Եթե կան կորոնավիրուսի կլինիկական ախտանշաններ, ՊՇՌ թեստի բացասական արդյունքն արդեն երկրորդական է. Համաճարակաբան


Եթե կան կորոնավիրուսի կլինիկական ախտանշաններ, ՊՇՌ թեստի բացասական արդյունքն արդեն երկրորդական է. Համաճարակաբան
Հոկտեմբեր 4 23:00 2021

 

ՀՀ առողջապահության նախարարի 20.08.2021 թվականի հրամանով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի թիվ 17-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ են կատարվել, որով սահմանում է, որ աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (այսուհետ` ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստ: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային ամսաթվի հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը: Այսինքն՝ 14 օրը մեկ թեստ հանձնելու պարտավորության 14-օրյա հաշվարկը սկսվում է հրամանն ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից՝ հոկտեմբերի 2-ից: Առղջապահության նախարարության փոխանցմամբ՝ ՊՇՌ հետազոտության արդյունքն աշխատողները կարող են ներկայացնել հոկտեմբերի 14-ից:

 

Բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ զրույցում փորձեցինք պարզել, թե ինչպե՞ս է պատահում, որ մարդն ունենում է կորոնավիրուսին բնորոշ բոլոր ախտանշանները, սակայն ՊՇՌ հետազոտության արդյունքը բացասական է լինում:

«Համաճարակի սկզբից էլ ասվում էր, որ կարող են լինել բացասական թեստի կեղծ պատասխաններ: Համաճարակի սկզբից էլ պայքարում ենք նրա համար, որ բացասական թեստով, բայց ախտանշաններով մարդիկ համարվեն կորոնավիրուսով հիվանդ և բուժվեն, բայց մեզ մոտ այդ մարդիկ կորոնավիրուսով հիվանդ չէին համարվում և գնում ոչ թե պետպատվերով, այլ փողով էին բուժվում: Մինչ օրս էլ ամբողջ աշխարհում կլինիկան ընդունում է նաև ՊՇՌ թեստի բացասական արդյունքի դեպքում ու մարդուն որպես կորոնավիրուսով վարակված բուժում են: Իսկ մենք ինչ-որ ձևով կրճատում ենք կովիդով վարակվածների թիվը, որ հիվանդանոցներում չպառկեն: Սա ևս խնդիր է, բայց ասեմ, եթե կան կլինիկական ախտանշաններ, ՊՇՌ թեստն արդեն երկրորդական է: Եթե հաստատում է, հաստատում է, եթե բացասական է, ինքը չի բացառում կորոնավիրուսի առկայությունը»,- պատասխանեց նա:

Հարցին, արդյո՞ք փոխվել են ախտանշանները, համաճարակաբանը նկատեց. «Մարդու օրգանիզմից է կախված: Որոշակի փոփոխություններ կարող են լինել վիրուսի մոտ: Պարզ է, այն արդեն ապրում է մարդու պոպուլյացիայում, և վիրուսը փոխում է մարդուն, մարդը՝ վիրուսին: Ընդհանուր փոփոխություն կարող է լինել և՛ ախտանշաններում, և՛ վարակելիությունում, և՛ իր փոխանցելու ունակությունում: 1.5 տարի է, վիրուսն ապրում է մարդու պոպուլյացիայում. տրամաբանական է, որ փոխվելու է»:

Խոսելով տարածված առասպելների, բնակչության շրջանում վախերի մասին՝ կապված պատվաստանյութերի քիչ փորձաշրջան անցնելու, ծանր մետաղներ պարունակելու մասին, Էդուարդ Հովհաննիսյանը կարևորեց անվստահության մթնոլորտի հաղթահարումը:

«Անվստահության խնդիրը շատ ավելի խորն է: Նախևառաջ գլոբալ անվստահություն կա: Կարծում եմ՝ պարտադրանքով պետք չէ խոսել: Իրարամերժ հայտարարություններ են անում մինչ օրս, սկսում են վախեցնելով խոսել, սակայն ինչքան փորձում ես վախ սերմանել, այնքան բացաասական էֆեկտ ես ստանում: Սկսել են վերակենդանացման բաժանմունքում գտնվողների նկարներ դնել և մարդկանց վախեցնել դրանով, բայց հակառակ էֆեկտն են ստանալու, որովհետև պատմության մեջ այդպիսի փորձ կա. ՁԻԱՀ-ի ոլորտում 10 տարի աշխատել եմ, գիտեմ: Պատնեշ են ստեղծում մարդիկ, նույնը հիմա է կատարվում: Ինչքան փորձեն մահով վախեցնել, այնքան մարդիկ հեռանալու են այդ խնդրից, չեն մտածելու դրա մասին, որովհետև մարդիկ չեն ուզում մտածել վատ բաների մասին: Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա բնական է, որ նոր պատվաստանյութի երկարաժամկետ ազդեցությունը պարզ չէ: Կարճաժամկետը 2-3 տարի է, երկարաժամկետը՝ 5-10 տարի, հետևաբար՝ մենք պետք է թիրախային գնանք պատվաստելու. սկզբում այն մարդկանց, որոնց հիվանդանալու ռիսկը շատ ավելի մեծ է վարակվելու և այն ծանր տանելու դեպքում, քան թե պատվաստանյութից կարող է ինչ-որ բան առաջանալ: Հիմա ասում են՝ ծանր մետաղներ… պետք է հասկանանք դա. մենք պետությո՞ւն ենք, թե ի՞նչ ենք: Եկեք հետազոտենք, տեսնենք՝ ծանր մետաղ կա՞, թե՞ չկա, ուրիշ բան կա՞, թե՞ չկա: Գուցե գենետիկական հետազոտություն չկարողանանք անել, բայց եկեք անենք այն, ինչ կարող ենք, և մեր սեփական հետազոտություններով հիմնավոր պատասխան տանք մեր բնակչությանը: Եթե չենք կարողանում, այդ անվստահությունն էլ այդտեղից է գալիս: Սեփական կարծիք չունենալն արդեն անվստահություն է առաջ բերում: Առողջապահության փոխնախարարը հիմնավորում է իր կարծիքը Ռուսաստանի նախարարի հարցազրույցով: Է, հետո՞»,- մանրամասնեց համաճարակաբանը:

Հետաքրքրվեցինք՝ իսկ ամբողջ աշխարհում արվո՞ւմ են գենետիկ հետազոտություններ, Էդուարդ Հովհաննիսյանը պատասխանեց՝ ոչ. տարբեր հետազոտություններ են արվում, տարբեր տվալներ կան:

«Ամեն դեպքում, ինձ թվում է՝ ինքնիշխան պետություն ենք, սուվերենություն պետք է ունենանք մեր որոշումներում, պետք է հասկանանք, որ մենք էլ ունենք ազգային անվտանգության հարցեր»,- եզրափակեց համաճարակաբանը:

Հավելենք, որ այս տարվա աշնանը կորոնավիրուսի ախտանիշները փոխվել են: Այժմ այս հիվանդությունը սկզբնական շրջանում կարելի է շփոթել մրսածության կամ գրիպի հետ: Այս մասին հայտարարել են ռուսաստանցի բժիշկները: Կորոնավիրուս վարակի նոր ախտանիշն ուժեղ հարբուխն է, որը նախկինում չի եղել: Եթե նախկինում հիվանդների մոտ թոքաբորբը զարգանում էր յոթերորդ օրը, ապա հիմա այն սկսվում է երրորդ օրը: Կարող է լինել կոկորդի ցավ, բարձր ջերմություն, գլխապտույտ, խլություն և հոտառության կորուստ:

Տեղեկացնենք, որ հոկտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 265 317 դեպք, որոնցից 244 842-ը` առողջացած, 5397-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 860 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 755 063 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 7533 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 627 նոր դեպք: Ունենք 832 առողջացած, 25 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1218 է: