Նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգիր չի տրամադրել


Նախարարությունը Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային ուղեգիր չի տրամադրել
Մայիս 6 18:02 2021

ՀՀ հաշվեքննիչ պալատը հրապարակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում 2020 թվականի պետբյուջեի տարեկան կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ ընթացիկ եզրակացությունը։ 

Ըստ եզրակացության՝ մի շարք միջոցառումների դեպքում ՀՀ պետական բյուջեով նախատեսված էին ֆինանսական միջոցներ, սակայն դրանք նախարարության կողմից չեն իրականացվել, այլ՝ ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով գումարները տեղափոխվել են ՀՀ պահուստային ֆոնդ։

Մասնավորապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը չի իրականացրել կառավարության որոշմամբ սահմանված երկու միջոցառում։

Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային բուժման ուղեգիր տրամադրելու ծրագիրը նախարարության կողմից չի իրականացվել՝ պատճառաբանելով, որ կորոնավիրուսի պատճառով վետերանները հրաժարվել են առողջարանային բուժումից։

Նախատեսված է եղել սպասարկել 30 շահառուի։ Կորոնավիրուսի համավարակով է պատճառաբանվել նաև 18-ից բարձր անձանց համայնքային փոքր տներում խնամքի կազմակերպման համար անշարժ գույք ձեռք չբերելը։ Նախարարությունից նշել են, որ համավարակի պատճառով հնարավոր չի եղել մրցույթ իրականացնել, մինչդեռ Հաշվեքննիչ պալատն արձանագրել է, որ նախքան նոր ծրագրեր սահմանելը նախապես պետք է հաշվի առնվեր դրանց կատարման իրատեսականությունը՝ հաշվի առնելով համաճարակային իրավիճակը։