Ինչո՞ւ պիտի սիրենք Աստծուն


Ինչո՞ւ պիտի սիրենք Աստծուն
Մարտ 22 00:32 2021

«Երանյալ է այն մարդը, ում մեջ կա Աստծո սերը, քանզի իր մեջ նա Աստծուն է կրում: Աստված սեր է. և ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծո մեջ, և Աստված բնակվում է նրա մեջ» (Ա Հովհ. 4:16):

Ինչո՞ւ պիտի սիրենք Աստծուն. քանզի Ինքն է Սերը, Ինքն է, որ բոլորիս հավասարապես սիրում է և ակնկալում, որ մենք էլ Իրեն սիրենք և Իր սերը մեր սրտի մեջ պահենք:

Աստծուն սիրել նշանակում է սիրով կատարել Նրա բոլոր պատվիրանները. Աստծուն սիրելու պատվիրանը պատվիրաններից մեծագույնն է. այն անհրաժեշտություն է բոլոր ժամանակների համար, ամեն միջավայրում և յուրաքանչյուր պարագայում: Աստվածաշնչում ասվում է. «Պիտի սիրես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով, քո ամբողջ մտքով և քո ամբողջ զորությամբ» (Մարկ. 12:30):

Աստծո սերը փրկություն է, Աստծուն սիրելով միայն մարդ կարող է իրական սիրով սիրել իր նմանին, քանզի մարդկային սերը շահախնդիր է, իսկ աստվածայինը` անշահախնդիր:

Աստծո սերը ոչ մի հակասություն չունի Նրա սրբության, արդարության, և անգամ բարկության հետ։ Տիրոջ բոլոր հատկանիշները կատարյալ ներդաշնակության մեջ են իրար հետ։ Աստծո բոլոր գործերը բխում են սիրուց ճիշտ այնպես, ինչպես Նրա բոլոր գործերն արդար են ու ճշմարիտ, հետևաբար Աստված իրական սիրո կատարյալ օրինակն է մարդկության համար:

Երբ մտածում ենք Աստծուց եկած պարգևների մասին, որոնք Նա սիրով և առատությամբ տալիս է մեզ՝ կյանքը վայելելու, այն գեղեցկացնելու, իմաստավորելու համար, սերը ավելի է մեծանում:

Ու որքան շատ բան ենք սովորում Աստծու մասին, այնքան ավելի շատ պատճառներ ենք ունենում գնահատելու Նրա անսահման բարությունն ու առատաձեռնությունը։