Լավ կլիներ, որ վերադարձնեին Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութը․ Հադրութցիները կարևորում են ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը


Լավ կլիներ, որ վերադարձնեին Ադրբեջանի կողմից օկուպացված Հադրութը․ Հադրութցիները կարևորում են ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումը
Մայիս 6 18:14 2021

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով օկուպացվեց նաև Հադրութը։

Տեղահանված բնակիչները մայիսի 5-ին այցելեցին ՀՀ ԱԳՆ։ Իմացել էին, որ ՌԴ Արտաքին գործերի նախարարն է գալու, դրա համար փորձում են իրենց խնդիրներին այս եղանակով կարգավորում տալ: Բացի այդ՝ նաև նամակ հանձնեցին ԱԳ նախարարին, որպեսզի իրենց ընդունի, ու հասկանան իրենց «գլխի գալիքը»։

«Մենք մեր հայրենիք ենք ուզում վերադառնալ, ո՛չ Երևանում ենք ուզում ապրել, ո՛չ էլ Արցախի այլ շրջանում, մենք Հադրութից ենք և Հադրութում էլ ուզում ենք ապրել։ Հնարավոր չէ՝ առանց Քաշաթաղի, Հադրութի, Քարվաճառի՝ պատկերացնել Հայաստանի անվտանգությունը»,- ասացին ներկաները։

 
 

Հադրութցիների խոսքով՝ դիվանագիտական ճիշտ աշխատանքի արդյունքում կարող են Հադրութը վերադարձնել։

«Հանուն Հադրութի» ՀԿ պատասխանատու քարտուղար Արթուր Սարգսյանի փոխանցմամբ՝ իրենք ցանկանում են հանդիպել ՀՀ ԱԳ նախարարին, որպեսզի խոսեն Արցախից տեղահանվածների կարգավիճակի հարցի մասին։ Իսկ Լավրովից ակնկալիք չունեն, նա պարզապես կարող է միջնորդ հանդիսանալ, որ օկուպացված տարածքները վերադարձնեն ու շուտ վերադառնան հայրենի հող։

Անուշ Անդրյանը, ով չի կարողացել մասնակցել բողոքի ակցիային՝ 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ինքն ընտանիքի հետ վերադարձել է Արցախ, ապրում են Ստեփանակերտի հյուրանոցներից մեկում ու սպասում են թե՛ Հադրութի վերադարձին, թե՛ ժամանակավոր բնակարանի ձեռքբերմանը։

«Երբ պատերազմը սկսվեց՝ հազիվ երեխաներին եմ կարողացել դուրս բերել ու միայն փաստաթղթեր եմ վերցրել: Թշնամու կողմից օկուպացված Հադրութում էինք ապրում, ունեինք 3 տուն, մեքենա, այգի, անասուններ, իսկ հիմա՝ ոչ մի բան չկա: Լավ կլիներ, որ վերադարձնեին Հադրութը։ Դեռ բնակարան տրամադրելու հարցում ոչ մի նորություն չկա։։ Դիմել ենք, ասել են՝ սպասեք։ Հյուրանոցում ենք մնում, բայց ամեն ինչ մենք ենք հոգում, սնունդ և այլն։ Մի քանի ամիս է՝ 30 ընտանիք մի լվացքի մեքենայի հույսին է»,- նշեց տիկին Անուշը։

Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի բնակիչներից Վերա Սարդարյանը ևս հույս ունի, որ բանակցությունների միջոցով հնարավոր կլինի վերադարձնել Հադրութը։

«Տեսանյութերից երևում է՝ ամեն ինչ այնտեղ ավերել է թշնամին։ Կուզեի՝ ինչ տարածք կորցրել ենք, վերադարձնեն, միայն Հադրութը չէ»,- ասաց Վերան։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իրենք այս պահին ապրում են Ծաղկաձորի հյուրանոցներից մեկում, սակայն ուզում են Արցախ վերադառնալ, միայն թե բնակարանի հարցը լուծվի։

«Ասել են, որ բնակարան կտրամադրեն, բայց չգիտենք՝ երբ»,- հավելեց նա։

Ամեն դեպքում նրանք կարևորեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումը՝ լուծման ուղիներ փնտրելու նպատակով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հադրութցիները նամակներ են փոխանցել Հայաստանում գտնվող օտարերկրյա դեսպաններին՝ Հադրութն Արցախի կազմում թողնելու պահանջով։