Արցախում զոհված Գագիկ Պողոսյանը վաղը կդառնար 26 տարեկան․ քաղաքի՝ նրա սիրելի հատվածում վաղը հուշաղբյուր կբացվի


Արցախում զոհված Գագիկ Պողոսյանը վաղը կդառնար 26 տարեկան․ քաղաքի՝ նրա սիրելի հատվածում վաղը հուշաղբյուր կբացվի
Ապրիլ 15 18:28 2021

Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում վաղը կբացվի Արցախյան վերջին պատերազմում զոհված 25-ամյա սպա Գագիկ Պողոսյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրը, տեղն էլ  հատուկ է  ընտրվել: «Իր սիրելի հատվածն էր, տղաներով սովորաբար երեկոները հավաքվում էին․․․»,- այսօր այդ առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գագիկի  մայրը:

 

Իսկ հայրը՝ Դանիել Պողոսյանը, լրագրողներին  ասաց, որ պատահական չի ընտրվել հուշաղբյուրի բացման օրը, վաղը Գագիկի ծննդյան օրն է, նա կդառնար 26 տարեկան։

 

Զոհված կապիտանի մայրը՝ Լիլիթ Վարդանյանը, պատմեց, որ որդին ավարտական դասարանում էր, երբ որոշեց, որ պետք է զինվորական դառնա, և արդեն դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Բուհն ավարտելուց հետո էլ ծառայության էր անցել Արցախում՝ Ջրականում (Ջաբրայիլ)։

 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմում զոհված սպայի ծնողները պատմեցին, որ իրենց որդին զոհվել է հոկտեմբերի 14-ի երեկոյան՝ Հադրութ գնալու ճանապարհին․

 

«Տղաները պատմում են, որ փորձել են դուրս բերել, որովհետև ինքը վիրավորվելուց մոտավորապես 1 ժամ ողջ է եղել, ուղղակի հանգամանքների բերումով չեն կարողացել շուտ հասցնեն հոսպիտալ։ Վիրավորումը մեջքից է եղել, ու մոտ 1 ժամ կենդանի է եղել՝ գիտակցությունը տեղը, ցավեր չի ունեցել ու գիտակցել է, որ արդեն գնում է․․․ Մեքենայի մեջ է մահացել, հիվանդանոց չեն հասցրել․․․»։

 

Գագիկ Պողոսյանի ընկերները  2020 թվականի հոկտեմբերի 16-ին են մորը հայտնել որդու զոհվելու բոթը․

 

«Ասեցին՝ Գագիկը չկա․․․»։

 

Ծնողերը սկսել են հարցուփորձ անել, և ահա օրեր անց լուրը հաստատվել է, սակայն այս անգամ էլ մեկ այլ խնդրի առաջ են կանգնել՝ սկսել են փնտրել որդու դիակը։

 

«Սկսեցինք փնտրել Գագիկի մարմինը, Արցախում, Հայաստանի բոլոր հիվանդանոցներում, դիահերձարաններում։ Հոկտեմբերի 20-ին Հոկտեմբերյանի դիահերձարանում գտանք մարմինը։ Ամսի 23-ին Եռաբլուրում հուղարկավորեցինք որդուս»,- հիշեց զոհված սպայի մայրը։

 

Ի դեպ, Գագիկի հայրն ասաց, որ որդին դեռ օգոստոսին պետք է կապիտանի կոչումը ստանար, սակայն անհասկանալի պատճառներով ձգձգում էին, և, փաստորեն, Գագիկն այդպես էլ  չի ստացել  կապիտանի կոչումը, բայց դեռ  22 տարեկանում հասցրել էր պարգևատրվել «Ծովակալ Իսակով» մեդալով։ Նրա հայրը հիշեց այդ օրը․

 

«Դա գերատեսչական մեդալ է, մարդիկ 20-30 տարի աշխատում են, նոր են ստանում, հարցրեցի՝ դու մի տարվա ծառայող՝ ո՞նց «Ադմիրալ Իսակով» ստացար, պատասխանեց՝ պապ, երևի շփոթվել են։ Զոհվելուց հետո նոր ընկերներն ասացին՝ հիմա կարող են ասել, այն ժամանակ արգելված էր, Գագիկն ադրբեջանցի գեներալ–լեյտենանտ է գերի բերել․․․ Պատմեցին ու ես նոր հասկացա, թե տղես ինչի համար է այդ մեդալը ստացել, ու այսօր ասում են՝ մենք չենք կարող իրեն հերոսի կոչում տալ, չենք կարող տալ Մարտական առաջին խաչ, տվել են երկրորդ կարգ, ես էլ հրաժարվել եմ, որովհետև իր զինակից ընկերների պատմելով՝ շատ բան է արել։ Հարցնում եմ՝ տղերք ջան, քանի՞ թուրք սպանած կլինի, ասում են՝ 200-ից ավելի թուրք՝ մորթել, 100-ից ավելի կյանքեր է փրկել։ Իր ընկերներն ասում են՝ Գագիկն առնվազն ազգային հերոսի կոչում պետք է ստանա, ես ասում եմ՝ գոնե առաջին կարգի մարտական խաչ տան․․․»։

 

Զոհված սպայի ծնողները պատմեցին, որ չնայած նրան, որ իրենք դեռ 2020 թվականի հոկտեմբերի 23-ին հուղարկավորել էին իրենց որդուն (ամբողջական մարմինը), 2021 թվականի հունվարից զանգեր են ստացել, թե իբր ԴՆԹ-ի համընկնում կա, և, որ մասունքներն իրենց որդունն է։ Այդպես՝ 3 զանգ։

 

«Առաջին անգամ զանգել են Երևանի քննչական վարչությունից, երկրորդ անգամ՝ Արտաշատի, երրորդը՝ Վեդիի քննչականից։ Քննչականին բացատրեցի, որ հնարավոր չէ համընկնումը, երևի իրենք չգիտեին, որ մենք Գագիկի ամբողջական մարմինն ենք հուղարկավորել»,- պատմեց զոհված սպայի մայրը։

 

Ըստ ծնողների՝ իրենց որդու դիակը ճանաչելի է եղել: Նրանք ասուլիսի ժամանակ ասացին նաև, որ  Գագիկի անունը Պաշտպանության նախարարության՝ զոհվածների ցանկում հայտնվել է միայն 2021 թվականի հունվարի վերջին՝ որդու հուղարկավորությունից 3 ամիս անց:

 

 



loading...