ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ


ՀՀ տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան ՀՀ-ն գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ
Հուլիս 28 09:05 2021

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել հայ-ադրեբջանական սահմանին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ սկսված տեղային մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 2 հայ զինծառայող։

Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«ՀՀ ինքնիշխան տարածք մայիսի 12-ից ներթափանցած ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, հարձակում են ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի արդյունքում ծավալվել են տեղային մարտեր։ Ըստ նախնական տվյալների` կան մարդկային կորուստներ։

 

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը գնում է իրավիճակի միտումնավոր սրման այն պայմաններում, երբ շարունակվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ապօրինի ներկայությունը, երբ Ադրբեջանի ղեկավարությունը հիմնավորում է նմանօրինակ գործողությունները Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական պահանջների առաջադրմամբ։

Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը։

Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։

Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:



loading...