Առողջապահությունը որպես սոցիալական պետության գերակա ուղղություն վերագտել է իր տեղը. Անահիտ Ավանեսյանը՝ 3 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերման մասին


Առողջապահությունը որպես սոցիալական պետության գերակա ուղղություն վերագտել է իր տեղը. Անահիտ Ավանեսյանը՝ 3 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերման մասին
Հունիս 10 19:27 2021

Նախորդ 3 տարիների ամենամեծ ձեռքբերումը այն է, որ առողջապահությունը որպես սոցիալական պետության գերակա ուղղություն վերագտել է իր տեղը: Այս մասին բուժաշխատողների հետ հանդիպման ժամանակ ասել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:

«Ցանկացած պետության զարգացման համար 3 կարեւոր ուղղություններ կան, որ պիտի պետությունը ներդրում ունենա՝ ապահովելու նաեւ այլ ոլորտների զարգացումը: Դա իհարկե անվտանգությունն է, կրթությունը եւ առողջապահությունը: Առանց մարդկային կապիտալի, առանց առողջ հասարակության դժվար է պատկերացնել որեւէ զարգացում: Առավելեւս Հայաստանի Հանրապետությունը, որը մարդկային ռեսուրսի առումով բավական սակավ է, ունենք ժողովրդավարական լուրջ մարտահրավերներ, որոնք պիտի հաղթահարենք, մարդկային կապիտալի զարգացումը եւ առողջության ամբողջական ռեսուրսի օգտագործումը չափազանց կարեւոր է», - ասաց նախարարը:

Անահիտ Ավանեսյանի խոսքով, առողջապահության դերը վերջին 3 տարիների ընթացքում զգալիորեն աճել է, եւ դա ակներեւ է նաեւ ֆինանսների բաշխման ժամանակ. Ոլորտը ավելի մեծ ֆինանսավորում է սկսել ստանալ, քան նախկինում:

Բուժաշխատողները նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպման ժամանակ իրենց հուզող մի շարք հարցեր բարձրացրեցին՝ պետպատվերի շրջանակում հատկացվող ֆինանսների վերաբաշխում, որոշ բուժկենտրոնների ֆինանսավորման դադարեցման, բուժկենտրոնների միավորման խնդիրներ, եւ այլն: