Նիկոլ Փաշինյանն ու նրա օգնականը անհետ կորածների մասին նույն օրվա ընթացքում տարբեր թվեր են հրապարակում․ պլյուս–մինուսի տրամաբանության շարունակությունը (տեսանյութեր)


Նիկոլ Փաշինյանն ու նրա օգնականը անհետ կորածների մասին նույն օրվա ընթացքում տարբեր թվեր են հրապարակում․ պլյուս–մինուսի տրամաբանության շարունակությունը (տեսանյութեր)
Հունիս 18 12:19 2021

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների և դաշինքների նախընտրական ցուցակները գլխավորողների երեկվա բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անհետ կորածների վերաբերյալ առաջին անգամ պաշտոնական թվեր հրապարակեց։ «Մենք ունենք 268 անհետ կորած՝ ներառյալ այն անհետ կորածները, որոնք մենք ենթադրում ենք, որ կարող են լինել գերեվարված և մեր զոհերի թիվը 3705 է»,–հայտարարեց նա։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ անձի տեղը անհայտ լինելու պարագայում նրա ընտանիքի անդամները ստանում են 300,000 դրամ օգնություն, և արդեն օգտվել է 1064 մարդ, նրանց մեծ մասի մարմինները հայտնաբերվել և հուղարկավորվել են, սակայն մարդիկ են եղել, որ օդանավակայանից են հայտնաբերվել Հայաստանը լքելու փորձի ժամանակ։

Չնայած այդ պաշտոնական թվին, նույն օրը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից ժամեր առաջ նրա օգնական Նաիրի Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ այս պահին անհետ կորածների թիվը 275 է: «Անհետ կորածներ հազարից ավելի ունեցել ենք նոյեմբերի դրությամբ: Հետագայում ԴՆԹ հետազոտությունների արդյունքում անհետ կորածների դիերը հայտնաբերվեցին, ու նրանք անհետ կորածների ցուցակից անցան զոհվածների ցուցակ»,-պարզաբանեց նա։

Հիշեցնենք նաև, որ ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը օրեր առաջ փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որիՙ անհետ կորածների թիվը 1064 է: