Երկու օր է գործի է դրվել ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ. Արմեն Աշոտյան


Երկու օր է գործի է դրվել ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ. Արմեն Աշոտյան
Հունիս 18 16:50 2021

«Պատիվ ունեմ» դաշինքի կենտրոնական շտաբում այս երկու օրերի ընթացքում, հատկապես անցյալ գիշեր եւ այսօր առավոտյան մեծաթիվ ահազանգեր են կուտակվել, որ իշխանությունն զգալով, կանխատեսելով գալիք պարտությունը, վերջին ճիգերն է գործադրում իրավապահ համակարգի միջոցով ազդելու ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մասնավորապես գործի է դրվել ուժային եռյակը՝ ոստիկանություն, դատախազություն, ԱԱԾ: Ուզում եմ հատիկ-հատիկ պատմել, թե ինչ է հրահանգված այդ կառույցներին եւ ինչ է հիմա կատարվում: Վաղ առավոտից մինչեւ այս պահը Երեւանի մի շարք շրջաններից ունենք հստակ ահազանգեր, որ ԱԱԾ աշխատակիցները բերման են ենթարկում, խուզարկություններ են իրականացնում «Պատիվ ունեմ» դաշինքի տեղական շտաբի պետերի նկատմամբ՝ առանց որեւէ հիմքի: Մասնավորապես, Զեյթուն վարչական շրջանի մեր շտաբների ղեկավարները ենթարկվում են ԱԱԾ ճնշումներին՝ առանց որեւէ հիմքի, որեւէ փաստի: Դրա նպատակն է նախեւառաջ զրկել մեր շտաբի պետերին հնարավորությունից համապատասխան քարոզչական աշխատանքներից եւ գալիք 2 օրերին խաթարել շտաբների  նորմալ գործունեությունը: Այս ամենն ուղղված վախի մթնոլորտ սերմանելուն եւ դաշինքի գործունեությունը խաթարելու համար»,-ասաց Աշոտյանը:

Նա հավելեց, որ հանրապետությունով մեկ ոստիկանության բաժիններ են հրավիրում տարբեր ազդեցիկ մարդկանց եւ իրենց տանում են պրոֆիլակտիկ զրույցներ. «Պրոֆիլակտիկ զրույցի նպատակը այն է, որ քեզ խելոք պահի, մեկ է, մենք կրելու ենք, հետո դու քո հալը կտեսնես: Հանգիստ մնա, մի աշխատի, քարոզչությամբ մի զբաղվիր, թե չէ կհանդիպենք հունիսի 21-ից հետո:

Երրորդ ահազանգը գլխավոր դատախազությունից է, որը իջեցրել է հրահանգ բոլոր իր ստորաբաժանումներին եւ երեկ գիշերվանից դատախազություն են հրավիրվում տարբեր համայնքների ղեկավար անձնակազմեր՝ գյուղապետեր, դպրոցի տնօրեններ, այլ հիմնարկների ղեկավարներ, որոնց հետ նույնպես  տարվում է սպառնալիքներով լի զրույցը, որ եթե քեզ խելոք չպահես, եթե ընդդիմության համար աշխատես, ապա գիտես՝ մեզ համար  5 րոպեի հարց է քեզ վրա սարքել քրեական գործ»,-ընդգծեց Աշոտյանը՝ համոզմունք հայտնելով, որ այդ ամենն ապարդյուն է:

«Չկա աշխարհում այդպիսի քաղաքական վիագրա, որ կարող է բարձրացնել կապիտուլյանտի ընկած քաղաքական վարկանիշը»,-ասաց նա: