Ընտրություններին մասնակցող 17 քաղաքական ուժ բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը


Ընտրություններին մասնակցող 17 քաղաքական ուժ բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը
Հունիս 18 18:26 2021

Ընտրություններին մասնակցող ուժերից 17-ը բացառել է կոալիցիա կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, եթե այդպիսի հարց առաջանա։ Tert.am-ը ներկայացնում է այդ կուսակցությունների դիրքորոշումները այդ հարցի վերաբերյալ։

 

1.      «Պատիվ ունեմ» դաշինքը բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիան:

 

2.      «Հայաստան» դաշինքը ևս բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիան:

 

3.      «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ, Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ բացառում են որևէ կոալիցիա։

 

4.      «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վստահեցրել է, որ իր խոսքի տերն է, և ընտրություններից հետո կոալիցիա չի կազմելու Նիկոլ Փաշինյանի հետ։

 

5.      Հայ Ազգային կոնգրեսը ևս բացառել է նման հնարավորությունը. Լևոն Զուրաբյանը նշել է, որ մերժելի է կոալիցիան Նիկոլ Փաշինայնի և Ռոբերտ Քոչարյանի հետ։

 

6.       «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքից Արման Բաբաջանյանը հայտարարել է՝ եթե ընտրվեն և եթե կոալիցիա կազմելու անհրաժեշտություն առաջանա, կմիավորվեն Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

 

7.      «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը բացառում է ընտրություններից հետո ՀՀ երկրորդ նախագահի ղեկավարած «Հայաստան» դաշինքի հետ համագործակցությունը, իսկ մնացածի վերաբերյալ կանխատեսումներ չի արել։

 

8.       «Արդար Հայաստան» կուսակցությունը բացառում է կոալիցիան ցանկացած քաղաքական ուժի հետ, հատկապես՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժի հետ։

 

9.      «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ևս որևէ դեպքում կոալիցիա չի կազմի Նիկոլ Փաշինյանի հետ։

 

10.  «Ազատություն» կուսակցությունը պատրաստ է կոալիցիա կազմել ցանկացած քաղաքական ուժի հետ, բացառությամբ՝ Նիկոլ Փաշինյանի:

 

11.  «Միասնական Հայրենիք» կուսակցությունը ոչինչ չի բացառում, նշել են, որ ընտրություններից հետո պարզ կլինի:

 

12.  Համահայկական Ազգային Պետականություն (ՀԱՊ) կուսակցությունից ավելի վաղ նշել են, որ կհամագործակցեն այն անձանց հետ, որոնք ունեն «գիտելիք, մասնագիտություն, փորձ, մաքուր ձեռքերով են, կարող են երկիրն այս վիճակից հանել»:  

 

13.  «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմելը։

 

14.  «Հայոց Հայրենիք» կուսակցությունից նշեցին, որ բացառում են ՔՊ-ի հետ կոալիցիան, իսկ մնացածը քննարկման փուլում է:

 

15.  «Ազատ Հայրենիք» դաշինքից Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը նշել է՝ ինքն անձամբ չի բացառում Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիայի կազմումը, սակայն դաշինքը դեռ հստակ դիրքորոշում չունի։

 

16.   Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը ևս բացառում է Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցությունը:

 

17.  «5165» ազգային պահպանողական շարժում-կուսակցությունը ևս բացառել է Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիայի կազմումը:

 

18.  «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ևս չի կազմի կոալիցիա Նիկոլ Փաշինյանի հետ:

 

19.  «Ազգային օրակարգ» կուսակցությունից ասացին՝ Նիկոլ Փաշինյանի և նրա արբանյակ ուժերի հետ բացառում են կոալիցիա կազմելը։

 

20.  «Վերելք» կուսակցությունը «հանուն պետական շահի» կհամագործակցեն բոլոր ուժերի հետ։

 

21.  Ազատական կուսակցությունից նշեցին, որ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կընդունեն իրենց ծրագրային դրույթները, ունեն բոլոր հնարավորությունները համագործակցելու իրենց հետ, Հայաստանի ներսում թշնամիներ չեն փնտրում։

 

22.  Հայաստանի եվրոպական կուսակցությունը և՛ նախկին, և՛ ներկա իշխանությունների հետ բացառում են կոալիցիան։

 

23.  «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը բացառում է ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլև՝ մնացած բոլոր ուժերի հետ համագործակցությունը:

 

24.  «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը բացառում է կոալիցիայի կազմումը բոլոր քաղաքական ուժերի հետ: