Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ–ին, լո՞ւրջ եք ասում, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, դա մանիպուլատիվ ելույթ էր. Արման Թաթոյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ)


Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ–ին, լո՞ւրջ եք ասում, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, դա մանիպուլատիվ ելույթ էր. Արման Թաթոյանը՝ Մարիա Կարապետյանին (տեսանյութ)
Մայիս 6 17:23 2021

Տիկին Կարապետյան, Ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ, երբ խմբակցության  անունից նման ուղերձներով ելույթներ են հնչում, այս մասին այսօր Ազգային ժողովում իր ամփոփիչ ելույթում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին:

Նա նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե չլիներ անկաշկանդ 2018 թվականի ապրիլ–մայիսի իրադարձությունների ժամանակ միջազգային ամբիոններից օրինակելի կառույց չէր համարվի:

«Էդ մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում մարդու իրավունքների պաշտպանին, լո՞ւրջ եք ասում: Մարդիկ ապրում են պետական սահմաններում, գյուղում, ադրբեջանցի զինվորականները եկել են, մարդիկ շոկի մեջ են հայտնվում, պետությունը փոխանակ գնա, նրանց հետ աշխատի, ոչ միայն չի աշխատում, այլ ասում է ամեն ինչ նորմալ է: Հայաստանի քաղաքացիները մեկ ուղղությամբ պետք է աշխատեն, ոչ թե մեղադրեն միմյանց, բայց Ադրբեջանի նպատակն է աշխարհին ասել՝  ամեն ինչ հիանալ է, նորմալ է, հենա իրանք էլ են ասում ամեն ինչ նորմալ է: Բա պետությո՞ւնը, որ որևէ բան չի անում ու մեղադրում է մեդիատեռորի մեջ»,-ասաց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը Հանրային հեռուստատեսության վարքագիծը դատապարտելի համարեց: Նա նշեց, որ հատուկ մոնիտորինգ են արել և իր հայտարարություններից Սյունիքի մասին ոչինչ չեն տվել: Նա զգուշացրեց չփորձել աղավաղել մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

«Ձեր ելույթում կային բացահայտ մանիպուլատիվ հայտարարություններ: Տիկին Կարապետյան, ես միամիտ չեմ, աշխատել եմ Կառավարությունում, միջազգային կառույցներում, քաղաքացիական հասարակությունում և հասկանում եմ՝ ինչ է կատարվում: Մի հատ գնանք, իրար հետ նայենք՝ ինչ է կատարվում սահմանում, Դուք գնացե՞լ եք, հարց տվե՞լ եք, թե ինչ կլինի, եթե ավտովթար տեղի ունենա: Մեր քաղաքացիները գալու են Ադրբեջանի՞ց հարցաքննվեն, Դուք իշխող խմբակցության անդամ եք, հարց տվե՞լ եք, թե ոնց եք գնալու նման դեպքում մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանեք, տանելու են ձերբակալել ու գերի դարձնե՞ն սա սկզբունքային հարց է»,- ասաց նա և նշեց, որ ջուր չպետք է լցնենք Ադրբեջանի ջրաղացին: