Աշխարհապետին ապօրինաբար ձերբակալելու, նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում


Աշխարհապետին ապօրինաբար ձերբակալելու, նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում
Մայիս 6 17:30 2021

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբորը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանին ապօրինի բերման ենթարկելու, ձերբակալելու և նրա նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք ցուցաբերելու վերաբերյալ տեսագրությունները դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Արարատ Աղաբեկյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ՀՔԾ-ում նախապատրաստվող նյութերի շրջանակներում Աղաբեկյանը հրավիրվել է ՀՔԾ՝ բացատրություն տալու։ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի եղբայրը՝ Աշխարհապետ անունով հայտնի Արարատ Աղաբեկյանը Քննչական կոմիտեում նվաստացուցիչ վերաբերմունքի է արժանացել Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացված ակցիաների գործով։ Ընդ որում, նա ձերբակալվել էր չնայած վատ առողջական վիճակին, ՔԿ շենքում ձեռնաշղթաներով պահել ու հրաժարվել շտապօգնություն կանչել՝ չնայած նրա զգուշացումներին, որ վատ է եւ բժշկի կարիք ունի։ Քննիչը շտապօգնություն էր կանչել միայն փաստաբանի պնդումներից հետո։

Աղաբեկյանին մեղադրանք առաջադրելուց հետո Սյունիքում տեղի ունեցած ակցիաների գործով նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի եղել։ Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության հատկանիշներով, ինչի հետ Աղաբեկյանը համաձայն չէ։ Վերջինս անձամբ չի մասնակցել ակցիաներին, քանի որ առողջական խնդիրներով պայմանավորված գտնվել է տանը՝ բուժման մեջ։