Հայաստանում սպասվող ընտրությունները սովորական չեն լինելու․ Աշոտ Ղուլյան․ «Tert.am»


Հայաստանում սպասվող ընտրությունները սովորական չեն լինելու․ Աշոտ Ղուլյան․ «Tert.am»
Հունիս 18 10:54 2021

Արցախի խորհրդարանի նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու Արցախին առնչվող թեմաներին:

-Պարո՛ն Ղուլյան, Հայաստանում արտահերթ ընտրություններ են. ի՞նչ են սպասում այդ ընտրություններից Արցախում, որքանո՞վ են քաղաքական ուժերն օրակարգում պահում Արցախի հարցը, և ո՞վ ունի առավել շատ շանսեր այդ հարցում հօգուտ Արցախի քայլեր անելու համար:

-Հայաստանում սպասվող ընտրությունների հանդեպ երբևէ Արցախում այսքան մեծ հետաքրքրություն չի եղել: Վստահ եմ, որ այդպիսի համակ ուշադրություն կա նաև Սփյուռքում, և դա արդեն բավարար բացատրություն է այն իրողության, որ դրանք շատ կարևոր են ամբողջ հայության համար: Մենք շատ դժվարին կացության մեջ ենք, և ընտրություններին պետք է վերաբերվել որպես հնարավորություն՝ քաղաքական, բարոյահոգեբանական նոր միջավայր ձևավորելու համար:

Մի կողմից կարելի է հասկանալ քաղաքական շատ ուժերի օրակարգում Արցախի հարցի բացակայությունը՝ ի՞նչ պետք է ասեն, բայց եթե խոսքը գնում է Հայաստանի Հանրապետության՝ որպես բոլոր հայերի հայրենիքի ապագայի մասին, ապա աններելի է, որ համահայկական մասշտաբով քաղաքական հավակնություններ ունեցող ուժերն ու գործիչները չեն պատկերացնում Արցախի դերը հայոց պետականության պահպանման գործում:

Գիտեք, ես սովորաբար ընդդիմանում եմ այն պնդումներին, որ վերջերս հաճախակի են օգտագործում մեր քաղաքական գործիչները, որ մենք կորցրել ենք Արցախը: Դա շատ վնասակար արտահայտություն է: Արցախը, իհարկե, կա՝ բզկտված է ու վիրավոր, բայց ոչ-ոք իրավունք չունի խաղալ Արցախի մնացած մասի ու այստեղ ապրող մարդկանց ճակատագրով: Ցավալի է այս մասին խոսելը, բայց լռելը նույնպես ճիշտ չէ. մեր նորագույն շրջանի անկախությունը, հայոց ինքնիշխան պետությունը ղարաբաղյան շարժման արդյունք են և չեն կարող գոյություն ունենալ առանց այդ հիմքի: Խոսքը նվաճված անկախության և վաստակած ինքնիշխան պետականության մասին է, և Արցախի Հանրապետության դեմ պատերազմը աշխարհի հայության կողմից պետք է ընկալվի որպես պատերազմ հայկական պետության ու մեր ողջ ժողովրդի դեմ:

Եթե այս դիտանկյունից ենք նայում քաղաքական ուժերի հասունությանն ու պատրաստակամությանը, ապա առանց վարանելու կարելի է թվարկել 4-5 քաղաքական ուժերի ու դաշինքների, որոնք անցած ճանապարհ ունեն, մեր ազատամարտի տարեգրության մեջ ընդգծված դերակատարություն են ունեցել և մնայուն հետք են թողել պետական ինստիտուտների կայացման գործում:

-Ի՞նչ կլինի Հայաստանի ու Արցախի ճակատագիրը, եթե իշխանության մնա Նիկոլ Փաշինյանը, նրա հետ ապագա կա՞:

-Չգիտեմ, որևէ մեկը կգտնի մեկ այլ երկիր, որտեղ այսպիսի տապալումից, անփառունակ պարտությունից հետո այդ ամենի պատասխանատու իշխանությունը և առաջնորդի կարգավիճակից օգտվողը կարող է աջ ու ձախ պիտակավորել ու սպառնալ բոլորին, չընդունել իր մեղավորությունը և նոր իշխանություն ձևավորելու ընտրապայքարում մնալ գլխավոր հավակնորդների շարքում:

Ես դժվարանում եմ պատկերացնել Արցախի և ամբողջ Հայաստանի ապագան, եթե մենք չհաղթահարենք պարտության բարդույթը: Պատկերավոր ասած՝ մենք եկել-հասել ենք անդունդի եզրին ու այդ կետում ճոճվում ենք ետ ու առաջ՝ կախված ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի՝ ժողովրդին առաջարկվող տեսլականներից: Այդ մեծ բազմազանության մեջ ես ինձ համար երկու հավաքական կարծիք եմ առանձնացրել. մեկը, որ գործող իշխանությունների պարտադրած կարծրատիպն է՝ նախկիններն են մեզ բերել կանգնեցրել անդունդի եզրին, բայց եթե նույնիսկ ազգովի գլորվենք այդ վիհի մեջ, պայմանավորվենք, որ դա պարտություն, ձախողում չենք հաշվելու: Երկրորդ կարծիքը, որ այս զավեշտին հակառակ ընդդիմադիր տեսակետ է, այն է, որ մենք շանս ունենք փրկվելու, պարզապես պետք է հետ նայել և հավասարակշռությունը պահելով՝ դուրս գալ՝ բռնելով նաև մեզ մեկնած օգնության ձեռքը:

Չեմ պատկերացնում, թե ինչ ապագայի մասին է խոսքը, երբ ծաղկուն կյանքով ապրող հայկական երկու հանրապետությունների ներկան վեր է ածվել անորոշ, անհեռանկար ու կասկածելի առօրյայի:

-Ի՞նչ շանս է Հայաստանի համար հունիսի 20-ը: Ի՞նչ պետք է անի ՀՀ քաղաքացին հունիսի 20-ին և ի՞նչ կանխատեսում ունեք:

-Առաջին անգամ խորապես ափսոսում եմ, որ անձամբ և, իհարկե, Արցախի քաղաքացիները հունիսի 20-ի ընտրություններին մասնակցելու իրավունք և հնարավորություն չունենք: Համոզված եմ, որ Սփյուռքի բոլոր օջախներում նույնպես հայերը շատ կուզենային մասնակցել այս ընտրություններին:

Այո՛, սպասվող ընտրությունները սովորական չեն լինելու, դրանից է կախված լինելու հաջորդ տարիների մեր քաղաքական, ռազմական, տնտեսական ու հոգեբանական վերականգնումը, որը չափազանց կարևոր է, թե ինչ միջավայրում է ընթանալու՝ շարունակելու ենք ծվեն-ծվեն անել ժողովուրդը, հաշվեհարդար տեսնել չհամաձայնողների հետ կամ էլ ավանտյուրային ծրագրեր սկսել ու միջազգային հարաբերություններում «ֆռռացնել» բոլոր գործընկերներին, թե՞ վերականգնելու ենք ազգային համերաշխությունն ու լծվելու ենք կառուցողական աշխատանքի, արհեստավարժ կառավարող թիմ ենք ձևավորելու և վարելու ենք միջազգային գործընկերների կողմից ընկալվող արտաքին քաղաքականություն: Երկրի ապագայի համար պատասխանատվություն խնդրող ուժին ու քաղաքական առաջնորդին պետք է գնահատել այս դիտանկյուններից և ՀՀ քաղաքացին հունիս 20-ին շանս ունի համեմատելու իրեն ներկայացված առաջարկները, խորքային գնահատական տալու անցյալին և քվե տալու այն գործիչներին և ուժերին, ում ղեկավարությամբ ամոթով չենք մնա և կվստահենք մեր զավակների ապագան:

Իմ խորին համոզմամբ՝ այսօրվա մեր քաղաքական հարթակում կանգնած ուժերի մեջ կան ճշմարտությունը հասկացող և դրանով առաջնորդվող քաղաքական ուժեր, և հենց իրենց է պետք  վստահել Հայաստանի Հանրապետության, հետևաբար և ամբողջ հայության ապագան: