Թուրքիայում տարօրինակ հանգամանքներում մահացել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովը


Թուրքիայում տարօրինակ հանգամանքներում մահացել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովը
Մայիս 5 21:20 2021

Թուրքիայում շատ տարօրինակ հանգամանքներում մահացել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Բայրամ Մամեդովը:

Turan-ի հարցին ի պատասխան՝ թուրքական ոստիկանությունը հայտնել է, որ մայիսի 2-ին, ժամը 15:00-ի սահմաններում ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր՝ տեղեկություն ստանալով, որ տղամարդը մտել է ծովը եւ այլեւս չի վերադարձել: «Դեպքի ականատեսների վկայությամբ՝ մոտ 25-30 տարեկան մի երիտասարդ սուզվել է ծովը, իսկ հետո նկատել է, որ հողաթափերը կորցրել է ջրի մեջ: Նա որոշ ժամանակ պտտվել է ջրի մեջ, բայց այդպես էլ դուրս չի եկել, իսկ հետո տեսադաշտից կորել է: Ավելի ուշ մարմինը հանվել է Հայդարփաշա կայարանի տարածքում եւ տեղափոխվել է Նումունե հիվանդանոց: Երբ մահացածի լուսանկարը ցույց են տվել այն անձին, որը մայիսի 4-ին եկել էր ոստիկանության բաժին անհայտ կորած ընկերոջը փնտրելու համար, նա մահացածին ճանաչել է որպես Ադրբեջանի քաղաքացի, 1995 թվականին ծնված Բայրամ Մամեդով»,- ասվում է ոստիկանության պատասխանում։

Հիշեցնենք, որ Բայրամ Մամեդովը եւ Գիյաս Իբրահիմովը լայնորեն հայտնի էին դարձել այն բանից հետո, երբ 2016 թվականի մայիսի 9-ին նրանք քաղաքական կարգախոսներ էին գրել Բաքվում Հեյդար Ալիեւի հուշարձանի պատվանդանին: Մի քանի օր անց նրանք ձերբակալվել եւ դատապարտվել էին, բայց թմրանյութերի առեւտրի մեղադրանքով: Հուշարձանին «Շնորհավոր ստրուկների տոնը» եւ «Fuck the system» գրությունների համար նրանց 10 տարվա ազատազրկման էին դատապարտել։

Նույն տարվա հոկտեմբերի 25-ին նրանք մեղավոր էին ճանաչվել եւ բանտարկվել էին: 2019-ի մարտին նրանց ներում էր շնորհվել: