Պատվաստումից մահվան դեպքեր չեն գրանցվել. «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում». ԱՆ


Պատվաստումից մահվան դեպքեր չեն գրանցվել. «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում». ԱՆ
Սեպտեմբեր 29 15:02 2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Այս մասին հայտարարություն է տարածել Առողջապահության նախարարությունը:

Հայտարարությունում ասվում է. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է.

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը:

Միաժամանակ, հիշեցնում ենք, որ անձը համարվում է լիաժեք պատվաստված, եթե ստացել է COVID-19-ի դեմ 2 դեղաչափ պատվաստում, իսկ առավել արդյունավետությունը ձևավորվում է, եթե 2-րդ դեղաչափից հետո անցել է առնվազն 2 շաբաթ: Հակառակ դեպքում հնարավոր է, որ անձը ստացած լինի պատվաստումները, սակայն պատվաստանյութը չհասցնի աշխատել` ժամանակային առումով, և անձը վարակվի կորոնավիրուսով, զարգանա հիվանդության ծանր ընթացք ու մահանա:

Լրատվամիջոցներին հորդորում ենք չստուգված և միակողմանի տեղեկատվություն չտարածել:

Նման իրավիճակից խուսափելու համար կրկին դիմում ենք մեր հայրենակիցներին` օր առաջ պատվաստվել և կանխարգելել կորոնավիրուսային հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր և մահվան դեպքերը»:



loading...