Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն


Վերածնվեցի, երբ գերությունից հետո ոտք դրեցի հայրենի հողիս վրա. ուխտի ժամանակ Էրիկի մայրը զգաց՝ որդին վերադառնում է տուն
Հունիս 18 17:23 2021

Ես Էրիկիս պատերազմի սկսվելու առաջին իսկ օրից սպասել եմ, չեմ մտածել, որ իր հետ կարող է ինչ-որ վատ բան լինել, բայցև սրտի խորքում մի զգացողություն ունեի, որ տղաս պատերազմից ուշ է վերադառնալու, ցավոք սրտի, այդպես էլ եղավ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում գերեվարված ընդամենը 2 ամսվա ժամկետային զինծառայող Էրիկ Խաչատրյանի մայրը՝ Լիաննա Խաչատրյանը: 

Հունվարի 15-ին իր 19 ամյակը Էրիկը դիմավորել է ադրբեջանական բանտում և այն ժամանակ նա անգամ պատկերացում չուներ, որ, ամիսներ շարունակ գերության մեջ մնալուց հետո, հունիսի 12-ին կրկին ոտքերի տակ զգալու է հայրենի հողը: Ընտանիքը շատ պատահական է իմացել Էրիկի վերադարձի մասին, սակայն այդ օրը մայրը ինչ-որ տարօրինակ կանխազգացում է ունեցել. «Ամեն շաբաթ օրը անհետ կորած ու գերեվարված զինծառայողների ծնողների հետ գնում էի ուխտագնացության, վերջին անգամ գնացինք Ծաղկեվանք, դա իմ երրորդ ուխտագնացությունն էր, 6 կմ քայլել էինք, բայց այս անգամ ես ինձ շատ վատ էի զգում, թույլ էի ու այդպես, ինձ վատ զգալով, ասացի՝ անգամ ծնկաչոք, բայց մեկ է, ես պետք է հասնեմ Ծաղկեվանք: Հասանք եկեղեցի ու պատարագի ժամանակ ես շրթունքներիս զգացի Էրիկիս համն ու հոտը, որը որ 2020 թվականի հունիսի 24-ից չէի զգացել՝ Էրիկին բանակ ճանապարհելու օրվանից: Վերադարձանք տուն ու ինձ սկսեցին անընդհատ զանգեր գալ, պատասխանեցի մեզ հետ ուխտագնացությանը մասնակցած տեր հոր զանգին, որն ինձ ասաց՝ 15 գերի է վերադառնում, մի նկար կա տեսնեմ նրանցից մեկը Էրիկն է, թե ոչ: Ես բացում եմ նկարը ու, տեսնելով տղայիս, այնպես եմ բղավում, որ մինչև հիմա էլ ձայնս կտրված է»,- ծիծաղելով պատմում է Էրիկի մայրը:

Լիաննան նշեց, որ էրիկը գերեվարվելիս վիրավորում է ունեցել աջ ոտքից և փամփուշտը մինչև հիմա գտնվում է Էրիկի մարմնում. «Գերության ընթացքում չի հեռացվել փամփուշտը, այն ոտքից տեղաշարժվել է և հիմա գտնվում է նրա մեջքում: Տղաս մի փոքր կաղում է, բայց շուտով վիրահատություն կտանի, որից հետո ամեն ինչ լավ կլինի»,- ասաց նա:

Մեր այն հարցին, թե, գտնվելով արձակուրդում, Էրիկն ազատ ժամանակ ինչով է զբաղվում, մայրը պատասխանեց. «Եթե անկեղծ լինեմ, ապա Էրիկն ազատ ժամանակ չունի, իրեն են այցելում մեր բարեկամները, ընկերները, մեծ թիվ են կազմում նաև անծանոթները, որոնք մեզ հետ հավասար կիսում են մեր ուրախությունը: Մինչև գիշերը ժամը 4-ը հյուրեր ենք ընդունում ու ճանապարհում»,- ծիծաղելով պատմում է Լիաննան: 

Վերջինս նշեց, որ տղան խուսափում է պատմել իր գերեվարված օրերից, մայրը նկատում է՝ գերությունից առաջ և հետո տղայի մեջ մեկ փոփոխություն է նկատում՝ տղան հասունացել է. «Խոսելով բանակ նոր զորակոչված և գերությունից ետ վերադարձած Էրիկիս մասին, կարող եմ ասել, որ նույնն է, պարզապես, հիմա շատ ավելի հասուն աչքերով է կյանքին նայում»,- ասաց նա:

Վերագնահատելով կյանքը՝ Էրիկը շնորհակալ է Աստծուն, որ իրեն տրվել է ապրելու 3 հնարավորություն. «Աստված ինձ 3 անգամ է կյանք տվել՝ մեկը, որ ծնվել եմ, մյուսը, որ հրազենային կրակոցի հետևանքով փամփուշտը մխրճվել է զինվորական սաղավարտիս մեջ և երրորդ անգամը, որ ադրբեջանական գերությունից հետո ես կրկին ոտք եմ դնում հայրենի հողիս վրա»,- Էրիկի խոսքերը մեջբերեց մայրը:

8 ամիս անց փոխվել է ոչ միայն Էրիկը, այլև իր նպատակներն ու երազանքները. ներկա պահին կյանքի կոչելու 2 կարևոր նպատակ ունի. «էրիկը երազ է տեսել և ուզում է զոհված զինծառայողներին նվիրված խաչքար տեղադրել մեր՝ Արարատի մարզի Խաչփառ գյուղում: Մյուս նպատակն էլ աղքատ ու անապահով ընտանիքներին օգնելն է»,-հպարտությամբ ասաց մայրը:

Վերջինս իր գոհունակությունն է հայտնում հայ ազգին և բոլոր այն մարդկանց, որոնք աղոթել են Էրիկի՝ տուն վերադարձի համար. «Շնորհակալ եմ նաև բոլոր այն մարդկանց, ում ջանքերի շնորհիվ մեր բոլոր տղաները վերադարձել են, խնդրանք ունեմ, որ իրենց բարի գործը շարունակեն ու բոլոր մեր որդիները տուն գան»,- ասաց Լիաննան՝ խորհուրդ տալով գերեվարված զինծառայողների ծնողներին, որ երբեք չչարանան Աստծու դեմ. «Աստված բոլորին տուն է բերելու, իմ տան նույն ուրախությունը ես ցանականում եմ բոլորին, իսկ ովքեր զոհվել են խոնարհվում եմ մեր հերոսների առջև»,- ասաց հերոսի մայրը: