Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա այցի համար ծախսվել է 16,9 միլիոն դրամ


Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա այցի համար ծախսվել է 16,9 միլիոն դրամ
Հուլիս 31 12:33 2021

Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ՀՀ նախագահի աշխատակազմից ուղեկցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, նախագահի խորհրդական Ռուբեն Կարապետյանը, աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակիցներ՝ լուսանկարիչ Դավիթ Հակոբյանը, օպերատոր Վարդան Պետրոսյանը և արարողակարգի բաժնի աշխատակից Արման Աբրահամյանը, Aysor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմից:

«Ճապոնիայում կեցության ծախսերի հիմնական մասը հոգացել է Միջազգային օլիմպիական կոմիտեն: Պատվիրակության կեցության ծախսերի մյուս մասի, ինչպես նաև ճանապարհածախսի համար պետական բյուջեով Հանրապետության նախագահի աշխատակազմին հատկացված միջոցներից ծախսվել է 16,9 միլիոն դրամ», - նշել են նախագահի աշխատակազմից։

Միջոցներ խնայելու նպատակով նախագահ Սարգսյանը նախընտրել է կառավարական օդանավի փոխարեն օգտվել սովորական կանոնավոր չվերթներից, ինչը շուրջ 7 անգամ նվազեցրել է ճանապարհածախսը:

Ինչ վերաբերում է օրապահիկին, նախագահականից հայտնել են, որ այն վճարվում է ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմամբ յուրաքանչյուր երկրի համար սահմանված նորմատիվներին համապատասխան: