Երեկվա բանավեճը նման էր անբարոյականության մերկապարի և շողոքորթության շքահանդեսի, Փաշինյանը և իր գրպանային դաշնակիցներն անցել էին բացահայտ «պասերով» խաղի․ Աշոտյան


Երեկվա բանավեճը նման էր անբարոյականության մերկապարի և շողոքորթության շքահանդեսի, Փաշինյանը և իր գրպանային դաշնակիցներն անցել էին բացահայտ «պասերով» խաղի․ Աշոտյան
Հունիս 18 16:39 2021

Երեկվա հեռուստաբանավեճին մասնակցում էին եզակի առողջ քաղաքական գործիչներ, բայց ընդհանուր տպավորությունը հետևյալն էր․ դա անբարոյականության մերկապար էր և շողոքորթության շքահանդես։ Այս մասին ասուլիսի ժամանակ, անդրադառնալով երեկ Հանրային Հեռուստաընկերության եթերում տեղի ունեցած քաղաքական բանավեճի բովանդակությանը, ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Նիկոլ Փաշինյանը և իր գրպանային դաշնակիցներն անցել էին բացահայտ «պասերով» խաղի։ Ոնց կարելի է լուրջ վերաբերվել այն քաղաքական թիմերին, որոնք փոխանակ խոսեն սեփական ծրագրերի մասին, անընդմեջ խոսում են այն մասին, որ վիժվածքը ունի 60 % ձայն։ Գուցե Ադրբեջանում նա ունի 60 %, բայց Հայաստանում նա դեռ ունի որոշ տոկոսներ, որոնք նրան հաղթանակ չեն բերելու»,– ասաց նա։

Բովանդակային տեսանկյունից Աշոտյանն առանձնացրեց երեք թեզ՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանն Արցախի անկախությունը չի ճանաչել, քանի որ պատերազմ կսկսեր։

«Խնդիրը չէր վերաբերում պատերազմից առաջ Արցախի անկախությունը ճանաչելուն, դրա մասին երբեք ընդդիմությունը չի բարձրաձայնել։ Ընդդիմությունը մշտապես բարձրաձայնել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում կար առնվազն 2 լեգիտիմ ու արդարացված առիթ ճանաչելու Արցախի անկախությունը։ Արցախի անկախությունը պիտի ճանաչվեր 44-օրյա պատերազմի ընթացքում և ոչ թե պատերազմից առաջ։ Առաջին հնարավորությունը հոկտեմբերի 10-ին էր, երբ ՌԴ-ի միջնորդությամբ հաստատվեց հումանիտար զինադադար, որը տևեց մի քանի ժամ և տվեց հնարավորություն Հայաստանի իշխանություններին ճանաչելու Արցախի անկախությունը։ Բայց Հայաստանի իշխանությունն այդ առիթը մանրադրամի վերածեց և տվեց թուրքերին»,– նշեց նա։

Արմեն Աշոտյանը նաև ասաց, որ մյուս հարմար առիթը հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ստորագրված հումանիտար զինադադարն էր։ «Երբ արևմտյան զինադադարը նույնպես չհարգվեց, Նիկոլ Փաշինյանը ստացավ երկրորդ լեգիտիմ շանսը ճանաչելու Արցախի անկախությունը՝ այս անգամ արդարացի լինելով ոչ միայն Մոսկվայի աչքերում, այլ նաև Փարիզի»։

Բանավեճի հաջորդ թեզը, ըստ Աշոտյանի, ժառանգություն թողնված բանակցային ժառանգությունն է, որում հստակ նշված էր՝ 5 շրջան՝ միջանկյալ կարգավիճակ, 2 շրջան՝ շաղկապված վերջնական կարգավիճակի հետ։ Աշոտյանի խոսքով՝ բոլոր երեք նախագահները թողել են այնպիսի ժառանգություն, որի մասին կարելի էր միայն երազել»։

Բովանդակային երրորդ թեզը, ըստ նրա՝ Փաշինյանի այն հայտարարությունն էր, որ ինքը տեսնում է Արցախի հարցի կարգավորման հայանպաստ տարբերակ։ «Մրցույթ եմ հայտարարում այս եզրույթը քաղաքակիրթ հայերենով բնութագրող բառի համար։ Հիշեցնեմ, որ նա պատերազմից հետո գնաց ԱԺ և հայտարարեց՝ «Ես այսօր էլ եմ պնդում, որ լուծումը պետք է ընդունելի լինի 3 ժողովուրդների համար»։ Երեկ նա խոսում էր ռազմագերիների մասին։ Հիշեցնեմ, որ 15 ռազմագերիների վերադարձը Ալիևի կողմից նա համարում էր կոնստրուկտիվ քայլ։ Նորմալ մարդու սիրտը չի դիմանում այս տեսակ լկտիություններին»,– ասաց Արմեն Աշոտյանը։