ծածկում ու ասում՝ բան չի եղել, ամեն ինչ նորմալ է:

Մի ոտքիս մատներն ամպուտացրին, դա ինձ համար չարյաց փոքրագույնն էր այդ ամենից հետո: Մյուսների դեպքերը թեեւ ավելի ծանր էին, սակայն բոլորս էլ հետզհետե կյանք մտանք:

Երբ նոր էինք եկել, ամեն ինչ մի տեսակ շատ-շատ էր: Պատկերացրեք, որ երկար ժամանակ միայն 6 հոգով էինք, շշուկով էինք խոսում, հետո գալիս ես մայրաքաղաք, որտեղ աղմուկ է ու մշտապես շատ մարդկանցով ես շրջապատված: Բայց էլի հարմարվեցինք: Սեպտեմբերից սկսեցի ուսանողական կյանքս, մինչ այդ էլ դիզայներական կուրսեր անցա ու հիմա նաեւ աշխատում եմ:

 

Փրկված կյանքով կյանք տանք

 

Արցախը միշտ եմ սիրել, բայց նախկինում այսքան չէի գնահատում: Հիմա հասկանում եմ, թե ինչքան կարեւոր է մեզ մնացած Արցախի փոքր մասը, ինչ արժեք է մեզ համար ու ինչքան պետք է սիրենք, պահենք: Պատերազմի միջով բոլոր անցածներն էլ սա հասկացել են, վերարժեւորել ընտանիքը, հարազատների հետ շփումը, ամենասովորական պահերը:

Սովորել եմ, որ պետք չի շատ մեծ ծրագրեր կազմել անձնական ապագայի համար: Պիտի ձգտես անել այն, ինչ այդ պահին ես ուզում, որովհետեւ կարող է գալ հաջորդ պահը, որտեղ այլեւս չկա գործելու հնարավորությունը:

Մինչ օրս էլ տեսնում ենք, թե ինչ է կատարվում մեր երկրի սահմաններին, բայց եւ ցավոք, մնում է անպատասխան: Մարդկանց անտարբերությունն ինձ համար պարզապես զզվելի է: Նորմալ է, որ փակվում է Գորիս-Կապան ճանապարհը ու իրենք էլ գնում են սեպտեմբերի 21-ի շքեղ միջոցառման: Ցավալի է, որ մարդիկ դեռ չեն տեսնում, թե ինչ է կատարվում ներկայիս իշխանության պատճառով:

Ինչքան էլ դժվարություններով լի է Արցախ ունենալը, ինչքան էլ դժվարություններով է սահման պահելը, Հայաստանում ապրելը, մենք պետք է հասկանանք, որ սա մերն է ու այստեղից դուրս մենք տուն չունենք: Այսքան արյուն է թափվել, արվածը չպետք է իզուր լինի, պիտի ապրեցնենք մեր հայրենիքը, կյանք տանք: Եթե ամեն մեկը մյուսի վրա բարդի, կմնանք առանց ոչնչի: Ամեն ինչ մեզնից է սկսում: Ես էլ մեծ ծրագրեր ունեմ Արցախի համար ու գնում եմ դեպի դրանք:

 

Գայանե Ենոքյան

Լուսանկարները՝ հեղինակի



loading...