Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Սասուն Խաչատրյանը


Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակվեց Սասուն Խաչատրյանը
Սեպտեմբեր 16 12:08 2021

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության մրցույթում ամենաբարձր միավորները ստացել է Սասուն Խաչատրյանը և նրա թեկնածությունը ներկայացվել է կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակելու համար։ Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Մասնագիտացումը բերելու է արդյունավետության բարձրացման։ Կառույցը սկսելու է գործել առավելագույնը 1 ամիս և 6 օր անց։ Ամբողջ ծավալով կսկսի գործել հաջորդ տարվա սկզբին։ Ընթացքում նախատեսվում է կառույցի համար ստեղծել տարածքային մարմիններ և կսկսի գործել ամբողջ թափով»,-նշեց Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ մարտին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում և Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում:

 
 

Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 80 «կողմ», 38 «դեմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:

Որոշվել է նաև լուծարել Հատուկ քննչական ծառայությունը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում պաշտոնի նշանակվելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով կնշանակվի 20 անձ:



loading...