Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը.Սամսոնյան


Արման Թաթոյանի դեմ միաժամանակ արշավ են սկսում թե՛ ՀՀ իշխանավորները, թե՛ ադրբեջանական մամուլը.Սամսոնյան
Մայիս 6 18:48 2021

«Freedom House»-ի զեկույցի համաձայն, Հայաստանում արձանագրվել է ժողովրդականության հետընթաց: Այս մասին Ազգային Ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, հավելելով, որ դա պայմանավորված է երկրում առկա արտակարգ և ռազմական դրությամբ։ 

«2020 թվականի մարտի 17-ին, երբ երկրում հաստատվեց արտակարգ դրությունը, սկսեցին կիրառվել սահմանափակումներ: Մենք բազմիցս մեր կառավարության գործընկերներին հուշեցինք, որ այն սահամանափակումները, որոնք դուք կիրառում եք մամուլի, տեղեկատվության ազատության,  հավաքների իրավունքի վրա կարող են լուրջ խնդիրներ առաջացնել, որոնք այնքան էլ արդարացված չէին: Օրինակ, մեկ շաբաթվա ընթացքում 10 լրատվամիջոց հայտնվեց ոստիկանության ուշադրության կենտրոնում, որոնք տուգանվեցին»,-ասաց Սամսոնյանը:

Ըստ պատգամավորի, հենց նման իրավիճակներում է բացահայտվում պետության ճկունությունը: Արդյոք պետությունը նախընտրում է գնալ միայն կոշտ սահմանափակումների ճանապարհով, թե փնտրում է ճկուն լուծումներ, որոնք չեն վնասի պետության հեղինակությանն ու ընդհանրապես  չեն ոտնահարի մարդու իրավունքները։  

Անի Սամսոնյանը գնահատմամբ, ելնելով քաղաքական իրադրությունից, տարբեր շահարկումների է ենթարկվում Սյունիքի անվտանգության հարցը, ուստի  առավել վստահություն է ներշնչում այս զեկույցում արտացոլված փաստերը, քանի որ  ըստ պատգամավորի՝ զեկույցի առանցքը մարդն է և նրա իրավունքը:

«Խնդիրներն այնքան շատ են, բայց անուշադրության են մատնվում այստեղ արտացոլված փաստերը։ Նախորդ զեկույցների համեմատությունը ցույց է տալիս, որ նույն խնդիրները բարձրացված է տարբեր ժամանակների զեկույցներում, ինչն ապացուցում է, որ բազմաթիվ խնդիրներ չեն լուծվում։ Փոխարենը  փորձ է արվում վնասել մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությունը»,- նկատեց Անի Սամսոնյանն ավելացնելով, որ, երբ որ իշխանությունները ԱԺ են բերում մի  նախագիծ, որով  նախատեսվում է հանել մարդու իրավունքների պաշտպանի երաշխիքները, դա լուրջ հարված է այս կարևոր կառույցի հեղինակությանը։  

Պատգամավորի դիտարկմամբ, Մարդու իրավունքների պաշտպանի հեղինակությանը հարված կարող են հասցնել նաև որոշ պաշտոնյաներ՝ սոցիալական ցանցերում անպատասխանատու հայտարարություններ անելով։ 

«Սոցիալական ցանցերում սպառնում են պաշտպանին, անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում, անգամ պաշտոնից հեռացնելու սպառնալիքներ են հնչում: Եվ տարօրինակն այն է, որ սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ մարդու իրավունքների պաշտպանը զբաղված է Սյունիքի խնդիրներով: Նույն ժամանակահատվածում  նրա դեմ արշավ է սկսում նաև ադրբեջանական մեդիան: Սա շատ լուրջ մտահոգվելու տեղիք պետք է տա մեզ»,-շեշտեց Սամսոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր` Փաստինֆո