Թշնամին կարողանում է մոտենալ Ստեփանակերտին և կրակահերթ արձակել , իշխանությունները լռում են. Հակոբյան


Թշնամին կարողանում է մոտենալ Ստեփանակերտին և կրակահերթ արձակել , իշխանությունները լռում են. Հակոբյան
Ապրիլ 22 22:47 2021

Պատերազմի ավարտից հետո կրակոցները միշտ եղել են, պարզապես այն ժամանակ հիմնականում օդ էին կրակում և թիրախավորված չեն եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

Նշենք, որ այսօր Արցախի պաշպանության բանակը հայտնել է, որ վերջին օրերին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից տարբեր ուղղություններով խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Նշված խախտումների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ եթե նախկինում թշնամական կողմը հիմնականում կրակում էր դեպի օդ, ապա ներկայումս ավելի հաճախակի են դարձել ՊԲ մարտական դիրքերի և սահմանամերձ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ արձակված կրակոցները ։

Հակոբյանը նկատեց, որ սա առաջին դեպքը չէ և նախկինում ադրբեջանցիները թիրախավորել էին Սարուշենի դաշտում աշխատող գյուղացիները։ «Նույնը կատարվել է փաստորեն երեկ, երբ Ստեփանակերտ՝ բնակելի տան ուղղությամբ են կրակոցներ եղել, և փաստորեն կրակել են այնպիսի զենքով, որով հնարավոր չեր Շուշիից կրակել։ Հետևաբար կարող ենք փաստել, որ ադրբեջանցիները մոտեցել են Ստեփանակերտին։ Դա տեղիք է տալիս անհանգստության, քանի որ, ըստ էության, խախտվում է եռակողմ համաձայնության 4-րդ կետը։ Ցավոք, իշխանությունները լուռ են և որևէ պարզաբանում չեն տալիս այս միջադեպերի հետ կապված։ Այդ տանը եղել են մանկահասակ երեխաներ, և փառք Աստծո, մենք զոհեր չունենք։ Պարզապես կարող ենք փաստել, որ երբ Հայաստանում և Արցախում իշխանությունները խոսում են այն մասին, որ Արցախն ու Հայաստանը ունեն ապագա, ապա պետք է բացատրեն, թե դրանով ինչ են ուզում ասել։ Ո՞րն է այդ ապագան, եթե թշնամին կարողանում է մոտենալ Ստեփանակերտին և կրակահերթ արձակել։ Իշխանությունը բացատրություն չի տալիս և համատարած լռություն է տիրում»,- նշել է մեր զրուցակիցը։

Այս պահին Ստեփանակերտում խաղաղ իրավիճակ է։ Սակայն նման դեպքերը, ըստ նրա, շարունակական են լինելու, մեր իշխանությունները պարտված իշխանություններ են։ «Այս իշխանությունների հետ ոչ-ոք հաշվի չի նստելու, և թշնամին անելու է այն ինչ ուզում է։ Կապիտուլյացիա ստորագրած իշխանությունները չեն կարող թշնամուն կանգնեցնել»,- շեշտեց Հակոբյանը։

Արցախի Ազգային Ժողովի պատգամավորը նշեց, որ Հայաստանի և Արցախի ղեկավարները չպետք է անգամ փորձեն իրենց ներկայացնել որպես անվտանգության երաշխավոր։ Ավելին, նրա կարծիքով, երեկ Սյունիքում հնչած կրակոցները փոխկապակցված են Արցախում հնչած կրակոցների հետ։

«Սարսափ առաջացնելով թշնամին փորձում է հասնել նրան, որ վերցնի Կարմիր Շուկայից Շուշի տանող ճանապարհը։ Նաև խոսակցություններ են գնում Սյունիքով միջանցք բացելու վերաբերյալ ։ Այս հարցը բազմիցս շահարկվել է, քննարկվել։ Այս իշխանությունները շատ պարզ են իրենց պահում այս առումով, իրենք ևս համամիտ են ադրբեջանական կողմի հետ։ Ալիևը հայտարարում է, որ եթե իրենց Սյունիքով միջանցք չտրամադրեն, իրենք կստիպեն բացել այդ միջանցքը։ Իսկ Հայաստանի վարչապետը գոռում է, որ իրենք ուժեղ իշխանություն են, քանի որ կարողանալու են Ադրբեջանի հետ համատեղ ճանապարհ օգտագործել, որը մեզ տնտեսապես կզարգացնի։ Փաստորեն նա Ալիևի հետ միասին հայտարարություն է անում», - շեշտեց պատգամավորը։

Հակոբյանի դիտարկմամբ՝ պատերազմի սցենարը գրված էր և արդյունքում հանձնեցին Հադրութը, Շուշին։ «Ըստ էության պատերազմի արդյունքում թշնամին կարողացավ գրավել 2800 քառակուսի կիլոմետր, իսկ մնացածը մոտ 7․000 քառակուսի կիլոմետրը Հայաստանի վարչապետը նվիրեց թշնամուն։ Իրենք ոչ թե համակերպվել են Խորհրդային Հայաստանի սահմաններին, այլ պարզապես պլանավորել էին այս ծրագիրը։ Իհարկե, իրենք որևէ հայտարարություն չեն արել այն մասին, որ մենք որևէ կերպ հետ ենք բերելու մեր Հայրենիքը։ Եվ երբ ընդդիմության կողմից նման առաջարկներ հնչել են, թե Հայաստանի և թե Արցախի իշխանությունները մեղադրանքներ են հնչեցրել՝ ասելով, թե դրանք պատերազմի կոչեր են։ Չնայած ընդդիմությունը բազմիցս նշել է, որ դա կարելի է անել խաղաղ ճանապարհով՝ ունենալով ուժեղ բանակցող։ Սակայն այս իշխանությունների հետ ոչ-ոք չի խոսելու, թշնամին ստիպելու է այս իշխանություններին իրականացնել իր կամքը»,- եզրափակեց Արցախի պատգամավորը։

Հեղինակ՝ Անի Մշեցյան

Աղբյուր` Փաստինֆո