«Դա վաբշե այլանդակություն ա». քաղաքացիները՝ ԱԺ-ում հնչած ծափահարությունների մասին


«Դա վաբշե այլանդակություն ա». քաղաքացիները՝ ԱԺ-ում հնչած ծափահարությունների մասին
Ապրիլ 17 18:30 2021

Օրեր առաջ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը, որի ժամանակ չմոռացավ անդրադառնալ նախկիններին, առավելապես խոսեց պատերազմի մասին, իր բնորոշմամբ՝ գաղտնազերծեց որոշ մանրամասներ, վերջում էլ  ասաց՝ «Հայաստանում կա ապագա, Արցախում կա ապագա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան»: Ելույթից գոհ ու ոգևորված ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, մասնակի բացառություններով, հոտնկայս, բուռն ու երկարատև  ծափահարություններով ողջունեցին իրենց առաջնորդ  Նիկոլ Փաշինյանի խոսքը:  Երևույթի մասին երեկվանից քաղաքական գործիչների, թաղաքագետների ու վերլուծաբանների կարծիքներ են տարածվում համացանցում, 168.am-ն էլ որոշեց  պարզել մեր համաքաղաքացիների կարծիքը՝  ինչպե՞ս են վերաբերվում երևույթին, որ ԱԺ-ում պատգամավորները ծափահարում են Արցախի շուրջ 80 տոկոսը թշնամուն հանձնած, ավելի քան 4000 զոհ տված գերագույն գլխավոր հրամանատարի ելույթին:

 

«Ես ինձ շատ վատ եմ զգում, մենք էլ զոհեր ունենք, բայց մարդիկ կան, ովքեր չեն զգում, որովհետև չեն տեսել էդ ցավը, դրա համար էլ հելնում ծափահարում են, եթե տեսնեին, չէին ծափահարի»,- ասաց Արցախից եկած մի կին:

 

«Դա վաբշե այլանդակություն ա: Իմքայլականների մեջ էլ կա մարդ, բայց 90 տոկոսը պետք է թողնեն ասպարեզը հեռանան, ինչի՞ վրա ես ծափ տալիս, կամ մարտի 1-ին հրապարակում ժողովրդին հավաքեցիր, Նիկոլ, ասեցիր՝ «բարև ձեզ, իմ հպարտ ժողովուրդ», ինչո՞վդ ենք հպարտ, քեզանո՞վ ենք հպարտ, կամ էլ ասում է՝ Շուշին դժբախտ, դժգույն քաղաք ա, դժբախտը դու ես, որ ժողովուրդն ընկել է քո ձեռքը կրակը, ո՞նց կարելի է ասել՝ Շուշին դժբախտ քաղաք ա, դժբախտը իրանք են, որ ժողովրդին դժբախտացրին»,- ասաց մի տղամարդ:

 

 

«Շատ վատ եմ վերաբերվում էդ երևույթին, շատ վատ»,- ասաց մի անցորդ:

 

«Դա հիմա լուրջ քայլ չէ, հիմա այդպիսի բաներ անելու ժամանակը չէ, հիմա պետք է անել այնպիսի բաներ, որոնք մեզ կօգնեն, ինչ-որ մեկին ծափ տալը հիմա ոչ մեկիս օգուտ չի բերի»,- ասաց անցորդներից մեկը:

 

«Ես այդ օրը շոկ եմ ապրել, շատ վատ ենք վերաբերվում, շատ: Մենք շատ կարևոր հարցեր ունենք դեռ լուծելու, առաջին հերթին՝ գերիների վերադարձը, ամբողջ օրը դա ենք մտածում, թե ինչ պետք է անենք, որ այդ տղաներին շուտափույթ  վերադարձնենք: Իսկ զոհերի հարցին պետք է շատ զգույշ վերաբերվել, որովհետև ծնողները շատ վատ վիճակում են, մենք, որ կողքի մարդ ենք, շատ վատ ենք զգում, շատ վատ ապրումներ ենք ունենում, ուր մնաց՝ էդ երեխեքի ծնողները, այդ հարցը շատ նուրբ հարց է, և պետք է շատ զգույշ վերաբերվեն: Զոհերի թիվն էլ դեռ պարզ չէ, ինձ թվում է՝ շատ է»,- ասաց մի կին:

 

«Նայած՝ ինչին են ծափահարում, չեմ լսել, չգիտեմ ինչի մասին է խոսքը, քաղաքականությամբ չեմ հետաքրքրվում, բայց դե ծափահարությունները միշտ լինում են, նայած, թե ինչ թեմա է եղել, ինչ խոսակցություն է եղել»,- ասաց անցորդներից մեկը:

 

«Ես շատ վատ եմ վերաբերվում, ամաչում եմ ծափահարողների փոխարեն, իրենց ժառանգների, իրանց ծանոթների փոխարեն: Խայտառակություն է, ողբերգություն է»:

 

Մանրամասները՝ տեսանյութում։