Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ. Նիկոլ Փաշինյան


Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ. Նիկոլ Փաշինյան
Հուլիս 29 12:32 2021

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում  հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի ներդրումային ծրագրին։

Ընկերությունը Արագածոտնի մարզի Ապարան համայնքի 2080 հեկտար հողամասում լեռնադահուկային համալիր է կառուցելու, 30 մլրդ դրամ է ներդնելու։ 15 մլրդ դրամը կներդնի ընկերությունը, ևս 15-ը կներգրավի այլ մասնավոր ընկերությունների կողմից։Կառուցման ընթացքում ներգրավված կլինի շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատող, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ։ Համալիրը տարեկան 500 հազար զբոսաշրջիկի կսպասարկի։

 

Համալիրում կգործի նաև խաղատուն։

 
 

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, թե խաղատները Հայաստանում գոյություն ունեն, հիմնականում զբոսաշրջային վայրերում՝ Ջերմուկում, Ծաղկաձորում, Սևանում ու այս տրամաբանության մեջ ամբողջությամբ տեղավորվում է մի քաղաքում թույլ տալ ունենալ խաղատուն։

«Եթե անկեղծ ասեմ՝ խաղատներով առանձնապես հետաքրքրված չեմ», — հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Ասացիք, որ Սևանում, Ջերմուկում, Ծաղկաձորում կան ավելի պայմաններ խաղատների գործունեության համար, բայց ես, անկեղծ ասած, խաղատների գովազդ նկատել եմ միայն Ծաղկաձոր տանող ճանապարհին», — ասաց նա։

 

Փաշինյանի խոսքով՝ քաղաքականություն են մշակում, բայց հետո պետք է տեսնեն՝ դա իրականության մեջ որևէ բան փոխե՞լ է, թե՞ ոչ։

«Հիմա, օրինակ, Երևանում երկու ներդրող ունի հավակնություն, որ 80 ու ավելի միլիոն դոլար ներդրում են անում ու ակնկալում են, որ ունենա խաղատան թույլտվություն, հիմա կարող է հարց ծագել՝ էդ ո՞նց է, որ բուքմեյքերական ընկերություններում թույլ չենք տալիս, բայց ներդրում անողին թույլ ենք տալիս, դա ունի շատ կոնկրետ պատճառ. Երևանի բավականին բանուկ հատվածներում խաղատները պիտի լինեն վերնահարկում ու փողոցից խաղատունը մուտք չունենա, մենք սա պետք է ամրագրենք կանոններով», — ասաց նա։

Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանն էլ ասաց, թե պետք չէ միայն խաղատան վրա ուշադրություն դարձնել։

«Սա կապ չունի խաղատնային բիզնեսի հետ, ես չեմ ցանկանում, որ մեր մարզը այդ համբավը ձեռք բերի», — ասաց նա։

 

«Ամեն որոշման հետ սենց սարսափի մթնոլորտ ստեղծել՝ «վայ, էս ինչ են անում, էս ինչ են կառուցում, թող ոչ մի բան չկառուցվի», էդ ճիշտ բան չի։ Հեսա կխորանանք ու կգանք այն եզրակացութան, որ հերթական ահասարսուռ դավադրությունն է տեղի ունենում Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, հետևաբար, քվեարկությունից առաջ մտածեք՝ ինչի օգտին եք քվեարկում, որովհետև պատմությունը, հնարավոր է, ձեզ չների», — արձագանքեց Փաշինյանը։