Ասել եմ ու ասելու եմ՝ Նիկոլի հետ այդ ճանապարհ փակելը եկել է, նրա հետ էլ պետք է վերանա. Կապանի քաղաքապետ


Ասել եմ ու ասելու եմ՝ Նիկոլի հետ այդ ճանապարհ փակելը եկել է, նրա հետ էլ պետք է վերանա. Կապանի քաղաքապետ
Փետրվար 27 19:37 2021

Յուրաքանչյուր քաղաքացու պետք է մտահոգի տվյալ քաղաքական ճգնաժամային իրավիճակը, քանի որ խալխլվում են պետականության հիմքերը, եւ շատ լուրջ անվտանգային սպառնալիքներ են առաջանում ինչպես Սյունիքի եւ սյունեցու, այպես էլ ամբողջ երկրի համար։ Այս մասին Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հրավիրված հանրահավաքին ասաց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը:

 

«Դրանից ելնելով գտնում եմ, որ սյունեցիները՝ հատկապես կապանցիները միառժամանակ կտրվեն իրենց առօրյայից եւ ուշադրությունը սեւեռեն ներկայիս պատմության ընթացքի վրա, որովհետեւ հիմա կերտվում է ոչ միայն մեր, այլեւ մեր սերունդների ապագան, եւ շատ կարեւոր է, որ մենք ինքներս մեզ հարց ուղղենք, թե ինչ կարգավիճակի երկիր ենք ուզում կառուցել՝ փուչ պոպուլիզմով, հպա՞րտ, թե՞ կառուցողական կայուն։ Եւ պատահական չէ, որ այսօրվա հանրահավաքի խորագիրը՝ «Սատարում ենք հայոց բանակին, պահանջում ենք Նիկոլի հրաժարականը»-ն է, քանի որ երկրի անվտանգության առաջին եւ գլխավոր երաշխավորը ՀՀ բանակն է, որը նույնպես այս քաղաքական իշխանության անշունչ ամբիցիաների եւ անպատասխանատու հայտարարությունների պատճառով կանգնել է լուրջ խնդիրների առջեւ․ Գլխավոր շտաբը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ Նիկոլը ուզում է ծառայությունից հեռացնել Գլխավոր շտաբի պետին եւ արդեն իսկ հեռացրել է առաջին տեղակալին, որին երկու-երեք ամիս առաջ Ազգային հերոսի կոչում էր տվել։ Ստեղծվել է մի կազուսային իրավիճակ»,- ասաց նա։

 

Նրա խոսով`քաղաքական իշխանության եւ գլխավոր շտաբի միջեւ առաջացել է անջրպետ. «Եւ այսօր ես ձեզ կներկայացնեմ մի իրողություն, որի մասին լայն հասարակական շրջանակներում երբեք չեմ խոսել։ Այս մասին չեմ խոսել միայն նրա համար, որ լարվածություն չառաջացնեմ Գլխավոր շտաբի եւ կառավարության միջեւ, որովհետեւ մենք լավ ենք հակսանում, որ բանակն է մեր անվտանգության երաշխավորը, եւ շատ կարեւոր է, որ քաղաքական իշանության միջեւ խնդիրներ չլինեն։

 

Ինչպես գիտեք՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց այս չարաբաստիկ պատերազմը եւ բոլորս լծվեցինք հայրենիքի պաշտպանության գործին եւ փորձեցինք հաղթանակել։ Ցավոք սրտի, չստացվեց։ Արդեն հոկտեմբերի 17-18-ին սկսեցինք կազմակերպել Կապանի պաշտպանությունը։ Հարյուրավոր կապանցիներ կամավորագրվեցին, ինչպես նաեւ կապանի պատշպանությանը սատար անգնեցին Քաջարանի մեր հայրենակիցները։ Նոյեմբերի 9-ին կնքվեց այդ համաձայնագիրը, որտեղ հստակ ասվում էր, որ զինված ուժերը մնում են այն կետում, որտեղ այդ պահին կանգնած են, եւ մենք, բնականաբար, մինչեւ նոյեմբերի 9-ը զբաղեցրել էինք այնպիսի բնագծեր, բարձունքներ, որ ամբողջությամբ ապահովում էինք մեր բնակավայրերի եւ բնակիչների անվտանգությունը։ Ինձ մոտ նոյեմբերի 9-ից հետո, թե՛ այս իշխանությունը, թե՛ համաձայնագրի որոշակի դրույթներից ելնելով, մտավախություն կար, որ հնարավոր է՝ դեկտեմբերի 1-ին հրահանգվի, որ մենք այդ բնագծերը զիջենք։ Դրա համար ես հանդիպում խնդրեցի Օնիկ Գասպարյանի հետ։ Նոյեմբերի 23-ին գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Օնիկ Գասպարյանին Թասի ոլորանների սկզբնամասում։ Ներկա էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող գրեթե բոլոր գեներալները՝ կորպուսի հրամանատարները եւ վարչության պետերը։ Օնիկ Գասպարյանին հարցրի, թե ինչ ճակատագիր է սպասվում այս բնագծերի հետ կապված։ Շտաբի պետը պատասխանեց, որ ինքը շատ լավ հասկանում է այդ բնագծերի եւ այդ անկլավի կարեւորությունը մեզ համար։ Ասաց՝ զինված ուժերը շատ բան անել չեն կարող, որովհետեւ այսուհետ պետք է դիվանագետները փորձեն քննարկումների արդյունքում հարցերը լուծեն, բայց միանշանակ այդ անվտանգության գոտին չպիտի էլ քննարկվի բանակցությունների ընթացքում, եւ եթե անհրաժեշտությունն էլ լինի, կռիվ ենք տալու այդ բնագծերի համար, ոչ մի պարագայւոմ այդ անկլավը չենք զիջելու, ինչպես նաեւ Գորիս-կապան ճանապարհի սկիզբը։ Հարցրի՝ ի՞նչ պետք է անենք, ասաց՝ ամրանում ենք, եւ մենք սկսեցինք ամրանալ, կառուցեցինք երկրորդ, երրորդ պաշտպանական բնագիծը, դիրքերը առաջ տվեցինք։ Բայց ինչ տեղի ունեցավ․ դեկտեմբերի 15-16-ին մեզ հյուր եկավ ռուս խաղաղապահ զորքերից մեկը եւ ասաց, թե երբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել։ Ես մնացի շվարած, ասացի՝ ո՞նց թե զիջենք, ասաց՝ ինչո՞ւ, տեղյա՞կ չեք ձեր քաղաքական ղեկավարությունը ձեզ չի՞ ասել։ Ռուսի հետ երկար քննարկեցինք այդ հարցը, ես ինձ հասանելի բոլոր մեթոդները կիրառեցի՝ թե՛ անձնական կապերը, թե՛ հրամկազմի հետ քննարկումները, որ մենք այդ բնագծերը չզիջենք, որովհետեւ շատ լավ հասկանում էի, որ բնագծերը զիջելով մենք ունենալու ենք այն խնդիրները, ինչ այսօր ունենք՝ օդանավակայանի հետ կապված, ճանապարհների, բնակավայրերի։ Բոլոր մեթոդները փորձելով հասկացա, որ տարբերակ չի մնում, եւ մենք փորձեցինք վերջին տարբերակը, որը ես չեմ սիրում եւ չեմ ընդունում․ ճանապարհներ փակելու տարբերակը։ Ասել եմ ու ասելու եմ՝ Նիկոլի հետ այդ ճանապարհ փակելը եկել է, նրա հետ էլ պետք է վերանա։ Այլ տարբերակ չունենալով դեկտեմբերի 17-ին որոշեցինք մայրուղին փակենք, որ մեր բողոքի ձայնը բարձրացնենք եւ լսելի լինենք։ Ամենացավալին այն է, որ այդ տարբերակը աշխատեց, քանի որ այս իշխանության օրոք, եթե ցանկանում ես լսված լինել, պետք է ճանապարհ փակես։ Այդ օրը համայնքի ղեկավարներով հանդիպեցինք Պաշտպանության նախարարի հետ, մեր զայրույթը արտահայտեցինք, համոզեցինք ամեն կերպ, որ չզիջենք, նույնիսկ հասավ այն պահը, երբ ասացինք՝ եթե մենք ընդհանրապես այդ հրամանը չենք կատարում եւ չենք զիջում այդ դիրքերը, ապա ի՞նչ։ Նախարարի պատասխանն այն էր, որ ես չեմ կարող որեւէ մեկին ասել՝ զիջեք, թե չզիջեք, բայց խորհուրդ չեմ տալիս դեմ լինել։ Նույն ձեւով հիասթափված, ապշած այս ամենից, եւ ինչպես գիտեք դեկտեմբերի 18-ին մենք այդ դիրքերը զիջեցինք, եւ այժմ ունենք այն ինչ ունենք՝ այս խնդիրների փունջը, որ ծառացած է մեր առջեւ։ Ի դեպ, նախարարի հետ հանդիպման ժամանակ նույնպես ներկա էին գեներալների մի մասը։ Նրանք ընդհանրապես տեղյակ չէին, տեղյակ չէր գլխավոր շտաբի պետը։ Այսինքն, այն մարդը, ով մտահոգ է մեր տարածաշրջանի մասին, հայրենասեր է, նվիրված իր գործին, այսօրվա դրությամբ այդ մարդուն ուզում են հեռացնել: ԳՇ այն հրամկազմը, ովքեր սրտացավ են մեր երկրի անվտանգության համար, գլխավոր ում ենք այսօրվա բանակը, Նիկոլ Փաշինյանի փուչ ամբիցիաներից ելներով, անհիմն փորձում են ծառայությունից ազատել»,- ասաց նա:

 

Կապանի քաղաքապետի խոսքով` անթույլատրելի է աշխատանքից ազատել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

 

«Ես անձամբ ճանաչում եմ այդ մարդուն, նա արժանի, հայրենասեր մարդ է, նվիրված է իր գործին։ Չի կարելի պարզապես քո քաղաքական պատկերացումներով ազատվել նման մարդուց այս՝ լուրջ խնդիրներ ունեցող երկրում։ Մյուս կողմից փորձում ես տարբեր դրվագներով քո պատասխանատվության կամ քո մեղքի մասը փոխանցել բանակին։ Ես զարմանում եմ այն մտքի վրա, որ ասում է՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ, այս ի՞նչ միտք է, ի՞նչ է դա նշանակում։ Բա որ դու մեղք չունես, ո՞վ ունի կամ ո՞վ է առաջին մեղավորը։ Երբ նման անպատասխանատու հայտարարությունների էիր անում, օրինակ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, դե հիմա ինձ պատասխանիր՝ Արցախը Հայաստա՞ն է, Արցախը Ռուսաստա՞ն է, թե՞Ադրբեջան, Արցախը ի՞նչ է վերջիվերջո։ Տղամարդու կերպարը մեր իրականության մեջ ոչ մեկ չի չեղարկել, եւ իմ խորին համոզմամբ ցանկացած տղամարդ պատասխանատու է իր խոսքերի եւ արարքների համար։ Գնացիր, կանգնեցիր Ստեփանակերտի հրապարակում եւ ասացիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, դե տեր կանգնիր Արցախին, ինչո՞ւ չկանգնեցիր։ Եւ փորձում ես այդ պատասխանատվության մի մասը բարդել բանակի վրա այն դեպքում, երբ բանակը գլադիատորի նման կռվել է։ Կամ մեծ-մեծ խոսում էիր, թե հուլիսյան մարտերը ապացուցեցին, որ ուժի կամ սպառալիքի լեզվով մեզ հետ չեն կարող խոսել, բա հիմա ինչո՞ւ են քեզ հետ այդպես խոսում։ Եթե քեզ հետ են խոսում, ապա մեզ հետ են խոսում նման կերպ։ Ամեն օր նոր անիմաստ խոսքեր է ասում, ինչո՞ւ կպավ «Իսկանդեր»-ից, այդտեղ էլ հարաբերությունները նորից փչացրեց, այստեղ Գլխավոր շտաբի հետ խնդիր առաջացավ, լավ ի՞նչ ես ուզում դու»,- հավելեց նա։

 

Փարսյանի խոսքով` այս իշխանությունը հասցրել է այնպիսի իրավիճակի, որ երկրում խորը ճգնաժամ է, քաղաքական քաոս է, եւ դրա պատճառով այսօր երկրում համակարգը պարզապես չի աշխատում եւ դրանով մեզ օրեցօր տանում է կործանման։

 

«Մեզ մեր երկրում անհրաժեշտ է կայունություն ամենակարեւորը, որն իմ խորին համոզմամբ կբերի համակարգի աշխատելուն, որը հնարավոր է միայն ու միայն Նիկոլ Փաշինյանի եւ իր կառավարության հրաժարականի եւ նոր ընտրությունների դեպքում։

 

Երկրում ծառացած խնդիրներից ելնելով, քաղաքական ճգնաժամային սուղ իրավիճակից ելնելով, Կապան քաղաքում առաջացած հետպատերազմյան իրավիճակից ելնելով եւ օր օրի խորացող ճգնաժամը, պետականության հիմքերի խալխլումը ավելի եւ ավելի է մեզ վճռական դարձնում՝ համոզվելու, որ Նիկոլի եւ իր կառավարության հրաժարականը խիստ անհրաժեշտություն է։

 

Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը Ձեր եղբայրներն ու քույրերն են։ Այդ դեպքում խնդրում եմ Ձեզ՝ որպես բանական մարդը՝ մարդուն, պահանջում եմ՝ որպես երկրիս ներկայիս վարչապետի, կանգնեցրե՛ք մեր հանրապետության գահավիժման ընթացքը, հաստատեք համակարգի անխափան աշխատանք, մտցրեք կայունություն քաղաքական, հասարակական եւ պետական կյանքում։ Այդ ամենը Դուք կարող եք անել միայն ու միայն Ձեր հրաժարականով՝ դրանով իսկ հնարավորություն տալով անցկացնել նոր ընտրություններ։ Առանց Նիկոլ Հայաստան։ Հասկացեք վերջապես, պարոն Փաշինյան, Դուք խանգարում եք, հեռացեք եւ վերջ»,-եզրափակեց նա։