«Անգրագիտության ֆոնի վրա չպետք է լուսավոր կետեր լինեն, դրանք խանգարում են». ինչո՞ւ են թիրախավորվում նվիրյալները. «Փաստ»


«Անգրագիտության ֆոնի վրա չպետք է լուսավոր կետեր լինեն, դրանք խանգարում են». ինչո՞ւ են թիրախավորվում նվիրյալները. «Փաստ»
Հուլիս 3 08:35 2021

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում թիրախավորվում են բժիշկներ, որոնք մեծ ավանդ են ունեցել երկրի առողջապահական համակարգում, որոնց աշխատանքն անգնահատելի է: Պրոֆեսոր Արմեն Չարչյան, Տավուշի մարզի Աչաջուր համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Կորյուն Վարդապետյան: Ճնշումների հիմքում, ըստ էության, ընդդիմադիր քաղաքական հայացքներն են: Նախօրեին էլ տեղեկություն տարածվեց, որ անվանի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին են ստիպել լքել այն կլինիկան, որն անձամբ է հիմնադրել ու ղեկավարում: Թեմայի և առողջապահական համակարգի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի և թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանի հետ: Է. Հովհաննիսյանը նկատում է՝ վերոնշյալն ավելի վաղ սկսված ծրագրի մի մաս է ընդամենը: «Այլակարծության դեմ ռեպրեսիաներն արդեն բավականին երկար ժամանակ են կիրառվում: Երբ Արսեն Թորոսյանը դարձավ նախարար, բոլոր մասնագետների դեմ ռեպրեսիաներ սկսվեցին: Արդեն հիմա հասկանալի է դառնում, որ սա ոչ թե ինչ-որ մեկ մարդու մոտեցում կամ վատ բնավորության արդյունք է, այլ հստակ ծրագիր: Ինչքան լավ մասնագետ կար, բոլորի դեմ, ըստ էության, որոշակի ճնշումներ սկսվեցին»,-ասաց Է. Հովհաննիսյանը՝ հիշեցնելով նաև ՁԻԱՀ-ի կենտրոնի պատմությունը:

«Ցանկացած մարդ, մասնագետ, որն այլ կարծիքի է, միանգամից պետական մեքենան նրա նկատմամբ ամբողջ ուժով ռեպրեսիաների է անցնում: Հիմա այդ ամենը պարզապես ավելի ցայտուն ու երևացող բնույթ ստացավ: Փաստորեն, նվիրյալ մարդկանց հանում են առողջապահությունից, որ, երևի, առողջապահություն չունենանք: Փոքր գյուղի՝ Աչաջուրի օրինակով եմ ասում: Եթե այնտեղ նորմալ բժշկություն չլինի, ծննդատուն էլ չի լինի: Հիմա արդեն բժիշկ էլ չկա: Ուրեմն, գյուղը, մանավանդ՝ սահմանամերձ, սկսելու է կամաց-կամաց դատարկվել: Նույնը դիտարկենք ավելի մեծ՝ Հայաստանի չափերով: Եթե «գլխատում» ես քո բժշկությունը, եթե լավագույն մասնագետներին սկսում ես ճնշել, ուրեմն՝ բժշկությունը չի զարգանալու և հետընթաց է լինելու, իսկ նման երկրում մարդիկ չեն ցանկանա ապրել: Սա նման է մի ծրագրի, որի հիմքում կրկին արտագաղթը խթանելն է: Այդ նույն մասնագետները եթե հոգնեն պայքարելուց, կարող է թողնեն ու հեռանան: Մեր բժիշկները ցանկացած երկրում առողջապահության համակարգի առաջին տեղերում կլինեն: Այս մարդկանց չի կարելի ձեռք տալ, ինչպես մեր մյուս վիրաբույժներին, որոնք հսկայական դպրոցներ են ստեղծել»,-ասաց Է. Հովհաննիսյանը:

Թերապևտ-սրտաբան Լամարա Մանուկյանը հիշեցնում է՝ բժիշկը քաղաքական մարդ չէ, ցանկացած դեպքում բժիշկն անհատ է, և նրա գործունեության առանցքում միշտ բուժական գործն է: «Այս կառավարության օրոք վերջին 3 տարվա ընթացքում մեկը մյուսի հետևից մեծ թվով բժիշկներ թիրախավորվեցին, ինչը ֆանտաստիկա էր: Կորոնավիրուսի ամենաթեժ պահին հեռացվեց Մհեր Դավիդյանցը, որն ամիսներով չէր տեսել երեխային ու տուն չէր գնացել: Ես ինքս այս ամենի զոհն եմ դարձել: Հեռացվեցի թիվ 2 բուժմիավորումից՝ արցախցիներին ու ՀՀ մեր հայրենակիցներին անվճար հեռավար բուժօգնություն տրամադրելու համար: Այդ ծանր օրերին, որպես թերապևտների ասոցիացիայի նախագահ, տան պայմաններում մարդկանց անվճար օգնելու պարտավորություն էի ստանձնել, հետո պարզվեց՝ սխալ եմ արել, պետք է վճարովի անեի, ու արդյունքում ազատվեցի աշխատանքից: Սա նորմալ չէ: Ես ականատես եմ եղել, թե ինչպես է Արմեն Չարչյանը չքնելով՝ մեր մեծ թվով զինվորներին օր ու գիշեր վիրահատում՝ իր շաքարային դիաբետով ու ստենդավորված սրտով:Շնորհակալություն պետք չէ, բայց մի՞թե չի կարելի մարդկանց ուղղակի գնահատել: Լավ, գոնե վատություն չունել: Սա աննորմալ երևույթ է, նման բաներ գոյություն չեն ունեցել: Իսկ Արտավազդ Սահակյանը հերոս է, կերպար է բժշկության մեջ, նա մարդ է, որի առաջ պետք է խոնարհվել և որից պետք է անընդհատ սովորել»,-նշեց Լ. Մանուկյանը՝ նշելով, որ այս ամենն, ի վերջո, միջազգային մեծ արձագանք է ստանում:

 

«Մեր միջազգային գործընկերներն ուղղակի այլայլված են: Ինձ անգամ հորդորեցին թողնել Հայաստանն ու հայրենասիրությունը և հրավիրեցին իրենց երկիր, ինչն, իհարկե, չկարողացա անել: Երբ այս կառավարությունը 3 տարի առաջ սկսեց ձևավորվել, մի սարսափելի բան կար: Ոչ մի ոլորտում վաստակավոր մասնագետներ չհայտնվեցին: Ոչ մի նախարար խոր գիտելիքների տեր մեկը չեղավ: Մենք այնպիսի բժիշկներ ունենք, բայց նախարար դարձավ մեկը, ով ոչ մի օր սպիտակ խալաթ չէր հագել և թրծված չէր բժշկության մեջ: Մեկը, ով հիվանդի անկողնու առաջ չի դողացել, չի հասկացել՝ ինչ է նշանակում կորցնել, ու ոնց պետք է փրկի հիվանդին: Երբ հարցրի՝ ինչ չափանիշներով է Թորոսյանը նշանակվել, ասացին՝ Փաշինյանի հետ փողոց է փակել: Պատասխանից այլայլվեցի: Դրանից հետո ավելի վատ եղավ՝ եկավ մարդ, որն ընդհանրապես առնչություն չուներ ոլորտի հետ: Մենք բոլոր ոլորտներում մասնագետներ չունեցանք: Վարչապետի մտերիմները ղեկավարեցին, արդյունքում շատ բացեր ու բողոքներ ունեցանք, երկիրը սկսեց պառակտվել»,-ասաց Լ. Մանուկյանը:

Լամարա Մանուկյանն ու Էդուարդ Հովհաննիսյանը կարծում են, որ ճնշումները շարունակական ու ավելի շատ են լինելու: «Ինձ զարմացրել է այն, որ բժշկական համայնքն իներտ է: Ոչ բոլորն են դեռ պատկերացնում, որ բոլորին են հասնելու: Տարբեր տեղերից ճնշումներ են գործադրում, ու շատ մարդիկ իրենց աշխատասենյակներում նստած՝ կարծում են, թե իրենք միշտ այդպես իրենց սիրելի աշխատանքով են զբաղվելու: Բայց նույնիսկ լավագույններին են հասնում, ու սա շատ ավելի վատ ձևով է շարունակվելու, եթե մենք մեզ չկարողանանք պաշտպանել: Ընդդիմադիր հայացքը բժշկի մոտ որտեղի՞ց պետք է առաջանա, որը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ: Իհարկե, այն ժամանակ, երբ կազմաքանդվում է առողջապահական այն համակարգը, որում աշխատում է: Սա չպետք է դիտարկենք զուտ անձերի ու նրանց նկատմամբ զուտ քաղաքական հայացքների հետապնդման համատեքստում:

Իսկ այդ քաղաքական հայացքները կոնկրետ համակարգի փրկության ցանկության վրա են հիմնված: Իսկ թե ինչո՞ւ են քանդում առողջապահական համակարգը, հարցը գլոբալ պետք է հասկանալ: Իսկ ինչո՞ւ է քանդվում մեր պաշտպանության համակարգը, ինչո՞ւ են քանդվում այլ համակարգերը: Առողջապահությանը պետք չէ նայել զուտ բուժման տեսանկյունից, առողջապահությունն ազգային անվտանգության շատ լուրջ տարր է: Մենք տեսանք, թե ինչպես են երկրների տնտեսությունները մի պանդեմայից քանդվում: Առողջապահությունն ազգային անվտանգության լուրջ գործոն է, և եթե հիմա այն հետևողականորեն քանդվում է տարբեր ուղղություններով, դա մտահոգվելու առիթ պետք է լինի»,-նշեց համաճարակաբանը:

Լամարա Մանուկյանի կարծիքով, համակարգը վաղուց է քանդված: «Հիմա մնում է այդ համակարգում լույս արձակող մարդկանց վրա էլ ջուր լցնեն, նրանց էլ մարեն ու վերջ: Արդյունքում կհասնենք այն ոլորտների մակարդակին, որոնցում բացառապես դիլետանտություն է: Առողջապահական ոլորտի անվանի բժիշկները թիրախավորվում են, որովհետև անգրագիտության ֆոնի վրա չպետք է լուսավոր կետ լինի: Այդ լուսավոր կետերը պետք է վերանան, որովհետև խանգարում են»,-ասաց Լ.Մանուկյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



loading...