Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսում է. Հայաստանում բոլոր աղետների կնքահայրը, արարողն ու գործողը նա է եղել և մինչև հիմա է՛». Հովիկ Աղազարյան


Լևոն Տեր-Պետրոսյանը հիպնոսում է. Հայաստանում բոլոր աղետների կնքահայրը, արարողն ու գործողը նա է եղել և մինչև հիմա է՛». Հովիկ Աղազարյան
Մայիս 6 17:40 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը՝ նշելով, որ Առաջին նախագահը մարդկանց հիպնոսացնելու հատկություն ունի:

«Ժամանակին Գերագույն խորհրդում, երբ կարևոր հարց էր քննարկվում, անպայման վերջում ինքն էր ելույթ ունենում, այնուհետև հարցը դնում էին քվեարկության: Մոտավորապես մի 7-8 ամիս հետո հասկացա, որ նա հիպնոս է անում, հիպնոսի հատկություն ունի: Ես արդեն տակտիկա էի որդեգրել, հենց ինքը ելույթ էր ունենում, ընդմիջում էի խնդրում, որ ցվրվեի»,- նշեց Հովիկ Աղազարյանը:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի հոգեզավակը՝ ամեն դեպքում հանրությունն այդպես է ասում, Առաջին նախագահից ի՞նչ է սովորել, և նրանց երկուսի վարած քաղաքականության մեջ նմանություն տեսնո՞ւմ է, Հովիկ Աղազարյանը պատասխանեց.

«Ոչ, նմանություն չեմ տեսնում, որովհետև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունն այն մարդու քաղաքականությունն է, որը թափանցիկ է, բաց է, հակառակ դեպքում նա բոլոր դաշտերում պարտված կլիներ, ինքն ու իր թիմը: Հայաստանում բոլոր աղետների ու բացասական դրսևորումների կնքահայրը, արարողն ու գործողը Լևոն Տեր-Պետրոսյանն է եղել և մինչև հիմա է»:

Հարցին՝ հիմա Նիկոլ Փաշինյանի թիմը պարտված չէ՞ տնտեսության ոլորտում, պատերազմի դաշտում, Հովիկ Աղազարյանը հարցով պատասխանեց.

«Ո՞վ է որոշում, տնտեսության ոլորտում նախորդ տարի Գագիկ Ծառուկյանը չիմանալով, որ պատերազմ է լինելու, ասում էր, որ աշնանը սով է լինելու: Ցավոք, մենք պատերազմն էլ անցանք, կորոնավիրուսն էլ ենք հաղթահարում, բարեբախտաբար մենք այդ իրավիճակում չենք, և մենք դուրս ենք գալու այդ իրավիճակից»:

Հարցին՝ երբ ասում է՝ Առաջին նախագահը հիպնոսելու հատկություն ունի, այդ դեպքում ինչո՞ւ նրան չհաջողվեց հիպնոսել երկրորդ և երրորդ նախագահներին ու իր  առաջարկն առաջ տանել, Հովիկ Աղազարյանը պատասխանեց՝ «հիպնոսն ամեն մեկի վրա հո չի՞ ազդում»:

«Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյնին համեմատեցիք ինձ հետ, Ռոբերտ Քոչարյանի վրա հիպնոսը չի ազդի»,- շեշտեց նա:

Միաժամանակ պատգամավորն ասաց, որ իրենք ընդունում են, որ շատ բացթողումներ ունեն, այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ է ասում, սակայն որոշողն ու դատավորը ժողովուրդն է, թող ժողովուրդը որոշի, և իրենք իմանան իրենց քաղաքական կշիռը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում