Աշխարհի ուժեղները չեն կարողանում ինչ-որ լկստված Ալիևից գերիների թիվ ստանա՞լ. Ո՛չ, ուղղակի Հայաստանի հանցավոր անգործությունն են տեսնում. Ալավերդյան


Աշխարհի ուժեղները չեն կարողանում ինչ-որ լկստված Ալիևից գերիների թիվ ստանա՞լ. Ո՛չ, ուղղակի Հայաստանի հանցավոր անգործությունն են տեսնում. Ալավերդյան
Ապրիլ 17 18:37 2021

Հայաստանը պետական մակարդակով պետք է որակավորի Ադրբեջանի՝ ցեղասպանության տարրեր պարունակող գործողությունները։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով Ադրբեջանում հայ գերու սպանությանը։ 

Վերջինս նկատեց՝ Ադրբեջանը, ըստ էության ոչ թե ոտնահարում է մարդու իրավունքները, այլ հակադրվում է միջազգային մարդասիրական նորմերին։ Ադրբեջանը ոչ միայն շարունակում է հանցավոր գործողությունները, այլև ցուցադրում դրանք. «Այդ ցուցադրականությունը ցեղասպանական գործողությունների հստակ հատկանիշ է։ Նա դրանք ցուցադրում է ոչ միայն այն պատճառով, որ այդ ամենն անպատիժ է մնում, այլև քանի որ դա ցեղասպանական գործողության ամենադաժան ձևերից է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Նա կշտամբեց բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք եղել են խորհրդարանում և ո՛չ ԱԺ-ի, ո՛չ էլ կառավարության մակարդակով որոշում չեն ընդունել այն մասին, որ Ադրբեջանի բոլոր գործողությունները ցեղասպանություն են նշանակում. «Դա կարևոր է ոչ միայն նրա համար, որ մեր հստակ գնահատականը տանք այդ ամենին, այլև կարողանանք օգտագործել քաղաքական ատյաններում, որպեսզի պարզ դառնա, թե ինչու Արցախը որևէ կարգավիճակով չի կարող Ադրբեջանի կազմում լինել։ Միջազգային նախադեպեր նույնպես կան, բայց Հայաստանում դա դեռ չի իրականացվում»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։

Հայաստանի իրավապահ մարմիններում արդեն պետք է համապատասխան գործեր հարուցված լինեին Ադրբեջանի նկատմամբ, քանի որ հստակ պետք է լինի նաև դատական իշխանության վերաբերմունքը, սակայն Լարիսա Ալավերդյանի խոսքով դա չի արվում։

Դիտարկմանը, որ Ադրբեջանի կողմից հաստատված գերիների թիվ չունենք և նմանատիպ դեպքերը հնարավոր է կրկնվեն, Լարիսա Ալավերդյանն ասաց. «Կարևոր է, որ չգիտենք գերիների հաստատված թիվը։ Դա ի՞նչ է նշանակում, աշխարհի բոլոր ուժեղները չե՞ն կարողանում ինչ-որ լկստված Ալիևից այդ թիվը ստանալ։ Ո՛չ, դա նշանակում է, որ միջազգային հանրությունը, տեսնելով Հայաստանի հանցավոր անգործությունը և պասիվությունը, կիսատ-պռատ, կեսբերան հայտարարություններով են հանդես գալիս։ Կարո՞ղ եք ասել, որևէ ատյան, որտեղ այս հարցը դարձել է քաղաքական օրակարգ և պատշաճ ձևով այնպիսի որոշում ընդունել, որից հետո Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն»,-նշեց Լարիսա Ալավերդյանը։

Վերջինս ընդգծեց՝ նման որոշումը պետք է դառնա մեր հիմնական գործիքը, թե ինչու Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. «Թե չէ ստացվում է՝ ուղղակի ասում ենք չի կարելի ու վերջ։ Դա պետք է հիմնավորվի։ Ընդ որում` նման նախադեպեր կան և՛ ճանաչված ցեղասպանության դեպքում, և՛ չճանաչված»,-ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։



loading...