Մարությանը՝ իշխանական մամուլի թիրախում․ ինչ է պլանավորել իշխանությունը


Մարությանը՝ իշխանական մամուլի թիրախում․ ինչ է պլանավորել իշխանությունը
Սեպտեմբեր 22 23:00 2021

Երեկ՝ սեպտեմբերի 21-ի Անկախության օրվան նվիրված տոնակատարություններին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի մասնակցել։ Մարությանն իհարկե շնորհավորական ուղերձ էր հղել, որն եզրափակել էր տեղեկացնելով, որ այս օրերին ընտանիքով գտնվում է Արցախում։ Մարությանը միանգամից երկու «ապտակ» է հասցրել իշխանությանը։ Նա տոնակատարություններին չմասնակցելով նախ ցույց է տալիս, որ հարթակում կանգնողների կողքին կանգնել չի ցանկանում, որքան էլ միջոցառումը «գունագեղ» է։

Իսկ Արցախում գտնվելու մասին Մարությանը բնականաբար հատուկ է արել։ Ինչպես հայտնի է երկրի բարձրաստիճան ղեկավարությունը նոյեմբերի 9-ից հետո այդպես էլ Արցախ չի գնացել, փոխարենը Երևանի քաղաքապետն է շեշտում, որ այս օրերին հայկական երկրորդ հանրապետությունում է գտնվում, չնայած, որ կարող էր Չեխիայում լիներ։

 
 

Իշխանությունն իհարկե Մարությանին հանդուրժել վաղուց չի  ցանկանում։ Փաշինյան- Մարության առճակատումն ակներև դարձավ արտահերթ ընտրությունների ընթացքում և դրան հաջորդած օրերին։ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը ընտրությունների հաջորդ օրը  հայտարարեց թե,  Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրություններին «ակներև չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» և այս պարագայում անհրաժեշտ է լուծում, որից «քաղաքը չի տուժի»»։Հարությունյանը «Ազատության» եթերում նաև ասել էր, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. — «Էս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

Մարությանը խոսնակի շուրթերով պատասխանեց կառավարությանը, տեղեկացնելով, որ քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով։

Մի քանի օր տևեց հեռակա բանավեճը, որն նույն արագությամբ ավարտվեց։ Վերևում արդեն շեշտել էինք, որ կենտրոնական իշխանությունը ցանկություն ունի ազատվելու Հայկ Մարությանից, բայց միաժամանակ ունի վախեր։ Իշխանությունը մտավախություն ունի, որ Երևանի արտահերթ ընտրություններին չի հաջողի և ընդդիմությունը կկարողանա Երևանում իշխանություն կվերցնի։ Հենց այս հանգամանքն էլ պատճառներից գլխավորն է, որը իշխանությանն այս պահին հետ է պահում հասնել Մարությանի հրաժարականին։ Խնդիրն իհարկե կարող է լուծվել ավագանու միջոցով։ Գաղտնիք չէ, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության մեծամասնությունը կողմ է Մարությանի հեռացմանը, բայց այդ դեպքում ավագանին քաղաքապետ պետք է ընտրի իր կազմից։ Ու քանի, որ իշխանությունը կարծում է, որ ավագանու կազմում այդպիսի անձիք չկան, հետեւաբար Մարությանի «մերժման» գործընթացը ձգձգվում է։

Բայց այս ամենի հետ մեկտեղ պարբերաբար իշխանական մամուլը անդրադառնում է Մարությանին։

Այսպես օրինակ Նիկոլ Փաշինյանի աներձագ Հրաչյա Հակոբյանի քավոր Էդգար պատկանող Freenews.am լրատվական կայքը անդրադառնալով Մարությանի՝ անկախության օրվան  նվիրված տոնակատարությանը չմասնակցելու հանգամանքին, իբրև թե «վերլուծական» է գրել, այն վերնագրելով․ «Հայկ Մարությանը սուտ հայրենասիրություն խաղալ»։  Իսկ medianews.am-ը, որը հավաստի տեղեկությունների համաձայն Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի կայքն է, հղում անելով իր աղբյուրներին գրել է, թե քաղաքապետարանի աշխատակիցների հետ խորհրդակցությունների մեկի ժամանակ, երբ խոսք է գնացել ներդրումների մասին, քաղաքապետ Հայկ Մարությանը նման հայտարարություն է արել.

 

«Խելացի մարդը էս երկրում ներդրում չի անի, էնա ես ոնց եմ անում…»:

Հրապարակումն էլ բնականաբար վերջին մտքով վերնագրել։

 

Ի դեպ այդ հոդվածը անանուն է, ու սա այն պարագայում, երբ իշխանությունն ու իբրև թե կեղծ ու մանիպուլյատիվ, անանուն հրապարակումների, բայց իրականում ոչ իշանական ԶԼՄ-ների դեմ պայքարողները ուշադրությամբ հետևում են մամուլի հրապարակումներին ու «մասնագետի», ավելի կոնկրետ «դատավորի» կարգավիճակով որոշումներ կայացնում։ Այդ դեպքում ինչու՞ հիմա չի ստուգվում տեղեկատվության իսկությունը։ Սրանք հարցեր են, որոնց առաջիկայում դեռ կանդրադառնանք։

Վերադառնալով իշխանություն- Երևանի քաղաքապետ Հայկ Մարության հարաբերությունների լարմանը, ապա նշենք, որ դարձյալ մամուլի հրապարակումների համաձայն Երևանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է  նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ՔՊ ցուցակով պատգամավոր դարձած Խաչատուր Սուքիասյանը։ Իսկ սա արդեն ուրիշ խոսակցության թեմա է։